ՀՀԿ գործադիր մարմնի քիչ առաջ ավարտված նիստում կադրային հարցեր չեն քննարկվել:Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Սահմանադրության համաձայն, առաջիկա 9-ը օրերի ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, ապա, մայիսի 5-ից հետո, արդեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո, պետք է ձեւավորվի կառավարության նոր կազմը:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԳՄ այս նիստում քննարկվել են ավագանու ընտրություններին վերաբերվող կազմակերպչական հարցեր, որպեսզի ապահովվի համախմբված աշխատանք` արդյունքում ունենալով ՀՀԿ-ի հաղթանակ: ՀՀԿ-ի մարտավարությունը ուղղված է լինելու ոչ թե ինչ որ քաղաքական ուժի դեմ, այլ հանուն լավ Երևանի ու մայրաքաղաքի :
«Իշխանության դեմքը պետք է փոխվի ,առաջին հերթին գործելաոճը և փոփոխություն ասելով մենք ի նկատի չունենք մեխանիկական փոփոխություններ ,մենք ի նկատի ունենք բովանդակային փոփոխություններ,որի մասին ՀՀ նախագահը շատ հստակ նշեց երդմնակալության ժամանակ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Շարմազանովը չի զարմանում եւ նույնն էլ խորհուրդ է տալիս լրագրողներին` ՀՀԿ-ին ուղղված ընտրություններին մասնակից մնացյալ ուժերի քննադատությունից. «Ինչպես նախկինում, հիմա ևս այս ընտրություններում պայքար կգնա ոչ միայն Երևանի բնակչության քվեին արժանանալու համար, այլ ոչ պակաս պայքար կգնա ընդդիմադիր էլեկտորատին տիրանալու համար: Այդ իմաստով տեսնում ենք շատ լուրջ փոխհրաձգություն տարբեր ոչ իշխանական քաղաքական թիմերի միջև»:
Բավարարելով լրագրողների հետաքրքրությունը՝ Շարմազանովն ասաց, որ նախագահը բարձր տրամադրություն ունի, քանի որ «ՀՀ նախագահը իրավունք չունի ունենալ ցածր տրամադրություն»:
Նա նաեւ հավելեց, որ ի տարբերություն ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր և այլընտրանքային գործիչների, Սերժ Սարգսյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը տրամադրության մարդ չէ և առաջնորդվում է ոչ թե պահի ազդեցությամբ, այլ պետական շահի գերակայությամբ: Իսկ ապրիլի 9-ին, ըստ Շարմազանովի, ի հեճուկս որոշ ուժերի եւ գործիչների, թե մեր հասարակության մեծամասնությունը, ինչու չէ, նաև ընդդիմության լիդերը ցույց տվեցին, որ իրենք գնում են ոչ թե ցնցումների ճանապարհով, այլ երկխոսության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ