Ուսանողության շրջանում համալսարանական կրթության նկատմամբ դժգոհության հիմնական պատճառը ներկայիս դասավանդման հնաոճ գործընթացն է: Եթե արեւմտյան բուհական միջավայրում ամեն ինչ հարաշարժ փոփոխվում է, ներմուծվում են կրթական նոր տեխնոլոգիաներ, ակտիվորեն թափ է առնում ուսանողակենտրոն ուսուցումը, ապա հայրենական բուհերում նման փոփոխությունները դժվար նկատելի են: Դեռեւս պահպանելով անցյալ դարից ժառանգած կրթական ավանդույթները (համատարած թելադրանքի վերածված դասախոսություններ, իրականությունից կտրված գործնական պարապմունքներ, ձեւական ուսումնաարտադրական պրակտիկաներ եւ այլն), ուսումնառությունը բուհերում ոչ միշտ է համարվում արդյունավետ, հաճախ նաեւ ձանձրույթ պատճառելով ուսանողությանը: Ժամանակն է, որ այս առումով խորքային եւ ոչ թե ձեւական բարեփոխումների գնանք: Այս առումով որպես առաջնահերթ քայլ՝ կառաջարկեի համալսարաններում ուսանողական բիզնես ինկուբատորների ձեւավորումը:
Ուսանողությունը միշտ էլ առանձնացել է գործարարության ոլորտում նորամուծական փայլուն գաղափարներով, որն անհրաժեշտ է առարկայացնել հենց համալսարանական միջավայրում՝ բիզնես ինկուբատորի միջոցով: Ուսանողական բիզնես ինկուբատորի գործունեությամբ երիտասարդական բիզնես գաղափարները կյանքի են կոչվում, որի արդյունքում դեռեւս ուսանողական տարիներին սկսած եւ այնուհետեւ շրջանավարտ դարձած երիտասարդը շարունակում է իր գործը համալսարանական միջավայրից դուրս՝ մրցակցային շուկայում: Նման առաքելությունը մի կողմից՝ ուսումնառության տարիներին ուսանողին իրական բիզնես միջավայրին ծանոթացնելն ու դրանով ուսանողակենտրոն ուսումնառության կազմակերպումը, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրների լուծումն է՝ շրջանավարտին աշխատանքի տեղավորելու եւ սեփական ձեռներեցություն սկսելու նկատառումով:
Ներկայումս, համաշխարհային պրակտիկայում լայն տարածում է ստանում համալսարանական տանիքի ներքո բիզնես ինկուբատորների գործունեությունը, որը չափազանց շահավետ է բուհի համար ուսումնամեթոդական եւ անգամ ֆինանսական նկատառումներով: Դրանով հնարավորություն է ստեղծվում ուսանողությանը ընդգրկելու իրատեսական բիզնես ծրագրերում, պրոֆեսորադասախոսական անձնակազմին խրախուսելու բիզնես նախագծերի առեւտրայնացման եւ վաճառահանման ուղղությամբ, հարթակ ստեղծելու ուսանող-դասախոս անհատական կոնտակտների ակտիվացման համար, իրատեսական դարձնելու խմբային աշխատանքը:
Բիզնես ինկուբատորում ուսանողական ձեռներեցության օպտիմալ շրջանը 2 տարին է, երբ գործարար իրատեսական միջավայրում խմբային աշխատանք է ծավալվում, եւ դասախոսների խորհրդատվություններով ուսանողն իր առաջարկած սեփական գործն է սկսում համալսարանի հովանու ներքո: Այնուհետեւ, ինկուբացիոն շրջանն անցած շրջանավարտները մուտք են գործում բիզնես միջավայր՝ ինքնուրույնաբար ձեւավորելով իրավաբանական կազմակերպություններ:
Կարդացեք նաև
Նման ճանապարհով աշխատանքային հմտությունները, տեսական դասավանդումից բացի, կիրառական ոլորտով են ներկայանում եւ ուսումնառությունը դառնում է բավականին գրավիչ եւ արդյունավետ: Չէ՞ որ բիզնես ինկուբատորներում աշխատելու ուսանողության մոտիվացիան երիտասարդի «ձեռներեցական ռոմանտիկայի» պահանջմունքների բավարարումն է, երբ համալսարանական միջավայրում քննարկվում եւ կյանքի են կոչվում հենց ուսանողական բիզնես առաջարկներ, իսկ ավարտելուց հետո, արդեն կայացած գործարար շրջանավարտը իր խմբի հետ՝ ինկուբացիայից դուրս շարունակում է սեփական գործը: Ավելին, բիզնես ինկուբատորի «զավակը» սերունդների համերաշխության սկզբունք է դրսեւորում, քանի որ իր հետագա գործարարության ընթացքում աճելով՝ «մեծահասակի հոգատարությամբ» ֆինանսական, խորհրդատվական, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում համալսարանի ուսանողական բիզնես ինկուբատորի «նորածիններին», ապահովելով շրջանավարտների հետադարձ կապը, որի կարիքը ներկայումս այդքան զգում են մեր բուհերը:
Կրթական նման տեխնոլոգիայի իրագործումը երկուստեք շահավետ է՝ թե համալսարանի եւ թե ուսանողության համար: Բուհը կազմակերպում է ուսանողակենտրոն ուսուցում, բիզնես ինկուբացիայից ստանում է լրացուցիչ դրամական ներհոսքեր, աջակցում է ուսանողների բիզնես գաղափարների գեներացիային: Մյուս կողմից՝ ուսանողները ունենում են աշխատանք ոչ միայն ավարտելուց հետո, այլեւ հենց ուսումնառության տարիներին: Ի դեպ, նման ծրագրեր արդեն իսկ իրականացվում են Ռուսաստանի Դաշնության առաջատար համալսարաններում, որոնց մանրամասն նկարագրությունը զետեղված է մի շարք բուհական կայքէջերում (www.mgimo.ru, www. mgu.ru):
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության
դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ