Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր շեշտադրումներ նախագահի ծրագրային ելույթում

Ապրիլ 11,2013 11:43

Ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանի սեղմ, բայց բովանդակալից ելույթում առաջադրվեցին այնպիսի գաղափարներ եւ դրանց վրա հիմնվող կոնկրետ հիմնախնդիրներ, որոնք ոչ միայն երկրի իշխանությունների, այլեւ ողջ հասարակության մտահոգությունների հիմնական առանցքն են կազմում։
Նախեւառաջ ուշագրավ էր նախագահական ընտրությունների արդյունքների մասին նախագահի հավասարակշռված գնահատականը։ Նրանում ներառված էր նաեւ երկրում գոյություն ունեցող խնդիրների շուրջ հասարակության մի կարեւոր հատվածի անթաքույց դժգոհության հստակ եւ անկեղծ խոստովանությունը եւ ամենակարեւորը՝ այդ իրողության մատնանշումից բխող իշխանության աներկբա հավաստիացումը. «Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ։ Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»։
Նույնը կարելի է ասել իր կառավարման երկրորդ ժամկետի ընթացքում նախագահի կողմից որդեգրված առաջնահերթությունների հստակ սանդղակի մասին, այն է՝ տնտեսական առաջընթաց, իրավունքի գերակայության ապահովում, ժողովրդավարության խորացում։
Այս եռամիասնական հիմնախնդիրների շարքում, ինչպեսեւ սպասվում էր, գերակայությունը տրվեց տնտեսական առաջընթացին որպես երկրի առջեւ ծառացած ամենահրատապ հիմնախնդիրների լուծման բանալի։ Դրա քաղաքական վտանգավոր հետեւանքների բացահայտումը նույնպես հստակ էր՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն։
Մեզանում այս երեք մարտահրավերները իրականում արդեն ձեռք են բերել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բովանդակություն, իսկ դրանցից առաջինը դարձել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն հիմնախնդիր։
Պատահական չէ, որ ներքաղաքական օրակարգից անցնելով արտաքին քաղաքականության ասպարեզում երկրի առջեւ կանգնած հիմնական խնդրին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց առաջիկա տարիներին պատերազմի վտանգի մեծացման մասին։ Սրանով լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը է՛լ ավելի սերտորեն շաղկապվեց երկրի անվտանգության հետ կապված խնդիրների ողջ համալիրին։
Որովհետեւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ միջազգային համայնքի գործադրած ջանքերը, նախագահը միաժամանակ հստակորեն ընդգծեց, որ նման վտանգի առարկայացման պարագայում «մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին»։ Ուրեմն պատերազմական վտանգի մեծացման պայմաններում ապրող երկրի համար բարեփոխումները սեփական ուժերի ու հնարավորությունների մեծացման վճռորոշ պայմանն են։
Անշուշտ, հենց սա է Ղարաբաղյան պատերազմից մեզ մնացած ուսանելի դասը։
Ներկայումս հակառակորդը փորձում է ձեռք բերել գերազանցություն, որը կանխելու համար կրկին ու կրկին հարկ է մտածել երկրի տնտեսության արմատական բարելավման մասին։ Չնայած այս մտահոգիչ զարգացումների հստակ ու աներկբա արձանագրմանը, նախագահի ելույթից բխող հիմնական մեսիջը Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող շանտաժի եւ շրջափակման քաղաքականությանը հակադրվելու վճռականությունն էր, քանզի «որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում»։
Այս համատեքստում ճշգրտորեն ընդգծվեցին նաեւ այն գործոնները, որոնք կենսատու ուժի աղբյուր են մեր պետության ու ժողովրդի համար։ Դրանք առաջին հերթին՝ «մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է», այսինքն՝ այն, ինչը հայտնի է «մարդկային կապիտալ» անվամբ։
Հասկանալի է նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթում սահմանված այս բոլոր գերակայություններն ու դրանցից բխող գործնական առաջադրանքները կոնկրետացնելու խնդիրն ընկնելու է Հայաստանի նոր կառավարության վրա։ Բայց քանի որ առաջիկա տարիներին երկրի առջեւ ծառացած խնդիրները նախագահի կողմից սահմանվել են ավելի քան հստակ ու աներկբա կերպով, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի գործադիր իշխանության ոլորտում նույնպես սպասվում են լուրջ փոփոխություններ։
Նման տեսականորեն ճիշտ ու հստակ գերակայությունների իրականացման համար Հայաստանը զգում է նոր ու թարմ մտածողությամբ օժտված կադրերի կարիքը, որոնք ի վիճակի կլինեն բեկում մտցնել երկրի տնտեսական զարգացումն արագացնելու, իրավունքի գերակայության ապահովման ու ժողովրդավարության խորացման գործում։
Հետընտրական շրջանում արձանագրվող որոշակի անորոշություններից եւ իշխանության ու ընդդիմության տարբեր ներկայացուցիչների՝ միմյանց հակադիր, երբեմն էլ հակասական գնահատականներից հետո, ապրիլի 9-ի իր երդմնակալության կապակցությամբ Հայաստանի նախագահը հստակորեն սահմանել է առաջիկա հինգ տարիներին երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական գերակայությունները։
Եվ եթե առաջիկայում այս միանգամայն ճշգրիտ ու առարկայական գնահատականներին հետեւեն կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու հմտությունը, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի հաղթահարման ներուժ ու կարողականություն ունեցող կադրերի նշանակումները, ապա դրանով բարենպաստ պայմաններ կստեղծվեն նաեւ հայաստանյան հասարակության համախմբման համար։
Իսկ դա ներկայումս խիստ անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական խնդիրների լուծման, այլեւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

 

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930