ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ ոստիկանությունը վախենալու հիմքեր չուներ:
Ապրիլի 9-ի իրադարձությունների օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ժամը 6-ին նորից հավաքվելու մասին, ինչպես տեղեկացրել ենք, մի խումբ ակտիվիստներ շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս որեւէ փողոցից մուտքը Բաղրամյան: Այդ խուճապային իրադրության մեջ՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում հանկարծ նկատեցինք ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանին եւ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին: Հիշեցնենք, որ նրանք երբեք Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքը չեն կանգնել: Ավելին՝ Գուրգեն Եղիազարյանը բազմիցս է վստահեցրել, որ իրեն հարգող ոչ մի մարդ երբեք չի կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Aravot.am-ի զարմանքին, թե ի՞նչ եք անում այստեղ երդմնակալության օրը՝ շարժման մասնակիցների հետ, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց. «Հեչ, մեր գրասենյակը Բաղրամյանի վրա է, ուզում ենք գնանք, չեն թողնում»:
Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ խոչընդոտ չի տեսնում գրասենյակ հասնելու համար, ուղղակի փորձում են հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում. «Վերջին հաշվով մեր ժողովուրդն է այստեղ, եւ իրականում խոչընդոտներ են ստեղծվում, հավանաբար դեպի նախագահական են գնում: Ոստիկանությունը վախեցած է, բայց չեմ կարծում, որ այդքան հիմքեր ունի վախենալու: Սերժ Սարգսյանն իր երդմնակալությունն անցկացրել է, ժողովուրդն իր դժգոհությունն է արտահայտում, ոստիկանությունն էլ փորձում է այդ դժգոհությունը մեղմել կամ սաստել, որը բնականաբար նրան չի հաջողվելու: Անկախ նրանից, թե ով է տանում այս շարժումը, ժողովուրդն իր դժգոհություն արդեն արտահայտել է ընտրությունների արդյունքում, իր անվստահությունը եւ շարունակում է պայքարել իր իրավունքների համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ