Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հարցազրույցից
-Զուգահեռ անցկացնելով «Մարտի 1»-ի եւ «քաղաքացիական երդմնակալությանը» հաջորդած դեպքերի միջեւ, կարո՞ղ ենք ասել, որ այս անգամ «էժան պրծանք». ընդդիմությունը չանցավ ռուբիկոնը։
-Ապրիլի 9-ի իրադարձությունները համեմատելի չեն 5 տարվա վաղեմության դեպքերի հետ։ 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցածը ողբերգություն էր, երեկվա միջադեպերը կբնութագրեի որպես իրադարձությունների ոչ ցանկալի ընթացք ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ բոլորիս համար։
Մի նմանություն եմ տեսնում. զանգվածային միջոցառումները միշտ վերահսկողությունից դուրս գալու ներքին վտանգ են պարունակում։ Այսինքն՝ իրադարձությունների ընթացքը միշտ չէ, որ կախված է լինում առաջնորդի կամքից եւ ցանկություններից։ Սա՝ մեկ։
Երկրորդ հանգամանքը, որ կցանկանայի նշել, մամուլի վերաբերմունքն է Ր.Հովհաննիսյանի անձի եւ գործողությունների նկատմամբ։ Բոլորը կարծես սադրում են Ր.Հովհաննիսյանին՝ դրդելով «վճռական գործողությունների», մեղադրելով «մինչեւ վերջ չգնալու», «կտրուկ քայլեր» չանելու, իշխանություններին «ծախված լինելու», «ռեժիմի հետ համագործակցելու» համար։ Այս պարագայում ընդդիմադիր առաջնորդը կամա-ակամա հայտնվում է շատ խոցելի վիճակում, եւ այդ ամենը որոշակի ազդեցություն է ունենում նրա վարքագծի վրա։
-«Կողմերի» գործողությունները հիմք տալի՞ս են ասելու, որ «Մարտի 1»-ի դասերն իզուր չեն անցել. ընդդիմությունը եւ իշխանությունը ինչ-որ հետեւություններ արել են անցյալի դառը փորձից։
-Իհարկե, երեկ եւս չհաջողվեց խուսափել անցանկալի զարգացումներից, որի համար խորապես ցավում եմ, բայց եւ այնպես, տարբերությունը տեսանելի է անզեն աչքով։ Երեկվա իրադարձությունները ի հայտ բերեցին նոր տարր հայրենի քաղաքական եւ իրավական մշակույթում։
Դա ոստիկանապետի հայտնվելն էր իրադարձությունների կենտրոնում։ Ըստ էության, Վլադիմիր Գասպարյանը կարողացավ արդյունավետ երկխոսություն ծավալել ընդդիմության առաջնորդի հետ, երկուսն էլ դրսեւորեցին ցանկություն՝ լսելու, հասկանալու միմյանց եւ քաղաքակիրթ ձեւով հարթելու իրավիճակը, այնքանով, որքանով դա հնարավոր էր, եւ ինչ-որ չափով լիցքաթափեցին լարված իրավիճակը, որ ստեղծվել էր։
-Չնայած ընդդիմության վերջին հրապարակային ակցիաները բազմամարդ չէին, երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ կա դժգոհների որոշակի զանգված, որը պատրաստ է դուրս գալ փողոց։ Այդ մարդկանց հետ միջնորդավորված երկխոսությունը շարունակելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։
-Առիթ ունեցել եմ ասելու՝ այն, ինչ հնարավոր էր երեկ, դժվար է անել այսօր, այն, ինչ հնարավոր է այսօր, վաղը դժվար է լինելու։ Ցավոք սրտի, զանգվածային միջոցառումները ենթադրում են «արմատական» բառապաշար, որը ամեն ելույթից հետո ավելի ու ավելի է նվազեցնում համագործակցության հնարավորությունը։
Բայց եթե կա ցանկություն՝ լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները (ե՛ւ նախագահի, ե՛ւ Ր.Հովհաննիսյանի մոտ տեսնում եմ այդ ցանկությունը, երկուսի ազնվությանն էլ հավատում եմ), միշտ հնարավոր է այս կամ այն հարցում համագործակցության եզրեր գտնել, չնայած, կրկնում եմ, դա գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում։
Չեմ կարծում, թե որեւէ մեկը այսօր կարող է 50 հազար, 100 հազար, 150 հազար մարդ բերել հրապարակ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ փոխվել է հասարակությունը, հանրության մտածելակերպը, եւ պայքարի ձեւերն են փոխվել։
Եթե հրապարակում 50 հազար մարդ չի հավաքվում, դա դեռեւս չի նշանակում, թե քաղաքացիները, որոնք քվեարկել են իշխանության դեմ, գոհ են իրավիճակից։ Այդ դժգոհությունը կա, շարունակում է մնալ, եւ մենք պետք է դրա հետ հաշվի նստենք։ Այսինքն՝ այնպես չէ, թե պետք է հաշվենք՝ քանի մարդ է կանգնած հրապարակում, եւ ասենք՝ քիչ են գալիս, ուրեմն ամեն ինչ լավ է։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»