Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականը փոշմանեց. Մարտի 1-ի հանձնաժողով չի լինի

Ապրիլ 12,2013 10:47

2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը երեկ Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավորների կողմից արժանացավ սուր քննադատության:

Մինչդեռ նախագիծը երեք շաբաթ առաջ դրական եզրակացության էր արժանացել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, որի նախագահ Դավիթ Հարությունյանն այն ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը քննարկել և կողմ է, որ նման կառույց ստեղծվի: Այդ օրվանից հետո կարծես թե ինչ-որ բան է փոխվել, և երեկ հանրապետականները դեմ արտահայտվեցին նախագծին: Նրանց քննադատություններն ակնհայտորեն դուր չեկան Դ. Հարությունյանին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ովքեր հետևում էին քննարկմանը գրեթե անտրամադիր:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հրապարակումներ կային, որ ՀԱԿ-ի առաջադրած այդ նախագծի հետ որոշակի նպատակներ ունեին նաև Դ. Հարությունյանն ու Հ. Աբրահամյանը: Նախագծում նշված է, որ ժամանակավոր հանձնաժողովը ուսումնասիրելու է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության և հատուկ քննչական ծառայության գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նշվում էր, որ ստեղծվող հանձնաժողովի միջոցով Հ. Աբրահամյանը կկարողանա հնարավորինս խաղալ այդ գերատեսչությունների ղեկավարների` Վլադիմիր Գասպարյանի և Աղվան Հովսեփյանի նյարդերի հետ: Հատկապես Վ. Գասպարյանի, քանի որ որոշ տեղեկությունների համաձայն` նրանց հարաբերությունները փայլուն չեն:

Մոտ մեկ ամիս առաջ, երբ ՀՀԿ-ն համաձայնեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, հավանաբար նախապես ունեցել է նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, հակառակ դեպքում որևէ ՀՀԿ-ական, անգամ Հ. Աբրահամյանն ու Դ. Հարությունյանը չէին համարձակվի նման կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել ու դրական եզրակացություն տալ, և ՀԱԿ-ի նախագիծը միանգամից գլխադասային հանձնաժողովի նիստում կմերժեին: Բայց այն որոշակի քննարկումից և լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուց հետո հավանաբար շահագրգիռ կողմերը հասկացել են ԱԺ նախագահի թաքուն մտադրություններն ու դիմադրություն են կազմակերպել: Կարելի է նաև համոզված լինել, որ դիմադրությունը տեղի չէր ունենա, եթե Ս. Սարգսյանը չկռահեր իր կուսակիցների թաքուն մտադրությունների մասին: Եվ ահա, երեկ ԱԺ նախագահն անկումային տրամադրությամբ հետևում էր նախագծի քննարկմանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքները քաղաքականացվելու են, իսկ դա խանգարելու է մասնագիտական աշխատանքին: Մարգարիտ Եսայանը հարց հնչեցրեց, թե արդյոք ժամանակավոր հանձնաժողովը կարո՞ղ է լինել այն մարմինը, որը կարող է բացահայտել մարտի 1-ի սպանությունները: Նրա խոսքով մարտի 1-ի էջը փակված չէ, և այն չի փակվելու անգամ այն դեպքում, եթե դատաիրավական համակարգով բացահայտվեն բոլոր մեղավորները և օրենքի ողջ խստությամբ դատապարտվեն: «Որովհետև, այդ տասը զոհերի արյունը մեր բոլորի խղճի վրա է: ԱԺ-ն կարո՞ղ է հարցին բարոյական լուծում տալ, բայց արդյո՞ք մարտի 1-ի զոհերի հարազատները մեզնից հերթական բարոյական լուծումն են ուզում: Երբեք, այդ մարդիկ բարոյական լուծում չեն ուզում, նրանք ուզում են իմանալ՝ ո՞վ է կրակել իրենց որդու վրա, ո՞վ է սպանել իրենց որդուն, և եթե մենք ստեղծում ենք մի նոր հանձնաժողով, որպեսզի այդպիսով լավամարդ լինենք տասը զոհերի հարազատների առջև, ապա, կներեք, ես այդ հարցում չկամ: Ես կարծում եմ, որ սա ճիշտ չէ, սա ազնիվ չէ»,- հայտարարեց պատգամավորը:

 Արմինե Ավետյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930