Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ավելի շատ կսիրեմ սրանից հետո». Հիասթափված աղջկա պատմություն

Ապրիլ 11,2013 18:10

«Այն, ինչ ես արեցի, սթրեսի արդյունք էր, ես ինձ ներել եմ դրա համար, բայց նրան չկարողացա ներել»,-ասում է 22-ամյա Սրբուհի Գրիգորյանը: Պատմում է՝ սովորում էր առաջին կուրսում, երբ հանդիպում է Սամվելին՝ Օպերայի հարակից տարածքում: «Ընկերուհիներիս հետ զբոսնում էի, իսկ նա մենակ էր, նկատեցի նրան ու մտածեցի, որ սիմպո տղա է, բայց այլևս ուշադրություն չդարձրեցի և միայն մեկ ժամ անց, երբ Կասկադում էինք, հասկացա, որ նա սկսել էր հետևել ինձ»:

Երբ աղջիկը հրաժեշտ է տալիս իր ընկերուհիներին, մոտենում է տղան ու ասում. «Ուզում եմ Ձեզ մի բան ասել, ինձ շատ եք դուր եկել, ուզում եմ շփվել Ձեր հետ՝ կապ չունի հետո ընկերություն կանենք, թե կմնանք ընկերներ, պարզապես ինձ վրա շատ դրական ազդեցություն թողեցիք, կուզենայի ճանաչել Ձեզ»: Երկար բանակցություններից հետո Սրբուհին հրաժեշտ է տալիս նրան ու գնում, բայց ընդհանուր հայտարարի չեն գալիս. «Անկեղծ՝ ես շփվելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց մտածում էի ` գուցե նա ևս այդպես է ներկայացնում, բայց իրականում վատ կարծիք կկազմի իմ մասին, դրա համար էլ մերժեցի, բայց այնպիսի ձևով «չէ» ասեցի, որ դրա տակ «հա» հասկանա»,-հիշում է նա:

Երեք ամիս անց նրանք արդեն միասին էին: Սրբուհին խոստովանում է՝ այդ ընթացքում շատ է տանջել նրան: «Պատահել է, որ մի անգամ նրան ստիպել եմ լաց լինել, երբ խաբել եմ՝ ասելով, թե ուրիշին եմ սիրում: Պատահում էր նաև, որ զանգում էր ու ժամերով խնդրում էր հանդիպել ինձ, վերջնական պատասխան էր ուզում , իսկ ես միշտ ձգձգում էի:
Այնուամենայնիվ, Սրբուհին, տեղի տալով նաև իր զգացմունքներին, տալիս է իր համաձայնությունը: Սկսում են ավելի երկար հեռախոսային զրույցներ ունենալ և ավելի հաճախ հանդիպել: Տղան նրան ծանոթացնում է իր ծնողների հետ, ովքեր շատ լավ են ընդունում աղջկան և ժամանակի ընթացքում նույնիսկ «հարսիկ» կոչում. «Կարծես իմ հարազատ ծնողները լինեին, նրանց շատ-շատ էի սիրում: Եթե ազատ ժամանակ էի ունենում, գնում էի նրանց տուն»,-հիշում է աղջիկը:
Սրբուհու համար խաղաղ և երջանիկ կյանքը Սամվելի հետ ընդամենը երկու տարի է տևում: Նրա խոսքով ՝ չնչին առթի պատճառով լրջորեն վիճում են, որ էլ հանգեցնում է իրենց հարաբերությունների վատթարացման: Մի օր էլ տղան ասում է, որ հոգնել է միմյանց չհասկանալուց, որ ավելի լավ է այլևս ընկերություն չանեն: Ապշահար Սրբուհին, չի դիմանում հարվածին: Պատմում է. «Ես նրան ժամերով խնդրում էի, որ չլիքի ու մենակ չթողնի ինձ, ախր երկու տարին այնքան էլ քիչ չէ, դու կապվում ես մի մարդու հետ, նա դառնում է քո առօրյան, իսկ դրանից հրաժարվելը բարդ է՝ մանավանդ երբ չես ուզում, երբ շատ-շատ ես սիրում» :
Սրբուհին խնդրում է Սամվելին հանդիպել, միասին խոսել և հայտարարի գալ. գուցե հնարավոր լիներ սերը փրկել: Հանդիպում են… արցունքն աչքերին աղջիկն աղաչում է իր նկատմամբ այդպես դաժան չգտնվել. «Ասացի, որ գոնե մեկ անգամ զիջող գտնվի, չէ՞ որ սիրել է ինձ, ծանոթացրել իր ծնողների հետ կամ գոնե երկու շաբաթ էլ միասին լինենք , իսկ դրանից հետո կարող է հեռանալ, քանի որ 4 օրից իմ քննություններն էին սկսվելու , իսկ ես անվճար էի սովորում, չէի ուզում, որ որևէ բան ազդեր գնահատականներիս վրա, բայց նույնիսկ այդ խնդրանքս չկատարեց, չէի պատկերացնի, որ այդքան վատն է»: Հիասթափված աղջիկը առանց հրաժեշտ տալու վազելով փախչում է նրանից, ինչպես ինքն է ասում, ամբողջ ճանապարհին կիսաձայն կրկնելով. «Ես չպիտի նրա հետ ընկերություն անեի, ես չպիտի նրան որևէ բան խնդրեի, ես չպիտի լաց լինեի, նա չարժեր»: Սրբուհին այդպես էլ ձախողում է քննությունները, սակայն պնդում է՝ իր կյանքն իր ձեռքում է, չի պատրաստվում ինչ-որ մեկի պատճառով ձախողել այն. «Ես նրան երբեք չեմ ների, իսկ ինձ ավելի շատ կսիրեմ սրանից հետո»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930