Իր երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների։ «Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ։ Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ։ Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»,- ասել էր Սարգսյանը։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին սա հիշեցնելով, խնդրեցինք պատասխանել՝ ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան 26 գնացող ժողովրդի ուղերձն իրենց հասկանալի՞ էր։ «Էդ ժողովրդի ուղերձը մինչեւ այդ էլ էր հայտնի։ Ժողովուրդը մի քանի օր է անընդհատ միտինգ է անում, եւ պետք չի Բաղրամյան պողոտա գնա, որպեսզի մենք տեսնենք, թե ժողովրդի ուղերձը որն է։ Ես իսկի չհասկացա, թե Բաղրամյան 26 ինչի համար էին գնում, կամ ուր էին գնում։ Եթե գնում էին բողոքելու, իհարկե, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, կան խնդիրներ անարդարության հետ, կան խնդիրներ կոռուպցիայի հետ, կան անբարեխիղճ պաշտոնյաներ, աղքատություն կա։ Բնականաբար մարդիկ գնում են նաեւ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։ Բայց այդ ամենը չպետք է լինի ի հաշիվ կայունության։ Խոսքը սրա մասին է։ Խնդիրներ կան, դրանք պետք է լուծել։ Իրար ծեծելով, իրար հայհոյելով, խնդիր չեն լուծում։ Այո, բոլոր ուղերձները տեղ են հասել, եւ մենք էլ պատրաստ ենք նաեւ ձեր օգնությամբ, ձեր քննադատական հոդվածների օժանդակությամբ ավելի լայն բացել մեր աչքերը, որպեսզի ավելի լավ աշխատենք։ Հուսով եմ՝ կստացվի»,- պատասխանեց Է. Շարմազանովը։
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը նաեւ ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պահանջներում ընդունել է Սերժ Սարգսյանի ընտրության փաստը։ «Նա իր պահանջներում առաջ չի քաշել կրկնակի ընտրության հարցը։ Իր պահանջների մեջ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ չկար, երկրորդ փուլի՝ նույնպես»,- ասաց պատգամավորը։
Ի գիտություն հանրապետական գործչի՝ նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի ասել, թե ընդունում է Սերժ Սարգսյանի ընտրությունը։ Ավելին, Հովհաննիսյանը բազմիցս, օրինակ՝ մարտի 22-ի հանրահավաքում, հայտարարել էր, թե պահանջյյւմ է անցկացնել նոր արտահերթ նախագահական ընտրություններ։
Կարդացեք նաև
Գ. Ա.
«Հայկական ժամանակ»