Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնուրույն մի հանրահավաք արեք՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի

Ապրիլ 12,2013 11:08

Հիմա Ր.Հովհաննիսյանին քարկոծելու ժամանակն է: Դեռ երեկ նրան անընդհատ իրենց հարգանքի հավաստիքը մատուցող, նրան մեծարող ու գովաբանող մարդիկ այսօր ամեն ինչ անում են «խորտակված» առաջնորդից հեռու փախչելու համար, որ մոտ ապագայում իրենց հանկարծ Րաֆֆիի հետ չկապեն, եւ իրենք նորից սպիտակ շորերով ասպարեզ գան: Բայց սա միակ նպատակը չէ: Առայժմ հեռու փախչելու եւ իրենց փրկելու փուլն է:

Ահավասիկ. Արկադի Վարդանյանը նշել է. «Րաֆֆի Հովհաննիսյանը ասել էր, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա իր դիակի վրայով. այդպես էլ եղավ, որովհետեւ այսօրվա դրությամբ նա արդեն քաղաքական դիակ է: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ձեւավորված դաշինքն այլեւս տապալված է»:
Ա.Վարդանյանը նշել է նաեւ, թե ամաչում է, որ ինչ-որ ժամանակ Ր.Հովհաննիսյանի կողքին է եղել: Հիշեցնենք, որ սույն գործիչը հանրահավաքների բոցաշունչ հռետորներից էր:
«Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն կատարեց մեր աչքի առաջ: Մենք վաղուց առաջարկել ենք Րաֆֆիին այլընտրանքային իշխանություն, այլընտրանքային ընտրություններ, այլընտրանքային համակարգ: Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով. մենք առաջարկեցինք նրան այդ ճանապարհը. նա չցանկացավ եւ ուզեց միայնակ գնալ իր ուզած ճանապարհով: Շարժումը, իհարկե, կշարունակվի, բայց առանց Րաֆֆիի»,- ասել է «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
Եվս մեկ մեջբերում, այս անգամ Րաֆֆիի «հավատարիմ զինակից», նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դատողություններից. «Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ չկար վստահություն, որ նա կարող է այդ անցումային շրջանը կառավարել, իսկ քաղաքական դաշտում չեղավ միավորում նրա շուրջը»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական հետագա զարգացումներին, ապա Ղուկասյանը նշել է. «Իմ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը` որպես ընդդիմադիր շարժումը տանող, այսուհետեւ ավելի ցածր է լինելու, եւ ավելի կարեւոր է լինելու ավելի շատ ուժեր, մասնակիցներ ներառող, կոլեկտիվ պատասխանատվություն կրող մարդկանց դերակատարությունը»:
Ըստ Ղուկասյանի, շարժման ներկա մակարդակը եղել է Ր.Հովհաննիսյանի կարողությունների մաքսիմումը. «Մենք պիտի դա արձանագրենք եւ շարժվենք առաջ»:
Նկատենք, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը տարբեր պատճառներով նույնպես մեջքով շրջվեցին դեպի Ր.Հովհաննիսյանը։
Ներկայումս ստեղծվել է մի վիճակ, երբ վերը հիշատակված կուսակցությունները, արդեն գումարած նաեւ «Ժառանգությունը», իրենց քաղաքական հեղինակությամբ ներքաղաքական մեծ տեղաշարժեր կատարել չեն կարող:
Բայց ոտքի ելած դժգոհների ալիքը դեռ չի սպառվել, ուստի, առժամանակ այն դեռ լիցքաթափվելու հնարավորություն է փնտրելու, այսինքն՝ առաջնորդող ուժ:
Այժմ անդրադառնանք Ր.Հովհաննիսյանի հետ «դաշինք» կազմած այն «առաջանցիկ» ուժերին, որոնք փոշմանել են, որ սատարել են «Ժառանգության» ղեկավարին: Օրինակ, քաղաքագետ Ա.Վարդանյանը հայտարարում է այդ դաշինքի տապալման մասին: Թե ինչ դաշինք է եղել դա, Աստված գիտե, բայց որ Ր.Հովհաննիսյանի կողքին եղել են տարբեր ուժերի` այսօր հուսախաբ եղած ներկայացուցիչներ, փաստ է:
Այսօր դեպքերի իրենց գնահատականներով ներքաղաքական զարգացումներում ուզում են տեղավորվել հենց այդ ուժերը եւ քաղաքական վակուումի պայմաններում ստանձնել դժգոհների առաջնորդությունը: Հենց սա է վտանգավոր: Պատահական չէ, որ մարգինալները խոսում են առաջ գնալու անհրաժեշտության մասին, բայց առանց Րաֆֆիի:
Եթե սրան ավելացնենք նաեւ հայկական «քաղաքացիական անհնազանդության ռահվիրա» Ա.Ղուկասյանի` առաջ շարժվելու, պայքարը շարունակելու կոչը, ապա պարզ կդառնա այս ուժերի իրական մտադրությունը:
«Ուժ» բառն այստեղ գործածում ենք խիստ հարաբերական առումով, քանի որ խառնակչության գոնե ճիգերը դարձյալ արդյունք չեն տալու, որովհետեւ սրանք քաղաքական ուժեր չեն, իսկ դժգոհներն էլ` ինչքան դժգոհ, արդեն հոգնել են:
Խորհուրդ կտայինք ինքնուրույն մի հանրահավաք անել, առանց Ր.Հովհաննիսյանի, որ մարդիկ տեսնեին` հրապարակում տեղ ու դադար չկա, ու շարժվեին առաջ:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մաքուր says:

    Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:

    Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝

    ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:

    Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930