«Երեւանը սեզոնային ծաղիկներ տնկելու համար չէ»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում Երեւանի ավագանու ընտրությունների մասին քննարկմանը ասաց «Բարեւ Երեւան» ցուցակի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որը ներկայացնում է ՀՅԴ-ի ավագանու ցուցակը, վստահ է, որ եթե ընտրվեց կրկին գործող քաղաքապետը, անկախ տվյալ անձի կարողություններից, ինքը նշանակովի լինելով՝ ի վիճակի չէ արդյունավետ կառավարել, քանի որ կախվածության մեջ է լինում:
ՀՀԿ-ի ցուցակի ներկայացուցիչ եւ 3-րդ համարը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ Տարոն Մարգարյանն այս տարիներին մեծածավալ աշխատանքներ է կատարել, բայց խնդիրներ կան կատարելու՝
կառավարման համակարգի, կանաչապատման հետ կապված:
Կարդացեք նաև
Արսեն Համբարձումյանը նշեց, որ «ավագանու ինստիտուտը այս 4 տարիների ընթացքում այդպես էլ չի կայացել, ուստի պետք է կատարել ճիշտ ընտրություն, ընտրել մարմին, որը պատասխանատու լինի, հաշվետու լինի, իր արած գործերով կարողանա ներկայանալ: Այսօր չի երեւում այդ ավագանու անդամները ինչ են արել: Այսօր Երեւանը 3 անգամ կանաչապատ տարածքներով զիջում է ստանդարտերին եւ դեկորացիաներ անելը ոչ մի իմաստ չունի: Երեւանում վերջին տարիներին ոչ մի հարց չի լուծվել՝ ոչ տրանսպոտի հետ կապված, ոչ կանաչապատման հետ կապված, ոչ գերեզմանատներում տիրող խայտառակ իրավիճակի հետ կապված: Եթե ուզում ենք Երեւանում վիճակ փոխել, պիտի ձերբազատվենք այս վիճակից եւ շտկենք այն: Ընդդիմությունը շատ կարեւոր պատասխանատվության տակ է մտնելու: Այսօր անընդհատ բարձրաձայնում է տարբեր խնդիրների մասին, ստիպված է լինելու ցույց տալ, որ հնարավոր է դրանք լուծել»:
Հովհաննես Թոքմաջյանը ի պատասխան ընդդիմադիրների նշած բազմաթիվ խնդիրներին, որոնք առկա են այսօր Երեւանում՝ վստահեցրեց. «Ժողովուրդն ամսի 5-ին կգնահատի՝ գործ արվո՞ւմ է, թե՞ չի արվում»:
Անդրադառալով Փակ շուկայի հետ կապված մտահոգություններին՝ նա նշեց. «Փակ շուկայի վերակառուցման անհրաժեշտությունը միայն ամրացման համար է, այն շարունակելու է պահպանվել այնպես, ինչպես եղել է : Ավելին ասեմ՝ ես դեմ եմ եղել Երիտասարդական պալատի լուծարմանը, բայց այս 20 տարվա մեջ ամեն ինչը բերել կապել Տարոն Մարգարյանի հետ, չի կարելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ