Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են երեք ծանրորդներ:
Հայկական ծանրամարտի համար ավանդաբար ուժեղ 77 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը: 18-ամյա մարզիկը, որն ամենակրտսերն էր մրցակիցների մեջ, պոկում վարժությունում 160 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի: Ավելի համառ պայքար ծավալվեց հրումում, հետեւաբար, նաեւ՝ երկամարտում: Սկսելով 180 կիլոգրամից՝ Անդրանիկը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 185 կիլոգրամը, սակայն երրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց արդեն 186 կիլոգրամանոց գործիքը (5-րդ արդյունք) եւ երկամարտում ցույց տվեց 346 կիլոգրամ, նույնքան, որքան ռումինացի Ռազվան Մարտինն ու մոլդովացի Ալեքսանդր Սպակը:
Եվ այստեղ չար կատակ խաղաց անձնական քաշը: Հայ մարզիկը մրցակիցներից ծանր լինելու պատճառով բավարարվեց 4-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ