Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքը փլվի՝ նո՞ր հարցին լուծում տան

Ապրիլ 11,2013 13:55

Երեւանի Սիսակյան  փողոցի համար 3 հասցեում գտնվող բազմաբնակարան հանրակացարանային շենքում բնակվում է 120 բնակիչ: Շենքը ճանաչվել է վթարային՝ 4-րդ կարգի եւ քանդման ենթակա՝ դեռեւս 31.08.2007 թվականին, սակայն  շենքի քանդման եւ վերաբնակեցման ուղղությամբ ոչ մի լուրջ աշխատանք, թերեւս,  չի կատարվել:

Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան եւ ՀՀ վարչապետին՝ խնդրի լուծման եւ վերաբնակեցման խնդրանքով, սակայն վթարային շենքը մնում է նույն անմխիթար վիճակում: Սա այն դեպքում, երբ արդեն անհնարին է ապրել այդ շենքում՝ այն  ընդգրկվել է ՀՀ  2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտի նախագծում։ Թերեւս օրհասական պահն է գալիս, երբ բնակիչներն անհանգստությամբ են պառկում քնելու, թե հանկարծ՝  տան պատը չքանդվի, քանի որ շենքի պատն այնքանով է «ամուր», որ պատին դիպչելիս՝ ավազի փշուրներ են թափվում:

Վթարային շենքի բնակիչներից է Իրա Սարդարյանը: Նա գրություն էր ուղարկել  քաղաքապետարան, որպեսզի իրեն բնակարան տրամադրեն կամ բնակարան ձեռք բերելու համար դրամական փոխհատուցում անեն, որպեսզի դուրս գա այդ ծայրահեղ վիճակից, սակայն քաղաքապետարանը նրա սպասվածին հակառակ՝ պատասխանել է հետեւյալ գրությամբ. «Երեւան համայնքում առկա քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը ՀՀ կառավարության 25.02.2009թ. «Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման համաձայն՝ իրականացվում է պետական միջոցների հաշվին։ ՀՀ պետական բյուջեով 2010 թվականից հետո վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար գումարներ չի տրամադրվել եւ Երեւանի քաղաքապետարանը պետական միջոցների հաշվին այդ նպատակով շինարարություն չի իրականացրել, սակայն նկատի ունենալով խնդրի հրատապ կարգավորման անհրաժեշտությունը, Երեւանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարություններին՝ առաջարկելով նաեւ իր ներդրումը խնդրի կարգավորման հարցում՝ համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման համար, սակայն առաջարկը չի իրագործվել։ Սիսակյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող բազմաբնակարան հանրակացարանային շենքը ընդգրկվել է ՀՀ 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտի նախագծում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Իրա Սարդարյանի ընտանիքի բնակարանային հարցը կարող է քննարկվել շենքում բնակվող ընտանիքների վերաբնակեցման ժամանակ»: Այդ պատասխան գրությունից ստացվում է վիճակ, որ Իրան չի կարող վերաբնակեցվել այլ տեղ, քանի դեռ համընդհանուր վերաբնակեցման ծրագիրը չի սկսվել: Ասել է թե՝ Իրան իրավազուրկ է ճանաչվել անհատական կարգով, որպես քաղաքացի, ընտանիքի անդամների հետ վերաբնակեցում անելու, որի փաստացի ապացույցը քաղաքապետարանի կողմից ուղարկված 172-Ն որոշմամբ պատճառաբանված գրությունն է: Այդ հարցով Իրան դիմել էր ՀՀ վարչական դատարան, սակայն հայցը մերժվել է: Հայցի մերժումը ստանալուց հետո՝ նա  դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: «Այս օրեցօր ավելի վտանգավոր դարձող շենքում մեզ հատկացրել են 24 քառակուսի մետր սենյակ: Այդ սենյակում ապրում ենք 6 հոգի: Ընդ որում՝ սենյակը մեջտեղից կիսել ենք, քանի որ տղայիս ամուսնացրել ենք: Ապրում ենք գոմից ոչ պակաս տեսք ունեցող սենյակում: Ապրելու տարրական պայմաններ անգամ չկան: Այստեղ ունենք փաստացի գրանցում: Ամեն անգամ ժամանակին վճարել եմ բոլոր կոմունալ վարձավճարները: Ճիշտ է, այս պահին աղբի եւ մի քանի այլ կոմունալ վճարներ չենք անում, քանի որ այդ հոգսից ազատել են՝ շենքը 4-րդ կարգի վթարային լինելու հետեւանքով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Իրան: Նշենք, որ օրեր առաջ քանդվել էր այդ շենքի պատից մի հատված, որից էլ անհանգստացած՝ Իրան զանգահարել է 911. «Եկան թաղապետարանից, քաղաքապետարանից: Մինչեւ գիշերվա ժամը 3-ը եղել են այստեղ, սակայն գնացին՝ առավոտյան վերադառնալու եւ «մի բան» ձեռնարկելու նկատառումով: Առավոտյան այդպես էլ  չեկան: Զանգահարեցի կրկին, սակայն այդպես էլ  չեկան, միայն պատասխանեցին՝ թող շաբաթ-կիրակին անցնի, կերեւա: Այսպես շարունակել չի կարող: Բոլոր բնակիչներով խնդրում ենք, որ խնդրին անհապաղ լուծում տան: Վերջը շենքը մեր վրա է քանդվելու, ի՞նչ է»,- անհանգստանում է Իրան:

Փաստացի, քանի դեռ ոչ մի աշխատանք չի կատարվում վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ուղղությամբ,  եւ դեռ մի բան էլ հեռավոր հարց է դառնում վերաբնակեցվելու անհրաժեշտ լինելու խնդիրը, մյուս կողմից էլ՝ բնակիչներին ազատում են անհատական կարգով բնակարան ձեռք բերելու իրավունքից, իսկ  դա Երեւանի քաղաքապետարանը կապում է 172- Ն որոշմանը, որը վերաբերում է միայն վթարային շենքի քանդելուց հետո վերաբնակեցնելուն:

Սա այն դեպքն է, երբ անտարբերությունը կարող է մարդկային կորուստներ բերել, իսկ հետո պարզապես գիտակցել, որ արդեն ուշ է, դա վիճակը չի փոխի: Շենքը վթարային է, եւ բնակիչներին վերաբնակեցնելը չափից ավելի կարեւոր խնդիր է հենց այս պահին, առավել եւս, որ այն 4-րդ կարգի վթարային է ճանաչվել  դեռեւս 6 տարի առաջ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930