Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը երեւանցիներին ընտրակաշա՞ռք է բաժանում

Ապրիլ 11,2013 16:07

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված քննարկմանը Aravot.am-ը ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են կազմակերպելու իրենց քարոզարշավը, ի՞նչ ծրագրեր ունեն, որքա՞ն գումար են նախատեսել ծախսել:

ՀՅԴ ցուցակի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց. «Տուն առ տուն ենք կազմակերպելու: Քաղաքացիների հետ անմիջական շփումը լավ հնարավորություն է տալիս ծանոթանալ եւ բացատրել մարդկանց: Այդպես հնարավորություն ենք ընձեռելու մեր ցանկում ընդգրկված ավագանու անդամներին իրենց դեմքով ներկայանալ ընտրողներին, որ քաղաքացին ճանաչի այն մարդկանց, ովքեր ընդգրկված են ցանկում, որ վաղն իմանա՝ ում մոտենա, ինչ հարցով»: Նա նաեւ նշեց, որ «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսից բացի, ընթացքում կլինեն նաեւ այլ կարգախոսներ:

ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչ Հովհաննես Թոքմաջյանը նույնպես վստահեցրեց, որ ցուցակի անդամները պետք է կարողանան շփվել ժողովրդի տարբեր խավերի հետ, նրանց խնդիրները լսել. «Մեր բակային հանդիպումները, հուսով եմ, կտան իրենց բարի պտուղները»:

«Բարեւ Երեւան» ցուցակի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը միջամտեց. «Ձեզ շատ եմ հարգում, պարոն Թոքմաջյան, ափսոսում եմ, որ կրում եք այդ թիմի համար պատասխանատվություն, բայց ձեր թեկնածուն շատ մեծ փորձ ունի առանց ժողովրդի հետ հանդիպելու էլ ընտրվելու»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրենք քարոզարշավին հավաքներ են կազմակերպելու, կլինեն թաղային հանդիպումներ, բուկլետներ կբաժանվեն երեւանցիներին դռնեդուռ ակցիայի միջոցով:

Թե ինչպես են մրցակցելու երեւանցիներին շոշափելի արդյունքներ՝ ասֆալտապատում, նստարաններ, ծաղիկներ տեղադրող քաղաքապետի հետ, որը նաեւ ունի լծակներ՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Ռեսուրսների դեմ մրցակցելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք պատկերացնում ենք մեր քարոզարշավն իրականացնել այն ձեւաչափով ու մեխանիզմներով, որ կարծում ենք, արդյունավետ կարող է լինել: Օրենքով նախատեսված գումարի շրջանակներում միանգամայն հնարավոր է իրականացնել, շատ ավելի համեստ միջոցներով էլ կարելի է իրականացնել: Բնականաբար, մրցակցությունն անհավասար է լինելու ինչ-որ տեղ: Վերջին 15-20 օրվա մեջ իրականացվում է տոտալ քարոզչություն: Երեւանի բյուջեով իրականացված աշխատանքները ներկայացվում են: Բայց քաղաքացիները շատ լավ գիտեն երբ են ակտիվանում ասֆալտապատման, նստարանների տեղադրման եւ նման աշխատանքները եւ երբ են մոռանում դրանց մասին»:

Հովհաննես Թոքմաջյանը չհամաձայնեց: Նա վստահեցրեց, որ այդ աշխատանքները միշտ են անում: Դրանք ընտրությունների հետ կապված չեն:

Ստյոպա Սաֆարյանը տեղեկություններ հրապարակեց ընտրակաշառքի մասին: Նա ասաց, որ ահազանգեր արդեն իսկ ստանում են Երեւանի տարբեր վարչական շրջաններից. «Դա վկայում է, որ ոչ թե ժողովուրդը կգնահատի Տարոն Մարգարյանի աշխատանքը այս 4 տարվա ընթացքում, այլ գործող քաղաքապետի կողմից կրկին փորձ է արվում գնել Երեւանը: Արդեն ահազանգեր կան, որ քաղաքացիների տարիների կուտակված գույքահարկերի մասնակի զեղչեր են կատարվում, ինչը ընտրական կաշառք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930