Լրահոս
Օրվա լրահոսը

«Համազգեստի թասիբն» ու ապրիլի 9-ին կատարվածի իրավաչափության սահմանները

Ապրիլ 11,2013 17:10

«Համազգեստավորները, որ համազգեստը հագնում են, ոնց որ թիմի անդամ դառնան:  Բայց չի կարելի մոռանալ, որ պետք չէ չափն անցնել: Չէ՞ որ չի կարող հավերժ մի կուսակցություն լինել, ինչ է նշանակում` ով գա կուսակցական իշխանության, բոլորին պիտի համազգեստ հագցնի, ասի դու իմ թիմի անդամն ես»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ապրիլի 9-ի իրադարձություններն ու ՀՀ ոստիկանության գործողությունները, այսպիսի կարծիք հայտնեց «Ֆորում իրավունքի կենտրոնի» նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

Նա, ուշադրության կենտրոնում պահելով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստը, նշեց. «Սրանք լուրջ հետևություններ անելու դեպքեր են: Մի կողմ դնենք այն, որ Արմեն Մարտիրոսյանը հարգանքի արժանի անձնավորություն է, քաղաքապետի թեկնածու, եղել է պատգամավոր, ինքն է  հենց ոստիկանների և քաղաքացիների արանքը կանգնել ու չի թողել բախումներ, օրինակ` 2008-ի դեպքերը: Կարող ենք թվարկել նաև ոստիկանության, մեր պետության լավ կողմերը: Բայց երբ ապրիլի 9-ին տեղի ունեցածի կադրերը նայում ես, տեսնում ես, որ Ա. Մարտիրոսյանի հետ կատարվածում կա մի նրբություն: Եթե ինքն ուզում է օրենսդրորեն չթույլատրվող գործողություններ անել, հնարավոր է դա կանխել ուժային կառույցների կողմից: Բայց ինչ է նշանակում, որ խմբակային ձևով մեկ մարդու նկատմամբ այնպիսի գործողություններ են իրականացնում, որը հիշեցնում է «բոյ բեզ պրավիլ». նա կռացած վիճակում էր, ու 4-5 հոգով նրա թևերը ոլորում են, և մեկն էլ առիթը օգտագործելով ծնկով հարվածում է: Հետո տեսնում ենք, որ երբ Արմենն արդեն ոստիկանի հետ հանգիստ գնում, է,  նորից ինչ-որ մեկը վազում է  Արմեն  Մատիրոսյանի հետևից, կարծես թե թևը մտնում ու նորից է խփում: Լավ, Արմենը չէր, շարքային քաղաքացի էր: Պետք է սրանից հետևություններ անել»:

Ըստ Տ. Տեր-Եսայանի` «ժամանակը փոխվում է, այսօր նախարար ես, վաղը ոչ, այսօր ոստիկանապետ ես, վաղը` ոչ»: Պարոն Տեր-Եսայանը նշեց, թե տարիների ընթացքում բազում վարչապետեր ենք տեսել, որոնք հետո ընդդիմադիր դաշտում են հայտնվել, Աժ նախագահներ, անգամ ՀՀ նախագահներ:

Կրկին անդրադառնալով ապրիլի 9-ին ոստիկանության գործողություններին` Տ. Տեր-Եսայանը այսպիսի կարծիք հայտնեց. «Բոլորս պիտի հասկանանք, որ նման մարդիկ մեր ուժային կառույցներում չպիտի լինեն: Նրանք պիտի գործուղվեն ռինգերում մրցելու: Մյուս կողմից էլ դու իշխանությունն ես ներկայացնում և պարտավորություն ունես, դու համազգեստ ես կրում և պիտի ավելի չափավոր լինես: Բոլորը պիտի հասկանան, որ քաղաքական գործընթացները հասարակականից տաբերվում են. օրինակ բնապահպանական շարժումներից: Ու կուսակցությունները, նույն ոստիկանական կառույցները, ձևավորվում են քաղաքական գործողությունների հետևանքով, և պետք չէ դաժանաբար վերաբերվել`պատճառաբանելով, թե իշխանության ներկայացուցիչ եմ: Ի վերջո քաղաքականության հետևանքով ես իշխանության գալիս: Խնդիրն իրավաչափության մեջ է: Այստեղ համազգեստի թասիբի խնդիրը չէ, այն նաև մերն է, մեր պետությանը, եթե վատ արարք է կատարել, ուրեմն այդ մարդը պիտի հեռանա»:

Հետաքրքրվեցինք` արդյոք իրավաչա՞փ էին շարժման գործողությունները: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա քաղաքականություն է, եթե նայենք, կտեսնենք, որ մյուս պետություններում էլ երթեր, միտինգներ լինում են: Րաֆֆին էլ պատահական մարդ չէ: Բա պետություն է: Ամենակարևորը կանխարգելիչ, համարժեք, համաչափության խնդիրն է: Թե չէ Բաղրամյան փողոցը դարձավ մեր պետության համար չարիք, ինչքան մարդիկ ծեծ կերան 2003-ից ի վեր»:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ նկատեց. «Ընդհանրապես Հայաստանում ոստիկանության գործողությունները իրավական դաշտում չեն տեղավորվում: Ես շարժման գործողությունների մանրամասներին տեղյակ չեմ, բայց այն, որ փողոցները փակ էին, և արգելվում էր անցնել փողոցներով, դա ոչ մի ձևով չի կարելի ընդունվել: Ես միշտ մեղքի բաժինը դնում եմ իշխանությունների վրա, քանի որ նրանք մեզ մոտ հեռու են ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ հասկացություններից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Արմեն Մարտիրոսյանին ծեծել ցանկացող համազգեստավորին պետք է անպայման ազատազրկել, իսկ նրա անմիջական վերադաս հրամանատարներին պետք է աշխատանքից ազատել, ինչպես նաև վերանայել նման ստորաբաժանուների ծաայողների կադրային ընտրությանը ներկայացվող պահանջները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930