Կառավարությանն առաջարկվում է գնել «Արմավիայի» բաժնետոմսերից, կամ էլ փող տալ: Այս հարցերը քննարկվեցին հանրային խորհրդում:
«Արմավիա» ավիաընկերության սնանկացման հիմնական պատճառը սխալ մենեջմենթն է, եւ թեեւ վերջերս տարբեր մասնագետների կողմից այս կարծիքը հնչել է, այսօր սա հաստատեց նաեւ «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելույանը` հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ:
Բացի այս խնդիրը, պարոն Բելույանը նշեց մի քանի ռուսական, իր խոսքերով ասած` ռուսական գիգանտ ընկերություններին, որոնց հետ Արմավիան չկարողացավ մրցակցել: Պարոն Բելույանի կարծիքով՝ շատ լավ կլինի, որ պետությունը հայկական ավիաընկերության 51% եւ ավելի բաժնետոմսեր ունենա. «Կարծում եմ Արմավիան մրցունակ կլինի եւ պետությունը բաժնետոմսեր գնի»:
Կարդացեք նաև
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում «Արմավիայի» փրկությունը, կառավարությունը բաժնետոմսեր գնի՞, թե ՞ ուղղակի բյուջեից գումար հատկացնի, այս հարցին հստակ պատասխան չհնչեց. որոշվեց առաջիկայում քննարկել, թե որ տարբերակն է հարմար:
Քննարկմանը ներկա էին «Արմենիա միջազգային օդանավակայնների» գլխավոր մենեջերն ու տնօրենը, որոնք վստահեցրին, որ այն կարծիքները, թե «Զվարթնոցի» ծառայությունների գները բարձր են, ճիշտ չէ, իրականում իրենք «Արմավիային» տարիներ շարունակ մեծ զեղչեր են արել: «Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն ասաց, որ եթե շուկան շիտակ ղեկավարվի, ամեն ինչ հրաշալի կլինի, իսկ ավիաընկերությունում պետության մեծ մասնաբաժին ունենալու կարծիքին էլ, գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ դա 20-30 տարով հետ գնալու նման մի բան է:
Նշենք, որ հանրային խորհրդում քննարկվում էին «Արմավիա» ավիաընկերության սնանկացման պատճառները, եւ առհասարակ անհրա՞ժեշտ է ազգային փոխադրող ունենալ, կամ ասենք` պետական ավիափոխադրող, մասնավոր ավիափոխադրողի բաժնետոմսերի մաս պե՞տք է պետությունն էլ ունենա՞, թե ոչ:
Քննարկմանը ներկա Արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը ունեցել է պետական ավիափոխադրող` «Հայկական ավիաուղիները», որը, պարոն Ղազարյանի խոսքերով ասած` խայտառակ բանկրոտ եղավ, հետո ունեցանք մասնավոր, բայց սա էլ տխուր հետեւանք ունեցավ: Ըստ պարոն Ղազարյանի, լավագույն մեթոդը շուկան ազատականացնել` «Բաց երկինք» ծրագրին միանալ, եւ եթե գնանք պետական ավիաընկերություն ունենալու ճանապարոհով, ապա պետք է դրա կառավարումը տալ միջազգային պրոֆեսիոնալ ընկերությանը` կոնցեսիոն կառավարման եղանակով, ինչպես «Զվարթնոցի» դեպքում է:
Քննարկմանը հրավիրված էր նաեւ «Կռունկ էյր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը: Այս ընկերության մասին վերջերս խոսվում է, որ փորձ է կատարում քաղավիացիայից լիցենզիա ստանալ թռիչքներ իրականացնելու: «Կռունկ էյրի» տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ քննարկման ժամանակ վստահեցրեց, որ առայժմ չեն դիմել քաղավիացիային` լիցենզիայի համար, սակայն 750 միլիոն եվրոյի ներդրում կարող են կատարել: Այս հայտարարությանը քմծիծաղով արձագանքեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Այս քննարկման ժամանակ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Ադբաշյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայստանին անհրաժեշտ է օդային օրենսգիրք, ինչի հետ չհամաձայնվեց պարոն Մովսիսյանը,, վստահեցնելով, որ քաղավիացիայի մասին մեր օրենքը աշխարհի լավագույն օրենքներից է: Իսկ ինչ վերաբերում է այն պնդումներին, թե քաղավիացիան, այսպես ասած` ձեռք չի մեկնել «Արմավիային», պարոն Մովսիսյանն ասաց`ճիշտ չէ, որ մենք չենք ուզել օգնել «Արմավիային». Ֆինանսական աջակցության համար էլ ավիաընկերությունը մեզ չի դիմել:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ առաջարկեց բոլոր շահագրգիռ կողմերը միասին քննարկեն խնդիրը եւ ընդհանուր եզրակացությունը 10 օրվա ընթացքում ներկայացնեն կառավարությանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ