Ինչպես ամեն երկրում, այնպես էլ մերում, կա իշխանություն, կա ժողովուրդ եւ կա ընդդիմություն: Մնացյալը, իրենց ինչպես էլ անվանեն, այս երեքի տիրույթում են, ոչինչ ավելին: Սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների, մեր երկրում իշխանությունը մշտապես ճանաչվել է «ոչ լեգիտիմ», որի դեմ մշտապես պայքարել են ընդդիմությունն ու ժողովուրդը, կամ, ընդդիմության խոսքերով, նաեւ ժողովուրդը: Ու եթե այս անկախ տասնամյակների ընթացքում այս առումով մեր երկրում ոչինչ չի փոխվել, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ բան սխալ է անում:
Հասկանանք, թե ով: Անմիջապես «կասկածանքներից» ազատվում է իշխանությունը, քանի որ իշխանությունը ձգտում է հնարավորինս երկար գոյության, ու նրա խնդիրն ու թերացումը չէ, որ իր դեմ պայքարողներն իրեն հաղթել չեն կարողանում: Հետեւաբար իշխանությունը, եթե սխալ բաներ կամ թերացումներ անում է (ինչպես ամեն երկրում, ի դեպ), ապա դրանք չեն վերաբերում տվյալ իրավիճակին: Նույնը կարելի է ասել ժողովրդի մասին: Վաղուց արդեն ժամանակն է հասկանալու, որ ժողովուրդը խիստ լայն, խայտաբղետ ու տարբեր գոյակցություն է, ու եթե քաղաքակիրթ, առողջ ու սեփական քաղաքացիական իրավունքը գիտակցող ժողովուրդ է, ուրեմն չի կարող մեկի կողքին լինել, ընդդեմՙ մյուսի: Մարդկային գոյության այս խմբավորման մեջ մշտապես եղել են ու պետք է լինեն տարբեր դիրքորոշումներ, սկզբունքներ, շարժառիթներ ու ցանկություններ, նաեւՙ երազանքներ: Իսկ որ շատ պարագաներում այս ամենը համընկնում է, դեռ չի նշանակում, որ ժողովուրդը միեւնույն ցանկությունները, դիրքորոշումներն ու նաեւ երազանքներն ունի: Ուրեմն ճիշտ չէ ժողովրդին իշխանությունից առանձին դիտարկելը այն պարզ պատճառով, որ իշխանության ներսում էլ ժողովուրդ կա: Այդուհանդերձ, եթե ժողովրդի մեծամասնությունը իրոք անցյալ տարիներից մինչեւ օրս պայքարում է «ոչ լեգիտիմ» իշխանությունների դեմ, ու ոչինչ չի փոխվում, չի կարելի մեղադրել ժողովրդին, որովհետեւ նա ունի մի շատ կարեւոր առանձնահատկություն: Մեր ժողովուրդը հիասթափված է, ինչը տասնամյակների պատմություն ունի: Նման առանձնահատկությամբ ժողովուրդը դժվարությամբ է հավատում կրկին, բայց միամտաբար է հավատումՙ նորից: Իսկ հավատալուց հետո սկսում է ենթարկվել հարթակին, այն նույն հարթակին, որտեղից պարբերաբար հիշեցնում ու ընդգծում են, որ «ոչինչ չեն անելու առանց ժողովրդի»: Ուրեմն, եթե հավատացած ժողովրդի մոտ էլ ոչինչ չի ստացվում, մեղավորը, ստացվում է, նրանք են կամ նա է, որոնց հավատում է ժողովուրդը… Ընդդիմություն: Տասնամյակների ընթացքում քաղաքական այս ուժերի «դաշնությունը» ասոցացվել է մեզանում ժողովրդի հետ, ինչն, ինչպես վերը նշեցինք, ճիշտ չէ: Ընդդիմությունը մշտապես պայքարել է ժողովրդի լայն շերտերին հասկանալի նպատակների համար, բայց ընդդիմությունը մշտապես ավարտել է իր պայքարը ժողովրդի համար անհասկանալի տեղում, անընդունելի կերպով: Րաֆֆի Հովհաննիսյանն այս առումով ամենեւին էլ բացառություն չէ եւ առաջինը չէ: Ճիշտ է, Հովհաննիսյանն ամենեւին էլ իր պայքարը (ներողություն, ոչ թե իր, այլՙ ժողովրդի պայքարը) չի ավարտել, բայց այսօր էլ ակնհայտ է, որ ոչ փետրվարի տասնութին երկրում բան փոխվեց, ոչ էլ ապրիլի իննին… Ու այստեղ մեղավորը ընդդիմությունն է, կոնկրետՙ Րաֆֆին: Մեղավոր է, որովհետեւ այստեղ մեղավոր չէ ոչ իշխանությունը, ոչ էլ ժողովուրդը, ով երբեք եւ ոչ մի հարցում մեղավոր չի լինում, չի կարող լինել:
Րաֆֆին ինքը ապրիլի 9-ին, կեսգիշերին, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետՙ ժողովրդի համար խիստ անհասկանալի, իսկ ոմանց համար էլՙ խիստ անընդունելի շրջագայությունից հետո, Բաղրամյան պողոտայում, ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ի միջանցքում է ասել, ընդունել է, որ «կային կազմակերպչական սխալներ»… Իսկ գուցե այդ սխալները միայն կազմակերպչական չեն, գուցե այդ սխալներն արդեն խրոնիկ բնույթ են կրում, հատուկՙ բոլոր ընդդիմադիր ուժերին ու հրապարակի ամենաբարձր կետում կանգնած նրանց առաջնորդներին… Գուցե: Բայց միանշանակ է, որ եթե տասնամյակների ընթացքում ստեղծված այս իրավիճակում մեղավորն իշխանությունն է, ապա այս ստեղծված իրավիճակը տասնամյակների ընթացքում չհաղթահարելու մեղավորը ընդդիմությունն է: Իսկ ժողովուրդը, ինչպես միշտ, հիասթափված է, միամիտ եւ անմեղ…
Կարդացեք նաև
Հովիկ ԱՖՅԱՆ
«Ազգ»
Վերջին նախադասությունը արդարացնում է ժողովրդի բոլոր աններելի մեղքերը: