Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 98 տարի առաջ, սակայն այն խորը նստած է տեղի հայերի հիշողության մեջ: Գրում է «Փեթչ» պարբերականի Վոթերթաուն քաղաքի բաժինը:
Ամեն տարի Վոթերթաունում Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը նշում են Ցեղասպանության տարելիցն, ինչպես նաև հրավիրում այլ համայնքների ներկայացուցիչների, որոնք նույնպես ցեղասպանություն են վերապրել:
Ապրիլի 24-ի փոխարեն թանգարանի միջոցառումը տեղի կունենա կիրակի, ապրիլի 21-ին: Միջոցառմանը նաև կհարգեն Կամբոջայի և Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության զոհերի հիշատակը, ասել է ԱՀԳԹ-ի համադրողի օգնական Հաուեյդա Աբու Աֆանը:
«Ցեղասպանությունը մեծ նշանակություն ունի հայերի համար», – ասել է Աբու Աֆանը, – «Այն դարձել է հայկական մշակույթի մի մեծ մասը»:
Կարդացեք նաև
Միջոցառման ժամանակ Հարավային Քոնեքթիքուտ համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը կխոսի Հայոց ցեղասպանության թողած հետևանքների մասին:
Միջոցառմանը ելույթ կունենան նաև Կամբոջայի ցեղասպանությունը վերապրած Քոուիթ Քրեթը և Մասաչուսեթսի «Հանուն Դարֆուրի փրկության» դաշինքի նախագահ Էրիկ Քոհենը:
Անցած տարի ԱՀԳԹ-ն հրավիրել էր նաև ուկրաինական և իռլանդական համայնքների անդամների՝ Ուկրաինայի ցեղասպանության և Իռլանդիայի սովի զոհերի հիշատակը հարգելու:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ