Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ժառանգական. «Րաֆֆի Հովհաննիսյանը 3 ճանապարհներից ոչ մեկը չընտրեց»

Ապրիլ 11,2013 13:03

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում «Բարեփոխում» հ/կ նախագահ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանն ասաց, որ իշխանությունները փոխելու 3 ճանապարհ կա՝ ընտրությունների միջոցով՝ հենց այդ օրը, ընտրություններից հետո՝ հեղափոխական ճանապարհով եւ երրրորդը՝ իշխանությունների որակը ներսից փոխելու միջոցով: Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը այս 3 ճանապարհներից ոչ մեկը չընտրեց. «Ընդդիմությունը պետք է լինի բավարար ուժեղ, թույլ չտա, որ կեղծիքներ լինեն եւ իշխանությանը կանգնեցնի փաստի առաջ: Բայց ընտրության օրը «Ժառանգությունը» բավականաչափ կազմակերպված չէր, չկարողացան իրենց ձայներին տեր կանգնել: Հետո հեղափոխական ուղին մերժեց եւ երրորդը՝ իշխանության որակը փոխելու ճանապարհն է՝ պարզապես անտեսում է»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք նախկինում այդ թիմի անդամ եք եղել, հաշվի առնելով, որ Ձեզ հեռացրեցին թիմից, հնարավո՞ր է այսօրվա Ձեր հարվածները ուղղված «Ժառանգությանը» կամ Րաֆֆի Հովհաննիսյանին դրա հետ է կապված: Նա պատասխանեց. «Ես այն ժամանակ էլ ընդդիմություն էի եւ փոքրամասնություն էի կուսակցության մեջ, դարձյալ իմ կարծիքը չէր ընդունվում: Մեղադրելը շատ հեշտ է: Հենց այն, որ կուսակցությունը չի կարող լինել բավարար ուժեղ, դա հենց համակարգի արդյունքն է»:

Մենք նաեւ ճշտեցինք, ասելով, որ շատ կարեւոր էր 3-րդ ճանապարհը, նկատի ունեք Սերժ Սարգսյանի առաջարկնե՞րը Րաֆֆի Հովհաննիսյանին՝ տիկին Հակոբյանը պատասխանեց, որ այո, քանի որ նման մեծ, խոշոր առաջարկ դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ կարող էր Սերժ Սարգսյանն անել. «Այդպիսի մեծ առաջարկ երբեք չի լինի: Մի դժվար ճանապարհ է, հեշտ չի, բայց դա տանում է ինչ-որ տեղ»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին՝ տիկին Հակոբյանը գտնում է, որ եթե նույնիսկ համաձայնվեր Սերժ Սարգսյանը, նրա ուզած պաշտոններն էլ տար՝ «ի՞նչ երաշխիք, որ այդ պաշտոնյաները ավելի լավն են լինելու, քան նախկինները»:

Արդեն ապրիլի 9-ին, ըստ Կարինե Հակոբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը երկու քարի արանքում էր. «Նրան մեղադրել, որ այդ օրը չգնաց առճակատման, ճիշտ չի, որովհետեւ ինքը չի ընդունում առճակատումը եւ ճիշտ է անում: Պետք էր հաշվի առնել, որ այդքան մեծ ռեսուրսներ հավաքելով՝ վտանգներ կլիներ»: Մեր հարցին՝ ապրիլի 12-ին կրկին հանրահավաք է հրավիրված, ի՞նչ կարելի է սպասել այդ օրից՝ նա պատասխանեց. «Ես շատ կցանկանայի, որ Ազատության հրապարակում հանրահավաքների արդյունավետությունը մի քիչ ավելի բարձրանար: Բարեփոխումները հեշտ ճանապարհ չեն, դրա համար պետք է հանրային ճնշում: Ազատության հրապարակի այդ ներուժը պետք է օգտագործվի՝ արդյունք ստանալու համար»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու իր կարծիքով ՀՅԴ-ն, որը շարժման առաջին օրից Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էր, երդմնակալության օրը չեկավ: Կարինե Հակոբյանն այսպես բացատրեց. «Մարդկային գործոնը բավական մեծ դեր ուներ: Մարդիկ, ովքեր այդ բանակցությունները վարում են, շատ կամք չեն ցուցաբերում միավորման համար»:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին ընդդիմության պատրաստվածությունից՝ Կարինե Հակոբյանն ասաց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Երեւանն ուզում են գրավել»: Կոնկրետ Արմեն Մարտիրոսյանը, ըստ բանախոսի, լավ քաղաքապետ կլինի, քանի որ «Ժառանգությունը» տարիներ շարունակ երեւանյան խնդիրների մեջ է եւ շատ լավ պատկերացնում է իրավիճակը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930