Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկարով. «Հովհաննիսյանը չի կարող հանդես գալ որպես ընդդիմության մեկ միասնական ներկայացուցիչ» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2013 14:14

«Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կարիերան շարունակվելու է, որովհետեւ «Ժառանգությունն» ունի որոշակի ընտրազանգված, որը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես նրա կողմնակից,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ապա հավելեց,-Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ընդդիմության իրավիճակային առաջնորդը: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ այլ ուժերը փորձում էին իրենց դրսևորել  որպես ընդդիմություն, սակայն հանդես չեկան որպես այդպիսին: Իսկ ընտրողն  ունի ընտրելու ցանկություն. տվյալ դեպքում ընտրողների  շահերի ներկայացուցիչը եղավ Հովհաննիսյանը`  իր մասամբ ընդդիմադիր կեցվածքով, հռետորիկայով եւ ծրագրով»:

Մարկարովի խոսքով. «Հավանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու  է հանդես գալ որպես ընդդիմության մի մասի ներկայացուցիչ, բայց նա չի կարող հանդես գալ որպես ընդդիմության մեկ միասնական  ներկայացուցիչ: Նրան որպես այդպիսին չի ընդունում ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունները»:

Մարկարովն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը` այլ երկրների պաշտոնյաների ցածր ներկայացուցչականության վերաբերյալ նշելով, որ մեզ համար առավել հետաքրքիր է ընտրությունների արդյունքների ճանաչումը այլ երկրների կողմից, ինչն էլ տեղի ունեցավ. «Եթե նայենք Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքների ցուցակը, պարզ կդառնա, որ ընտրությունների արդյունքները ճանաչված են  եւ ընդունված, եւ ոչ մեկը չի վիճարկում դրանց լեգիտիմությունը»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, բանախոսի դիտարկմամբ. «Քաղաքական կյանք վերադարձած ուժերը պետք է ապացուցեն ընտրազանգվածին, որ հանդես են գալիս որպես պոտենցիալ ունեցող ուժ:  Բնականաբար, հայտնի կուսակցություններն ունեն համապատասխան ընտրողների կորիզ, որը պատրաստ է քվեարկել նրանց օգտին` անկախ այն հանգամանքից, թե ինչ վիճակում են գտնվում կուսակցությունները:  Հարցն այն է, թե արդյոք այդ կորիզի վրա ավելացում կլինի՞, թե` ոչ»:

Խոսելով Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացից` քաղաքագետը կարծիք հայտնեց, թե ԵՄ-ն չի «սպասում» Հայաստանին մոտակա տարիներին. «ԵՄ-ն առայժմ ցանկանում է մարսել այն ընդլայնումը, որի տեղի ունեցավ վերջին տարիներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930