Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանող, դասադուլավոր Տաթեւիկ Մայիլյանի պատմելով, ապրիլի 9-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկաններն իրեն ստորացրել են` իրենց կեղտոտ կոշիկները իր տաբատի վրա մաքրելով:
«Անմարդկային են վերաբերվել մեզ հետ: Բոլոր ոստիկանները իրենց կեղտոտ կոշիկները մաքրում էին մեր, իմ շալվարի վրա էին մաքրում իրենց կեղտոտ կոշիկները: Երբ ասացի` մի մաքրեք ձեր կոշիկներն իմ վրա, ասացին` կեղտոտ տեղ ես նստած»,- այսօր «Ելակետ» ակումբում պատմեց Տ. Մայիլյանը:
Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն էլ շարունակեց.
«ոստիկանները փորձում էին ամեն ձեւով իրավիճակը թեժացնել, տանել բախումների, բայց իրենց մոտ չստացվեց: Հետո, երբ օրվա կեսից մի խումբ մարդիկ իրենց բողոքի ձայնը փորձեցին բարձրացնել` բարձրանալով Բաղրամյան 26, նրանք փակեցին բոլոր ճանապարհները եւ մոտ 30 երիտասարդի դեմ աշխատում էին հարյուր ոստիկան… հետո նրանք անցան ուժային գործողությունների, բոլորիս հրեցին, քաշքշեցին, մի փոխգնդապետ էլ իրեն թույլ տվեց անգամ մի աղջկա ձեռքից Սահմանադրությունը վերցնել ու ճղել»:
Կարդացեք նաև
Նա չմտաբերեց փոխգնդապետի անունը եւ վստահեցրեց, որ տասնյակ ակտիվիստների այդ օրը ոստիկանություն են տարել` ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ:
Ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ ասաց, որ իրեն ոստիկանություն են տարել կասկադի մոտակայքից, երբ երեք հոգով խաղաղ բարձրանում էին Բաղրամյան պողոտայով. «Ասում եմ` ժողովուրդ թողեք քայլեմ, ապրում եմ Կոմիտասում, պետք է բարձրանամ Բաղրամյանով, ասում են չես կարող: Այն վիճակի բերեցին, որ ջղայնացա ու ոստիկաններից մեկին ասացի` արա: Ու այդ պահին Օսիպյանն իր ջոկատով եկավ ու ասաց` տարեք սրան: Երբ տարան բաժին, հարցրի` ինչի եք ինձ բերել, ասացին 10 րոպեից կասենք , ու այդպես ժամ ու կես սպասում եմ` ասեն ինչի են ինձ բերել: Երբ փաստաբանս ասաց` պահանջիր բերման ենթարկելու արձանագրություն , ոստիկանական համակարգում արձանագրող չկա, գրել չգիտեն, չտվեցին»:
Ե. Ներսիսյանի խոսքերով, այդ օրը ոստիկանություն տարված 18 ակտիվիստի վարչական տույժի են ենթարկել` 50.000 դրամով, բայց նրանք չեն պատրաստվում տույժերը վճարել. «Չեմ կարծում, որ մենք պետք է վճարենք, որովհետեւ մեզ ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բոլորիս հավաքել, տարել են»:
Ակտիվիստները այսօր երեկոյան իրենց փաստաբանների հետ քննարկելու են` վարչական տույժերը վճարել-չվճարելու հարցով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Չեմ հավատում, որ մաքրել են կոշիկները, չեմ պատկերացնում:
Սակայն միտքը հիասքանչ է: Եթե էլի մի կողտոտ տեղ պարկելու լինեք փողոցում, նախորոք
տեղեկացրեք, ես էլ երբեմն ունենում եմ ցեղոտ և/կամ կեղտոտ կոշիկներ:
Հա բայց չլինի այնպես, որ կոշիկներս ավելի շուտ կեղտոտվեն, քան մաքրվեն: