Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրու «Հուսո առագաստ թիվ 27 մանկապարտեզ ՀՈԱԿ»-ից հեռացված երիտասարդ դաստիարակչուհի Ֆլորա Սարգսյանը բողոք էր ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նախակրթարանի տնօրեն Հասմիկ Մանուկյանի դեմ առ այն, որ իրեն կրճատել են աշխատանքից: Ըստ երիտասարդ կնոջ, սկզբում`2008 թվականից ինքն աշխատել է որպես դերձակ, այնուհետ` դաստիարակ, իսկ աշխատանքից ազատվելուց պարզվել է, որ ինքը հավաքարարի հաստիքի տակ է: Նա զայրացել էր, որ հենց իրեն`որբ երեխայի մորն են կրճատել` ապօինի ու ուռճացված հաստիքի տակ աշխատելու պատճառաբանությամբ:
Ֆլորա Սարգսյանը իր բուն բողոքը ներկայացնելուց զատ, նաև տեղեկացրեց, որ այդ նույն նախակրթարանում որպես դաստիարակ գրանցված, 1974 թվականին ծնված Պողոսյան-Հովսեփյան Անգինը 2012 թվականի մայիսից հանրապետությունում չէ: Սակայն շարունակում է աշխատել որպես դաստիարակ 1,25 դրույքով ու ամսական աշխատավարձը կազմում է 63.750 դրամ: «Ես ասում եմ՝ ինչի՞ հիման վրա եք ինձ ազատում, քաղաքապետարանի կրթության բաժնի պետը` պարոն Նախշքարյանը գիտե՞ք ինչ է ինձ պատասխանում, ասում է` կան հարցեր, որոնց պատասխանը ես չեմ կարող տալ: Տնօրենը քցում է բաժնի պետի վրա, բաժնի պետը` տնօրենի վրա ու այսպիսի քաշքշուկներ»:
Ֆլորա Սարգսյանը նաև ասաց, որ քաղաքապետարանի կրթության բաժնի պետը իրեն շնորհակալություն է հայտնել, քանի որ իր ` դատարան ներկայացրած բողոքը առիթ է հանդիսացել իմանալ, թե ի՞նչ ապօրինություններ են կատարվել նախակրթարանում: «Լավ ասեց պարոն Նախշքարյանը, թե մենք ի՞նչ գիտենք նախակրթարաններում ի՞նչ են կատարվում, որ տնօրենը ինչ է անում, իրենց մութ գործերն են: Շնորհակալություն հայտնեց, ասաց` շնորհակալություն, որ տվեցիր դատարան, այ, որ քո նմանները տային դատարան, բավական մութ գործեր կբացեինք մենք վարիչների հետ կապված: Ունեցել ենք աշխատող, որը Հայաստանում չի գտնվել, գիտեք մայիս մասից սկսած, ստացել է աշխատավարձ և դրա համար պարոն Նախշքարյանը ինձ շնորհակալություն հայտնեց, որ իմ միջոցով բացահայտեցին դա: Եթե ես դատարան չտայիր, և դատարանը տարիֆիկացիան չպահանջեր ու ես էնտեղ չասեի, որ հարգելի դատարան, ունենք թոշակառուներ, ովքեր մի դրույքով են աշխատում, դրույքից ավել են աշխատում, ունենք աշխատող, ով Հայաստանում չի գտնվում , բայց աշխատավարձ է ստանում, որտեղի՞ց պիտի իմանային»:
Մենք Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ազատել Ֆլորա Սարգսյանին: «Ֆլորա Սարգսյանի խնդիրը կապված է ՀՈԱԿ-ի հետ, որը ինքնուրույն մարմին է, ինքը կարող է որոշել, թե արդյոք համապատասխանո՞ւմ են այս հաստիքները իրենց ՀՈԱԿ-ի կանոնադրությանը , և որոշում է կայացնում: Նշեմ, որ երկու հաստիքներն էլ ` թե դաստիարակի, և թե հավաքարարի, դրանք ավելորդ հաստիքներ են եղել, և խախտում են նախարարության կողմից հաստատված օրինակելի հաստիքացուցակը: Մնացած խնդիրով մենք որևէ միջամտություն չենք կարող անել, որովհետև ՀՈԱԿ-ը ինքնուրույն է, իսկ կադրերին նշանակում և ազատում է տնօրենը: Խախտում կլիներ, եթե մենք որևէ ձևով միջամտեինք», -ասաց Արմեն Նախշքարյանը:
Նրա պարզաբանմամբ, Ֆլորայի ավելորդ հաստիքը հատնաբերվեց 2013 թվականի բյուջեն հաստատելու ժամանակ, երբ անհրաժեշտություն առաջ եկավ հաստատել տարիֆիկացիոն ցուցակները: Ստուգումների արդյունքում էլ ապօրինի հաստիքը հայտնաբերվեց: Պարոն Նախշքարյանը տեղակցացրեց, որ ըստ օրենքի, այդ մանկապարտեզին մեկ հավաքարար էր հասնում:
Նախակրթարանի տնօրեն Հասմիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ֆլորա Սարգսյանը երբեք դաստիարակ չի աշխատել, նա ընդունվել է որպես դերձակ, հետո հաստիքի փոփոխություն է եղել, և աշխատել է որպես հավաքարար: «Հավաքարարի էլ, դերձակի էլ հաստիքները եղել են օդից կախված հաստիքներ, հաստիքների վերանայման խնդիր է եղել և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հաստիքացուցակով դա մեր մանկապարտեզին չվերաբերող, չհասնող հաստիք է եղել , և այդ պատճառով ազատվել է աշխատանքից: Նա դժգոհել է, դիմել է դատարան, և դատարանը տվել է համապատասխան վճիռ: Ես ինձ իրավունք չեմ վերապահում դատարանի վճռից առավել որևէ բան ասել, Ձեր բոլոր հարցերի պատասխանը փնտրեք վճռում» , -խորհուրդ տվեց տիկինը:
Այն հարցին, թե ուրեմն 5 տարի շարունակ օրինակելի հաստիքացուցակով չե՞ք առաջնորդվել, մանկապարտեզի վարիչը պատասխանեց. «Դա արդեն թույլ տվեք չպատասխանելու, հարցրեք իրեն»: Նա նաև ասաց, որ Ֆլորայի երեխան հաճախել է իր ղեկավարած մանկապարտեզը, և երկար ժամանակ երեխայի բոլոր տեսակի ֆինանսական բոլոր հարցերը լուծել է ինքը` տնօրենը: Տիկին Մանուկյանը կտրականապես հերքեց, որ իր մանկապարտեզում կան դաստիարակներ, որոնք Հայաստանում չգտնվելով՝ աշխատավարձ են ստանում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ