Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարյանն առաջարկում է միջազգային իրավունքով պատրաստել թղթապանակ Թուրքիայի դեմ

Ապրիլ 11,2013 16:31

«ԱՄՆ-ում կա լոբբիստական մի քանի խումբ և ուղղություն, որոնք փորձում են ուշադրությունը շեղել դեպի Հայաստանի ժողովրդավարության խնդիրներ, դեպի ԼՂՀ-ի խնդիրներ, որպեսզի չեզոքացնեն հակաթուրքական լոբբինգը` տալով նրանց ազատ շունչ քաշելու հնարավորություն»,-այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ըստ բանախոսի` Հայոց ցեղասպանության հարցում ուղղությունը շեղելու որդեգրած մոտեցումներից մեկը ևս կապված է Ադրբեջանի հետ: Թուրքիան այսօր էլ շարունակում է բոլոր միջազգային հարթակներում Խոջալուի դեպքերը արմատավորել որպես ցեղասպանություն, ցույց տալով, որ հայերը միայն զոհեր չեն, այլև պատասխանատու են Խոջալուի համար, որի վրա մեծ գումարներ և դիվանագիտություն է ծախսվում: «2015 թվականին ընդառաջ՝ թուրքերը ֆիլմեր են նկարում, թե իրենք ինչ կորուստներ են ունեցել: Նրանք փորձում են աշխարհին ցույց տալ՝ 1915 թվականը կորուստների շրջան է եղել ոչ միայն հայերի համար, այլև իրենց: Հայերը ոչ թե ցեղասպանվել են, այլ պարզապես հայ-թուրքական բախումների արդյունքում հայերի մեծ մասը զոհվել է»:

Ըստ թուրքագետի` այսօր նաև ծրագրվում է ևս մեկ ֆիլմ նկարահանել հայ ահաբեկիչների վերաբերյալ: «Լավ կլիներ կինոարտադրությունը մեզ մոտ էլ զարգացնել»:

Շաքարյանն այնքան էլ լավատեսորեն չի մոտենում և առանձնակի հույսեր չի կապում 2015 թվականին կայանալիք միջոցառումների հետ. «Հնարավոր է մեկ-երկու հոդված, մեկ-երկու ավել գիրք, մի քանի ավել ցուցահանդես, Թանկյանը հնարավոր է կազմակերպի «Ռոքն ընդդեմ ցեղասպանությանը» նվիրված համերգ, սակայն այս ամենը որևէ մնայուն արժեք չի թողնի»:

Թուրքագետը ցանկանում է, որ մինչև 2015 թվականը հասցնել նկարել մեկ օսկարակիր որևէ ֆիլմ` Ցեղասպանության մասին, որը չէր պատմի Ցեղասպանության մասին որպես տեսություն, այլ կպատմեր մարդկային կյանքերի մասին:

Շաքարյանն առաջարկում է միջազգային իրավունքով պատրաստել թղթապանակ, պատրաստելով հայցեր Թուրքիայի դեմ. «Պատմության մակարդակում մենք կարելի է ասել արդեն հաղթել ենք, բայց խնդիր է իրավաբանական լեզվով ապացուցելը»: Թուրքագետը նշեց, որ Ստամբուլում այսօր կան շատ մեծ ընկերություններ, որոնք հայկական տարածքի վրա են գործում՝ առանց որևէ համապատասխան թույլտվության: Դեռ այն ժամանակվանից ապօրինաբար բռնազավթել են և հիմա դա շարունակվում է: Նա առաջարկում է զանգվածային մասսայական հարձակում գործել տարբեր ճակատներով, իրավաբանական առումով, որը կիրականացվի ոչ թե ՀՀ անունից, այլ շատ անհատների անունից. «Կան շատ սփյուռքահայեր և հայաստանցիներ, ովքեր ունեն սեփականության վկայականներ Թուրքիայում: Ունեն բանկային հաշիվներ, որոնք մինչև հիմա անգործության են մատնված: Կարելի է 2015 թվականին 1,5 մլն հայտ ներկայացնել Թուրքիայի դեմ և թե Եվրոպական մարդու իրավունքների դատարանով, թե քրեական դատարանով: Հայտերի քանակը հասցնել նրան, որ Թուրքիան սկսի հաշվարկել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը պայման դնելով դրամական փոխհատուցում չլինելը, թե չճանաչել, բայց սկսել փոխհատուցել: Սկսի մտածել, թե որն է իրեն շահավետ»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930