Ստվերային տնտեսության դեմ պայքարի հատվածում ՄԻՊ-ը հստակ եւ միանշանակ արձանագրումներ է կատարել՝ այսօր խորհրդարանում ՄԻՊ-ի 2012 թվականին վերաբերվող իր ելույթում նկատեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, փաստելով, որ դահլիճում նստած շատ մարդիկ հովանավորում են , եթե ոչ ուղիղ ներգրավված են խոշոր բիզնեսներում: Մինասյանը գտնում է, որ զեկույցի տնտեսական մասում մարդու իրավունքների պաշտպանը հստակ եւ հսկայածավալ աշխատանք է կատարել: ՄԻՊ-ը առաջարկել է մեխանիզմներ մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Արծվիկ Մինասյանը կիսում է այդ մոտեցումը:
Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, պատգամավորն ասաց. «Մեզ չեք լսում, պաշտպանին լսեք, քաղաքական տեսակետից մենք ձեզ ընդդիմադիր ենք, պաշտպանն էլ հո ճշմարտությունն է ներկայացնում»:
Մինասյանն ասաց որ իրենք դրական են տրամադրվում Կարեն Անդրեասյանի նկատմամբ եւ վերջինս էլ հաճելիորեն զարմացնում է պատգամավորներին: ՄԻՊ-ի 2012 թվականի զեկույցը Արծվիկ Մինասյանը համարում է շատ լուրջ փաստաթուղթ, որն իրենից մեծածավալ ու խորքային աշխատանք է ներառում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշելով 2008-ի հետընտրական իրադարձությունները եւ Արմեն Հարությունյանի պահվածքն այդ իրադարձությունների վերաբերյալ, ասաց որ իրենք ՄԻՊ-ին չէին վստահում: Մինչդեռ, այժմ, Կարեն Անդրեասյանը, ըստ Զուրաբյանի, փորձում է վերադարձնել վստահությունը, ինչ-որ քայլեր է ձեռնարկում եւ «Ձեր նախորդ երկու տարիների զեկույցներում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ բավականին լուրջ փաստարկումներ են կատարվել, ավելին, բավականին լուրջ քայլեր են կատարվել 2008-ի մարտի մեկի չբացահայտվածության առումով»:
Կարդացեք նաև
Այնուհանդերձ, ՀԱԿ-ը Կարեն Անդրեասյանին չի վստահում, քանի որ իր զեկույցներում որեւէ անդրադարձ չկա Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ, մինչդեռ միջազգային կառույցների կողմից հռչակված ինը քաղբանտարկյալ ենք ունեցել, հիմա էլ ունենք`Տիգրան Առաքելյանը: ՀԱԿ-ը չի ընդունում այն բացատրությունը, որ Առաքելյանի գործը դատական ընթացքում է, այդ պատճառով ինքը չի կարողացել անդրադարձ կատարել, քանի որ մի քանի դատական ատյաններում գործն ավարտված է եւ արդեն վճիռների հիման վրա ՄԻՊ-ը կարող էր մոտեցում դրսեւորել: Ու քանի դեռ ՄԻՊ-ը քաղբանտարկյալների հարցերին հստակ չի անդրադառնում`ՀԱԿ-ի համար շարունակում է մնալ «գործիք ռեժիմի ձեռքին»: Զուրաբյանն ասաց, որ այն պահից, երբ Կարեն Անդրասյանը կանդրադառնա այդ հարցերին՝ ի դեմս ՀԱԿ-ի ձեռք կբերի հուսալի գործընկերոջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ