Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով՝ ըստ վկայի, «քննիչը տպած ցուցմունքը բերեց տուն»

Ապրիլ 11,2013 15:06

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ նախարարության 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատարան էին ներկայացել Հայաստանի Հանրապետությունից բացակայող եւ հանգուցյալ կենսաթոշակառուների մերձավորները՝ վկաները: Դատական նիստերի դահլիճի վատ լսելիության պատճառով մենք տեղեկացրել էինք, որ այս գործով կա 150 վկա, մինչդեռ վկաների թիվը 190 է: Նույն պատճառով դատարան էր ներկայացել Սուսաննա Աբրամովայի փոխարեն՝ կենսաթոշակառու Շուշանիկ Համբարձումովան, որը պահանջ դրեց դատարանում իր հետ խոսել բարձր եւ ռուսերենով, քանի որ չի տիրապետում հայերենին: Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց վկայի հարցաքննությունը՝ հաջորդ դատական նիստին պարտավորվելով թարգման հրավիրել նրա համար:

Վկա Թորգոմ Խաչատրյանը հայտնեց, որ 13 ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչում եւ ցույց տալով «էդ տղային»՝ Վազգեն Խաչիկյանին, հայտնեց, որ նրան տեսել է անցյալ տարի՝ Էրեբունու դատարանում: Նա հայտնեց, որ իր ծնողները, մասնավորապես հայրը՝ Գալուստ Խաչատրյանը, ապրում են Ամերիկայում եւ որ նրանց Ամերիկա մեկնելուց հետո թոշակը ստացել է ինքը, սակայն հետագայում թոշակ չի ստացել եւ այդ հարցով էլ չի դիմել որեւէ մեկին, ոչ էլ ծնողներն են լիազորագիր տվել, որպեսզի թոշակը ստանան իրենք: Երբ իրեն կանչել են «Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկ (վկան նկատի ունի ՀՀ ոստիկանության  քննչական գլխավոր վարչությունը) իմացել է, որ միլիոնից ավելի գումարներ են յուրացրել: Այդ վկային երբ հարց տրվեց, թե իր ծնողները թոշակավորվա՞ծ էին Ամերիկայում, նա պատասխանեց. «Հաշվի առնելով, որ խեղճուկրակ տղա ունեն՝ թոշակավորել են»: Այս վկան հարցաքննության ժամանակ դժգոհեց, որ իրեն թուղթ են տվել (նկատի ունի ծանուցագիրը), բայց այնպես է ձեւակերպված, որ ինքը չգիտի՝ թոշակի՞ համար են իրեն հրավիրել դատարան, թե՞ մարդասպանության: Վկա Կարեն Միքայելյանն էլ դատարան էր հրավիրվել քեռու թոշակի հետ կապված: Քեռին 2002-ին մեկնել է Ամերիկա, եւ վկան չի հետաքրքրվել՝ թոշակ ստացե՞լ է, չի՞  ստացել. քեռին լիազորագիր նրան համենայնդեպս չի տվել: Ըստ վկայի՝ նա հաշվառման մեջ է եղել Արաբկիրի տարածքում: Վկային հարց տրվեց, թե 2002-ից հետո հնարավո՞ր է քեռին եկել է Երեւան, 10 տարիների ընթացքում թոշակ է ստացել, իսկ ինքը տեղյակ չէ: Վկան 99 տոկոսով բացառեց դա: Վկա Աննա Բեգլարյանի դժգոհությունը սկսվեց ամբիոնին անմիջապես մոտենալուց հետո: Նա դիմեց դատարանին, թե ինչո՞ւ է այստեղ եւ ինքը ի՞նչ կապ ունի ամուսնու քրոջ, սկեսրայրի կենսաթոշակի գործով: Ասաց, որ չի ճանաչում հանգուցյալ Սուրիկ Գրիգորյանին, որը մահացել է 2008թ. եւ իր ամուսինն էլ 2 տարի է՝ ինչ Հայաստանից բացակայում է եւ միայն նրա միջոցով է իմացել անունը, նրա մասին: Այս վկան նաեւ հայտնեց, որ ինքը հիվանդ է եղել եւ քննիչի հետ խոսել է հեռախոսով, քննիչը տպած ցուցմունքը բերել է տուն:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ հակասություններ նկատեց  վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքների եւ դատարանում տվածի միջեւ, ուստի հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Այս վկան  ցուցմունք էր տվել 2011թ. օգոստոսի 29-ին, իսկ ցուցմունքում ասել էր, որ Սուրիկ Գրիգորյանը աշխատանքային կենսաթոշակ է, իր իմանալով, ստացել: Նախաքննության ժամնաակ հարց էր տրվել, թե ո՞վ էր ստացել Ս. Գրիգորյանի 490 հազար դրամ կասեցված գումարը, մահվանից հետո էլ՝ նրա 360 հազար ՀՀ դրամը: Հաջորդ վկան իր ընկերոջ մոր՝ Սիրանույշ Մաթեւոսյանի թոշակի հետ կապված էր հրավիրվել դատարան: Նա եւս գտնվել է հանրապետությունից դուրս՝ Ուկրաինայում եւ նրա թոշակը որեւէ մեկը լիազորված չի եղել ստանալու:

Ի դեպ, դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 5-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ պետից գրություն է ստացվել. պետը խնդրել էր դատարանի միջամտությունը՝ ամբաստանյալ Բագրատ Մուրադյանի գործարքի հետ կապված: Բագրատը խնդրել էր, որպեսզի իր բնակարանը վաճառելու համար լիազորի այլ անձի: Մեղադրանքի կողմը առարկեց, հայտնելով, որ արգելանք է դրված այդ բնակարանի վրա: Դատավորը հետաձգեց հարցի քննությունը, հորդորելով պաշտպանին առարկայական հիմնավորումներ ներկայացնել՝ կապված նշյալ բնակարանի հետ: Հիշեցնենք, որ դատական արտագնա նիստերը ընթանում են Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930