«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի համար Վրաստանը ուղի է, Հայաստանը` միջոց, իսկ Ադրբեջանը` մրցանակ», – «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազույցում նման կարծիք է հայտնում վաշինգտոնցի վերլուծաբան Փոլ Գոբլը:
1990-ականների սկզբին ի հայտ եկած այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» հեղինակը պնդում է, թե պաշտոնական Մոսկվայի նպատակն այսօր Հարավային Կովկասի պետություններում Ռուսաստանի ազդեցությունը տարածելն ու ամրապնդելն է:
«Եթե Պուտինը մի օր առավոտյան արթնանար եւ տեսներ, որ իր երազանքները իրականություն են դարձել, դա կնշանակեր, որ ռուսական ազդեցությունն արդեն հասել է Արաքս գետի ափին», – նշում է ամերիկացի վերլուծաբանը` արձանագրելով, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը անում է հնարավորը հենց Ադրբեջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար:
«Ադրբեջանը հարուստ երկիր է, աշխարհագրական կարեւորագույն դիրք ունի, եւ քանի որ այստեղով է անցնում դեպի հարավ, դեպի Իրան տանող ճանապարհը, այն հայտնվել է Ռուսաստանի աշխարհքաղաքական շահերի ոլորտում: Բնական է, որ Մոսկվան կուզեր այստեղ իր նկատմամբ բարեկամաբար տրամադրված կառավարություն տեսնել», – նշում է Գոբլը` հավելելով. – «Մի քանի տարի անց Երեւանում կհասկանան, որ Ադրբեջանում ռուսամետ իշխանության ի հայտ գալու դեպքում Մոսկվան կդավաճանի Հայաստանին»:
Կարդացեք նաև
Գոբլի խոսքով, սակայն, նման հեռանկարը ադրբեջանցիներին չպետք է ոգեւորի:
«Ադրբեջանում պետք է հասկանան, որ ռուսական ազդեցության տակ հայտնվելու փաստը երկրին որեւէ օգուտ չի տա, անգամ եթե կորսված տարածքները վերադարձվեն: Ռուսաստանը հենց այդ նպատակն է հետապնդում: Վլադիմիր Պուտինի ցանկությունն է Ադրբեջանում խորհրդային տիպի վարչակազմ ձեւավորելը` Մոսկվայի հստակ գերիշխանությամբ», – ընդգծում է վաշինգտոնցի վերլուծաբանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին` մասնավորաբար հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, Փոլ Գոբլը կանխատեսում է. – «Ես երեք ակնկալիք ունեմ ադրբեջանական ընտրություններից: Առաջինը, որ մարդկանց հնարավորություն կտան ազատորեն արտահայտել իրենց տեսակետը` առանց սպառնալիքներից վախենալու: Կարծում եմ նաեւ, որ այս ընտրություններում նախորդների համեմատ որոշակի առաջընթաց կլինի, դրանք թափանցիկ կլինեն»:
Բացի այդ, Գոբլը հույս է հայտնում, թե Բաքվում կհասկանան, որ ղազախական, ռուսական կամ բելառուսական տիպի «կայունությունն» իրականում շատ պայթյունավտանգ է: Այդ իսկ պատճառով, վերլուծաբանը հույս ունի, որ այս ընտրությունները կդառնան «Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացի սկիզբը»: