ԲՀԿ պատգամավորը զգուշացնում է, որ եթե Մարտի 1-ի հանձնաժողովի քննարկմանը ԲՀԿ-ի դեմ սլաքներ ուղղեն, հարցը քաղաքականացնելու է:
«ԲՀԿ-ն կողմ է եւ կողմ է քվեարկելու այս հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: ԲՀԿ-ի համար կարեւոր է, որ բոլոր այն հարցերը, որոնք այսօր կան հանրության շրջանում՝ Մարտի 1-ի հետ կապված, ստանան իրենց պատասխանները»,- այսօր ԱԺ-ում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես ցավոք սրտի Նոստրադամուսը չեմ: Ի տարբերություն այստեղ պարզվեց 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների, որոնք հայտարարեցին, որ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, հանձմաժողովից սպասելիքներ չպիտի ունենալ, սա քննչական մարմին չէ: Կրկնում եմ, ես Նոստրադամուսը չեմ, ուստի կանխակալ հնչեցնել գնահատական, թե ինչի կհասնի հանձնաժողովը, ինչ արդյունքներ կարձանագրի, ես չեմ կարող: Բայց որ պիտի տանք հնարավորություն, որ խորհրդարանը որպես քաղաքական մարմին, որպես մարմին, որը պարտավոր է անմիջապես, օպերատիվ արձագանքել հանրության ձայնին, իսկ հանրության մեջ, այո, մնում են մինչեւ առ այս պահը Մարտի 1-ի հետ կապված բազում հարցեր, որոնց խորհրդարանը պարտավոր է արձագանքել, մենք այդ հնարավորությունը պարտավոր ենք տալ: Ես այդքան չէի ահաբեկվի, ամեն ինչ անեի, որ քաղաքական ոչ մի մոտիվացիա, ոչ մի քննարկում հանկարծ չլինի: Փորձենք ամեն ինչ պահել իրավական դաշտում: Ես համաձայն եմ հարակից զեկուցողի հետ, որ պետք չէ քաղաքականացնել այս հարցը: Բայց ասել, որ քաղաքական ամբիոնից չպիտի հնչեն քաղաքական հարցադրումներ, օրինակ, որպես ԲՀԿ պատգամավոր ինչո՞ւ չպիտի հարցս ուղղեմ քաղաքական տարբեր թատրոնների, նրանց ենթակայության տակ գործող տարբեր թերթոնների եւ թերթոնիկների, որոնք ողջ այս ընթացքում փորձում են Մարտի 1-ի հետ կապված տարբեր սլաքներ ուղղել դեպի ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների: Կներեք, ես այդ հարցերը անպայմանորեն բարձրացնելու եմ»:
Անդրադառնալով նախորդ հանձնաժողովին՝ դարձյալ Մարտի 1-ի հարցերի, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ասել այդ հանձնաժողովը ոչինչ չի արել՝ ազնիվ եւ արդար չի լինի, բայց ասել, որ այն լուծեց իր առջեւ դրված գերագույնն խնդիրները, նույնպես ազնիվ եւ արդար չէ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ