Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե`«Տարոն ջան, սիրուն չի», այլ` «Հասմիկ ջան, սիրուն չի՞»

Ապրիլ 11,2013 20:01

 

Տարոն Մարգարյանը` Փակ շուկայի մասին:

 

«Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ քաղաքաշինական ծրագիրը: Օրակարգային խնդիր է մեզ համար եղել չորս տարիների ընթացքում: Երեւան քաղաքում մենք ունենք բազում պատմամշակութային հուշարձանային շենքեր, որը պետք է լինի քաղաքային իշխանության կողմից ամենօրյա հսկողության տակ: Եվ մենք պետք է պահպանենք դա` մեր բնակիչների հետ միասին: Ամեն ինչ պետք է կատարվի մեր կողմից, որ եղածը պահպանենք: Մեր ծրագրերում ընդգծել ենք հետեւյալը` փոքր կենտրոնում ունենանք նոր հայեցակարգ, նոր օրենք, որ կարողանանք այդ վերահսկողությունն ավելի պատշաճ իրականացնել: Բազում հարցեր են մնացել վերջին 10 տարիների ընթացքում` պատմամշակութային հուշարձանների կապակցությամբ, եւ այդ օրենքն ունենալուն պես մեր կողմից կլինի վերահսկողություն, եւ փոքր կենտրոնում չենք ունենա կառուցապատումներ, քանի որ Երեւանի ճարտարապետական դիմագիծը պետք է պահպանել: Եվ դա մեր` երեւանցիների սուրբ պարտականությունն է: Ավելի լավ Երեւան ունենալու համար պետք է հինը պահպանել եւ նորովի շարժվել առաջ»,- այսօր Արաբկիր վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպումից հետո Aravot.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց` արդեն երկու տարի է՝ Երեւանի պատմամշակութային հուշարձաններից մեկի` Փակ շուկայի կառուցապատման շուրջ աղմուկ է բարձրանում. Քաղաքաշինական խորհուրդը, մշակույթի նախարարությունը, Երեւանի ավագանին` իր գլխավորությամբ, անվանի արվեստագետները հարցն անընդհատ բարձրացնում են, բայց ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շարունակում է իր ճաշակին ու պատկերացումներին համապատասխան կառույցի վերաձեւվվումը:

Տարոն Մարգարյանն ասաց, որ որպես քաղաքապետ իր բոլոր լիազորությունները կատարել է` երկու անգամ վարչական տույժի է ենթարկել կառուցապատողին, վերգետնյա շինարարությունը դադարեցվել է. «Դա, իրականում, բոլորիս համար ցավոտ հարց է, դրա համար նաեւ մենք օրենքն ընդունելով` կկարողանանք նաեւ նման խնդիրներից զերծ մնալ»: Հիշեցրեց, որ մշակույթի նախարարությունում նոր նախագիծն է քննարկվում եւ վստահեցրեց, որ թույլ չի տրվի, որ այդ պատմամշակությին կառույցից ինչ-որ այլ բան կառուցվի. «Նույն սեփականատիրոջը մենք պետք է ստիպենք, որ վերականգնի Փակ շուկան»: Նկատեցինք, որ իրականությունն այն է, որ կառույցի արտաքին տեսքն արդեն աղճատվել է: Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Վերջին ամիսներ ընթացքում ոչ մի վերգետնյա կառուցապատման աշխատանք չի կատարվել: Հիմա կատարվում է ստորգետնյա, ավտոկայանատեղեր են կառուցում, թույլտվությունն ունեն, որը հուշարձանային շենք չի համարվում եւ կարող են իրականացնել»:

Տարոն Մարգարյանին հիշեցրեցինք Մաշտոցի պուրակի պատմությունը եւ հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, այս դեպքում էլ, իր մի շրջայցի շրջանակներում նախագահ Սարգսյանն անդրադառնա Փակ շուկայի խնդրին ու դարձյալ նախատի իրեն՝ «Տարոն ջան, սիրուն չի»: Դիտարկումն ակնհայտորեն դուր չեկավ վերջինիս, բայց այսպես արձագանքեց. «Պատմամշակութային շենքերը Երեւան քաղաքում են, բայց քաղաքապետարանի ենթակայության տակ են, իրենց մասնագետների վերահսկողության տակ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նախ ոչ թե՝ սիրուն չի, այլ,՝-Տարոոոն, մատտաղտ տառնամ բալա, սուրուն չի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930