Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական տրանսպորտը՝ ոստիկանության շահերին

Ապրիլ 12,2013 10:31

Ապրիլի 9-ին Երեւանը սպասարկող մի քանի երթուղային տաքսիներ, մարդկանց տեղափոխելու փոխարեն, սպասարկում էին ոստիկանությանը։ Այդ օրը ճանապարհներին, Բաղրամյան պողոտայում, Գիտությունների ազգային ակադեմիայի հարեւանությամբ կանգնած էին ոստիկաններով լցված երթուղային տաքսիները։ Ոստիկանական ուժերին հիմնականում տեղափոխում էին 5 եւ 63 համարի երթուղայինները։

Նշենք, որ 5 համարը սպասարկում է Ավան-15-րդ թաղամաս, իսկ 63-ը՝ Նոր Նորք-Հարավ-արեւմտյան թաղամաս երթուղիները։ Այդ օրը ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներից մեկը՝ Կարեն Հարությունյանը, մեզ պատմեց, որ մի քանի անգամ քաղաքի տարբեր հատվածներում տեսնելով ոստիկաններ տեղափոխող երթուղայիններ, մոտեցել է, հետաքրքրվել է, թե ինչու են հասարակական տրանսպորտը ծառայեցնում ոստիկանությանը, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացել։

«Սարյան պուրակի հետեւի փողոցում մի 5-6 այդպիսի երթուղային էր կանգնած, մեջը ոստիկաններ էին նստած։ Ես դուռը բացեցի, հարցրի, թե ովքեր են, չպատասխանեցին։ Վարորդը քաղաքացիական հագուստով էր, հավանաբար, ոստիկան չէր։ Բայց երբ ես հարցրի, ասաց, որ ոստիկան է, հարցրի, թե ինչու համազգեստով չի։ Խնդրեցի ներկայանալ, բայց ոչ մեկը չներկայացավ, նկարելուց էլ դեմքները փակում էին»,- պատմեց Կարենը։

Նույն իրավիճակին հանդիպել էր նաեւ Բաղրամյան պողոտայում։ «Երբ դուռը բացեցի ու հարցրի, թե ինչ գործ ունի ոստիկանությունը հասարակական տրանսպորտի մեջ, ոստիկաններից մեկն ասաց, թե իրենն է երթուղայինը։ Ու այդպես էլ ոչ ոք ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց»,-ավելացրեց ակտիվիստը։

Նշենք, որ ապրիլի 9-ի ուշ երեկոյան, երբ երկար բանակցություններից հետո Բաղրամյան պողոտան բացվեց, եւ ժողովուրդը հնարավորություն ստացավ քայլել դեպի նախագահական, այդ ժամանակ եւս տեսանք, որ հենց Ազգային ժողովի դիմաց շարքով մի քանի 5 համարի երթուղային էր կանգնած։ Նշենք, որ այդ ժամանակ պողոտան մի քանի ժամ շարունակ փակ էր, եւ ոչ մի տրանսպորտային միջոց այդտեղով չէր անցնում։ Փոխարենը՝ լեփ-լեցուն էր ոստիկաններով։ Ինչը եւս ապացուցում է, թե այդ երթուղայիններն ինչ նպատակով էին օգտագործվում։

Այս հարցի հետ կապված՝ դիմեցինք ոստիկանություն, խնդրելով պարզաբանել, թե ինչու էր ապրիլի 9-ին ոստիկանությանը տեղափոխում հասարակական տրանսպորտը։ Երկու օր շարունակ սպասելուց հետո մի ցնցող պատասխան ստացանք։ Պարզվում է՝ ապրիլի 9-ին ոստիկաններն ընդամենը սովորական քաղաքացիների պես երթեւեկել են հասարակական տրանսպորտով։ «Ոստիկաններն էլ են մարդ եւ բոլորի պես օգտվում են հասարակական տրանսպորտից»,- պատասխանեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։

Իսկ թե ինչու էին քաղաքով երթեւեկող ոստիկանները ժամերով դարանակալել քաղաքի տարբեր հատվածներում կամ, ասենք, ինչու մնացած օրերին այդքան ոստիկան միանգամից հասարակական տրանսպորտ չի բարձրանում, այդպես էլ պարզ չդարձավ:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930