Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վավերագրական ֆիլմերի փառատոն՝ Կապանում եւ Քաջարանում

Ապրիլ 11,2013 23:05

Այսօր Կապան քաղաքում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 13-ը:

Սյունիքի մարզում փառատոնի կազմակերպիչ  «Երկյակ» ԵՀԿ նախագահ Արմեն Դավթյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի Կապան եւ Քաջարան քաղաքներում: «Այսօր եւ վաղը վավերագրական ֆիլմեր կներկայացվեն կապանցի հանդիսատեսի համար, իսկ ապրիլի 13-ին՝ քաջարանցիների համար: Կներկայացվի 6 ֆիլմ, որոնց ընտրությունը  կազմակերպությունն է կատարել՝ հաշվի առնելով թեմայի արդիականությունը  եւ տարածաշրջանի բնակչության հետաքրքրությունը դրանց վերաբերյալ: Փառատոնի շրջանակներում ներկայացվող ֆիլմերն առնչվում են մարդու իրավունքների, հասարակության ինտեգրման, կոնֆլիկտների լուծման եւ այլ թեմաներին, որոնց ցուցադրությունից հետո նախատեսվում է տեղում քննարկումներ կազմակերպել ֆիլմի եւ ընտրված  թեմայի վերաբերյալ», – ասաց Արմեն Դավթյանը:

Կապանում փառատոնի առաջին օրը հանդիսատեսին ներկայացվեց 2 ֆիլմ՝ «Դրոնան եւ ես» եւ «Վերջին գնացքով վերադարձ դեպի տուն»: Փառատոնին որպես հյուր ներկա գտնվող կինովավերագիր, լրագրող Վարդուհի Սիմոնյանը կարեւորեց փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումները մեր օրերում: «Աշխարհն արդեն  հասկացավ, որ մեծ գումարներ եւ ճոխ կրիչներ պետք չեն փաստավավերագրելու համար ճշմարտությունները, եւ բազում պատվավոր փառատոններին մասնակցեցին սովորական հեռախոսով արված ֆիլմեր եւ այդ ֆիլմերը շահեցին: Դա նշանակում է, որ դուք բոլորդ կարող եք վերցել ցանկացած կրիչ եւ փաստավավերագրել այս աշխարհում տեղի ունեցող շատ կարեւոր իրադարձությունները: Եթե մենք խաղարկային կինոյի համար չունենք համապատասխան բյուջեներ, քանի որ դրանք թանկ հաճույք են եւ մեծ հաշվով հարուստ երկրների մենաշնորհը, ապա փաստավավերագրությունը կարող է լինել Հայաստանի համար թիրախային, եւ հատկապես լեռնային շրջաներում ապրող երեխաները պետք է անպայման հեռախոսով, ձեռքի եղած կրիչով շրջեն, որովհետեւ այստեղ՝ այս աշխարհում, այնքան բան կա նկարելու… Մեկ երազանք ունեմ, որ մարդիկ այստեղ շատ նկարեն, դա շատ կարեւոր է», – նշեց Վ. Սիմոնյանը:

Հայաստանում մարզային փառատոններն անցկացվել են նաեւ   Նոյեմբերյանում, Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում: Իսկ վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնները նախաձեռնել է  չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տարածաշրջանային «Ինտերնյուս» և «Սակդոկ» գործընկերներ կազմակերպությունների եւ տեղական հ/կ-ների հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և Չեխական զարգացման գործակալության կողմից:    CAUCADOC ծրագրի շրջանակներում  կազմակերպված փառատոնը մարտ-ապրիլ ամիսներին  միաժամանակ  անցկացվում է նաեւ Վրաստանում ու Ադրբեջանում:

Ֆիլմերը «Մեկ աշխարհ» կինոփառատոնի  ֆիլմերի  ցանկից են ընտրված եւ նկարահանված են աշխարհի  տարբեր երկրներում, որոնք վերաբերվում են միգրացիայի, քաղաքական վարչակարգերի, մարդու իրավունքների և այլ թեմաներին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930