Մարդու իրավունքների հարցը քաղաքական է, և մարդու իրավունքների վիճակը պատկերացում է տալիս նաև երկրում հաստատված քաղաքական իրավիճակի մասին: Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցի վերաբերյալ խորհրդարանում իր զեկույցում նկատեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի բնութագրմամբ, ՄԻՊ տարեկան զեկույցն ինչ-որ առումով «գոլ» է ստացվել, նույնիսկ «վախվորած», ինչը պատգամավորը նկատել է նաև քննարկումների ժամանակ: Աժ պատգամավորի դիտարկմամբ, օմբուդսմենը մի շատ կարևոր շեշտադրում է արել՝ մաքսային և հարկային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոնի օգտագործմամբ մրցակցային առավելություններ են ստանում:
«Քննարկումների ընթացքում հետաքրքիր մի բան տեղի ունեցավ՝ պատգամավորներից մի քանիսը պնդում էին՝ «դե անուն ասա, դե անուն ասա», ՄԻՊ-ն էլ ասում էր՝ «չեմ ասի անուն, չեմ ասի անուն», ինչի՞ չեք ասի, պարոն Անդրիասյան, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք՝ մարդ, ով ամբողջ կյանքում աշխատել է հարկային կամ մաքսային մարմիններում, միլիոնատեր է, խոշոր ներկրող, Հայաստանի բիզնեսում չկա մի ոլորտ, որտեղ ներգրավված չլինի և նրա ունեցվածքի մասին լեգենդներ են պտտվում, այդպիսի լեգենդներ մեկ էլ պարսկական շահան շահերի ունեցվածքի մասին էր պտտվում, և այդ մարդը հաջողությամբ պաշտոնավարում է մի ժամանակաշրջանում, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք պիտի տարանջատենք բիզնեսն ու իշխանությունը»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ անհնար է բիզնեսում մրցակցել պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ, դրա համար, ըստ նրա, կամ պետք է պատգամավոր լինել, կամ նախարար, կամ «կռիշ» փնտրել նախագահականում, Ազգային ժողովում կամ կառավարությունում: «Սա՞ է ձեր բիզնեսի և տարանջատման օրենքը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Գագիկ Խաչատրյանի ներկայությունն արդեն նշանակում է, որ իշխանությունն ու բիզնեսը ոչ միայն չեն կարող տարանջատվել, այլև սերտաճելու են:
Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել նաեւ այն, որ մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում հստակ չի անդրադարձել քաղաքացու քաղաքական իրավունքին, մասնավորաբար, իշխանություն ձևավորելու իրավունքին, որը Հայաստանում պաշտպանված չէ: Փաշինյանը հայտարարեց որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում համատարած ընտրակաշառք է բաժանվել, որի մասին որևէ պատգամավոր չխոսեց, բայց նստածների դեմքի արտահայտությունից հասկանում է, որ խորապես համաձայն են այդ իրողության հետ: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված, Փաշինյանը հիշեցրեց, որ 102 ընտրակաշառքի մասին ահազանգ է եղել, բայց ընդամենն ութ քրեական գործ է հարուցվել: 2013-ի նախագահական ընտրություններում 117 ընտրակաշառքի մասին ահազանգ է եղել, հարուցվել է ընդամենը մեկ քրեական գործ: «Ինչո՞ւ ոստիկանությունն ու դատախազությունը չեն բացահայտել այս գործերը, եթե նրանք այս գործերը բացահայտեն, ապա կփոխեն քաղաքական իրավիճակը»,- զուգահեռներ տանելով ընդգծեց պատգամավորը: Նա գտնում է, որ 117 ընտրակաշառքի դեպքն աղքատության պատճառով է: «Սերժ Սարգսյանն ասում է, որ պայքարելու է աղքատության ու արտագաղթի դեմ, չեմ հավատում, եթե պայքարի, բա ո՞վ է իրենց ընտրելու, եթե մարդը ռեալ Հայաստանում լինի, երբեք չի քվեարկի նրանց օգտին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանում ոստիկանությունն ու դատախազությունն իրենց «քվոտաներն» ունեն. ոստիկանապետն ու դատախազն, ըստ նրա, իրավունք ունեն պատգամավորներ նշանակել, ուրեմն «էլ ինչի՞ պիտի բացահայտվի»: Այս համատեքստում զուգահեռներ տանելով նաեւ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում զարգացած իրադարձությունների հետ, ասաց, որ հրապարակը լեփ-լեցուն էր, և ժողովուրդը եկել էր ցույց տալու, որ այս իշխանությունը չի ներկայացնում իրենց:
Փաշինյանի ելույթի ավարտից հետո Աժ նախագահ, նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պատգամավորին ընտրում են, ոչ թե նշանակում են, խնդրում եմ, մի քիչ կոռեկտ լինել ձեր գործընկերների հանդեպ»: Նիկոլը պատասխանեց.«Դուք լավ գիտեք, թե ես ինչը նկատի ունեմ»: Աբրահամյանը հակադարձեց.«Դուք գիտեք, ես էլ լավ գիտեմ, բայց պետք չի էլի, մի քիչ կոռեկտ եղեք պատգամավորների նկատմամբ»:
Նելլի Գրիգորյան