Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվ ֆրանսիացիներին է «լուսավորում», եւ հայրենակիցներին

Ապրիլ 11,2013 14:20

Մուրադ Ամիրխանյանն ու Ան-Շարլոտ Մոնվիլը՝ Հասսեի «Լարինդան եւ Վանեսիոն» կատակերգական օպերայում

Հաճախ հայաստանյան մշակութային կյանքում իրենց ունեցած մասնակցությունից դժգոհող արվեստագետները ինչ-ինչ պատճառներով դրսում հայտնված կոլեգաների մասին, մեղմ ասած, արտահայտվում են «մասնագիտական խանդով»: Վերջինս արդարացնելու նպատակով էլ շատերի հասցեին ասում են. «Պրոֆեսիոնալ արտիստը այստեղ էլ կփայլեր…»: Նման խոսակցություններից անմասն չմնաց նաեւ ավելի քան տասը տարի Փարիզում ստեղծագործող օպերային երգիչ, բաս բարիտոն Մուրադ Ամիրխանյանը, երբ վերջերս Երեւանում կրկին հայտնվեց նրա հայտագիրը (լուսանկարում): Այս անգամ երգիչը՝ ֆրանսուհի կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլի հետ, Հայաստանում առաջին անգամ, Կոմեդիայի թատրոնում ապրիլի 13-ին հանդես կգա  Ադոլֆ Հասսեի «Լարինդան եւ Վանեսիոն» կատակերգական օպերային ներկայացման մեջ:

«Մասնագիտական խանդով» լցված արվեստագետներին ու արվեստասերներին տեղեկացնենք, որ ծնունդով Գյումրիից Մուրադ Ամիրխանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է աշնանը  երկրաշարժի 25-ամյակի առիթով հանդես գալ  իր ծննդավայրում: Հավելեց նաեւ, որ ամիսներ առաջ ինքը Եվրոպայում ստեղծագործող ճանաչված երաժիշտներ՝ գերմանաբնակ սոպրանո Կարինե Բաբաջանյանի, ֆրանսաբնակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի եւ լեհ դաշնակահարուհի Դանա Չիոկառլիի հետ՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, «100 համերգ» խորագրով միջոցառումների թվում ելույթ է ունեցել Փարիզի հայտնի «Գավո» սրահում, առաջիկայում էլ պատրաստվում են ծրագիրը կրկնել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում:

«Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հիանալի սիմֆոնիկ գործ է գրել ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Պիեռ Թիլուան, որտեղ վոկալիստի պարտիան վստահել է ինձ: Առաջնաելույթը կկայանա աշնանը, դարձյալ «Գավո» սրահում»,- հայտնեց երգիչը:

Անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ կատարվող կատակերգական օպերային, հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ մտահղացումն է դա եւ ինչո՞ւ է իբրեւ գործընկեր ընտրել հատկապես երգչուհի Ան-Շարլոտին: Մեր զրուցակիցն ասաց, որ 2000թ. Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցում անվանի մանկավարժ տիկին Կարոլինա Դյումայի մոտ վերապատրաստման օրերին է ծանոթացել երգչուհու հետ, ով ուսանում էր այդ դպրոցում: Հիշեցնելով Ազգային օպերային թատրոնում ժամանակին Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարման ժամանակ իր մարմնավորած Մարկիզի դերերգի մասին, հարցրինք, թե նպատակ չունի՞ դարձյալ բեմ բարձրանալու մեր թատրոնում, Մուրադ Ամիրխանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր բեմելս կարոտով եմ հիշում, իսկ Երեւանի օպերային թատրոնում միակ դերերգս՝ հատկապես, քանի որ «Տրավիատան» ղեկավարում էր Օհան Դուրյանը, իսկ ես բեմում էի այնպիսի անվանի երգիչների հետ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Հացագործյանը»: (2000թ. երգիչն ընդունվել է Երեւանի օպերային թատրոն եւ նույն թվականին էլ մեկնել Փարիզ- Ս. Դ.): Անդրադառնալով կայանալիք օպերային ներկայացմանը՝ երգիչը նշեց, որ ինքը բազմիցս մասնակցել է միջազգային փառատոների, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, եւ հենց վերջին երկրում է «հայտնաբերել» «Լարինդան եւ Վանեսիոն»-ի պարտիտուրը ու Ան-Շարլոտի հետ առաջին անգամ 2010թ. այն ներկայացրել  Ֆրանսիայում կայացած Ավենյոնի միջազգային փառատոնի շրջանակներում:

Մեզ հետ զրույցում Ան-Շարլոտ Մոնվիլին էլ ասաց, որ ուրախ է հայ երգչի հետ համագործակցության համար, նշելով իրենց իմպրեսարիո, ֆրանսիացի Ժան Լյուկ Մարտինի անունը. «Առաջին անգամ եմ Հայաստանում եւ համոզվեցի աշխարհում տարածված այն  կարծիքի մեջ, որ հայերդ աննկարագրելի ջերմ եք ու հյուրասեր եւ ունեք բազմադարյա մշակույթ: Ի դեպ, Մուրադն ինձ հաղորդակից է դարձնում Կոմիտասի երկերին, որոնք, հավատացնում եմ՝ համարժեք են ցանկացած համաշխարհային երաժշտական գանձերի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930