ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, ով Հայաստանում էր գտնվում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր Ղազարյանցը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը:
Ամփոփելով Սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները՝ Արա Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ առավել արդյունավետ և շոշափելի են դարձել Սփյուռքին հետ տարվող աշխատանքները: Քննարկվեցին համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013թ մրցանակաբաշխության կազմակերպչական հարցեր:
Հ. Հակոբյանը հյուրերին ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: Քննարկվեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները:
ՀՀ սփյուռքի նախարարություն