Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքմաջյանը՝ Վոլոչկովայի եւ Տարոն Մարգարյանի աներձագի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 11,2013 22:54

Հովհաննես Թոքմաջյանի համար Վոլոչկովայի այցը հաճելի է եղել:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ամենաշատը այս տարիների գործունեության ընթացքում քննադատել են 2 քայլի համար՝ խոսքը Վոլոչկովայի այցի եւ նրա աներձագի պատգամավոր դառնալու պատմության մասին է:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ի ավագանու ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող պրոֆեսոր, ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը վստահեցրեց, որ Վոլոչկովան եւ ընդհանրապես արվեստի հետ կապված մարդկանց այցը Երեւան չի կարող վնասակար ազդեցություն թողնել: Ավելին, նա գտնում է, որ այդ բնագավառից այլ հյուրերի էլ կարելի էր հրավիրել եւ վերականգնել նախկին համերգային, թատերական ավանդույթները մայրաքաղաքում:

Մեր հարցին, որ նրանք «ձրի» չեն գալիս՝ Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ դրա ֆինանսական չափերից եւ ձեւերից, բայց իմ հրավերով աշխարհահռչակ գիտնականներ գալիս էին այստեղ ձրի դասախոսություններ էին կարդում: Հիմա էլ են գալիս նկարիչներ…Ես չեմ կարծում, որ սրանք այնպիսի խնդիրներ են, որոնք առանցքային դեր ունեն, որի մասին կարելի է  խոսել: Ինձ համար հաճելի է ընդհանրապես, որ այդպիսի մարդիկ գալիս են»: Մենք ճշտեցինք՝ Վոլոչկովայի այցը հաճելի՞ էր, պարոն Թոքմաջյանը պատասխանեց. «Նմանատիպ բոլոր այցերը Հայաստան ինձ համար հաճելի են: Մանավանդ ես ռուսաստանյան բուհերի ասոցիացիայի նախագահն եմ Հայաստանում, եւ ինքս կարծում եմ, որ այդ կապերը մշակույթի ներկայացուցիչների հետ մենք պիտի գնալով ավելացնենք»:

Ինչ վերաբերում է աներձագին, պարոն Թոքմաջյանը հարց ուղղեց. «Իսկ ինչո՞վ նրա աներձագը իրավունք չուներ առաջադրվելու՝ որպես ՀՀ քաղաքացի: Գիտեք, այդ բանը մեր ժողովրդի մեջ շատ կա, եւ բոլորս էլ մեր կաշվի վրա զգացել ենք: Իմ օրինակով բերեմ, որ  ոչ մեկը չնեղանա: Երբ որ ես թեկնածուական ատենախոսություն էի պաշտպանում,  բոլորն ասում էին, որ իմ հայրը ինձ սարքեց գիտության թեկնածու, ատենախոսություն արեց եւ այլն: Անցավ ժամանակ, երբ որ հայրս երկար տարիներ արդեն չկար, երբ որ ես դոկտոր էի դառնում, այդ մասին չէին խոսում, հիմա հակառակն են խոսում, որ ես դա անում եմ իմ մոտիկների համար: Դա, գիտեք ինչ, շարունակականության խնդիր էլ կա: Ես չեմ ուզում քաղաքական գնահատականների մեջ մտնել, եւ միանշանակ չեմ ընդունում այն, ինչ ասում են: Երբ ես մեկին ձայն եմ տվել, ապա ինձ թվում է, թե բոլորը նրան են ձայն տվել: Բոլորի մոտ դա կա: Գնահատական են տալիս արդյունքները»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ավագանու ընտրություններում ընտրակաշառք լինելո՞ւ է: Պարոն Թոքմաջյանը վստահեցրեց, որ ինքը դեմ է ընտրակաշառքներին եւ ամեն ինչ արել է, որ իր բուհում դա չլինի. «Ես կարծում եմ, կաշառքը մարդուն, երկրին փչացնող, հետ գցող ամենավատ ձեւն է: Չեմ ընդունում եւ չեմ ուզում անգամ մտածել, որ որեւէ բանում դա կարող է արդարացում ունենալ: Մենք պիտի ամեն ինչ անենք, ժողովուրդն ինքը պատրաստ չի բոլոր մարտահրավերներին, անցումային ժամանակաշրջան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930