The Washington Post-ը գրում է, որ մի քանի հազար ընդդիմադիրներ ապրիլի 9-ին ցույց էին կազմակերպել Հայաստանի նախագահական նստավայր տանող պողոտայում, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը երդվեց երկրորդ անգամ գահակալելու համար։ «Շուրջ 3000 մարդ էր հավաքվել նախագահական նստավայր չհասած ճանապարհին, սակայն ոստիկանների շղթան արգելել է նրանց առաջ շարժվել, ինչի արդյունքում մի քանի փոքր բախումներ են տեղի ունեցել, որից հետո ոստիկանները ցուցարարներին ցրվելու կոչեր են արել եւ որոշ փաստարկներից հետո ցուցարարները լքել են տարածքը, պողոտան բացվել է ժամը 23:00-ի սահմաններում»,- գրում է թերթը եւ հավելում, որ լուրջ վնասվածքներով վիրավորների մասին տեղեկություններ չկան, բայց Հովհաննիսյանի կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը պողոտայից հեռացվել է արյունոտ դեմքով։
Հոդվածում նշված է նաեւ, որ փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Սարգսյանը հեշտ հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 59 տոկոսը, սակայն ԱՍՆ-ում ծնված նրա մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ստացել էր ձայների 37 տոկոսը, ընտրությունները կեղծված է համարում, եւ Սարգսյանին հորդորում է հրաժարվել նախագահի պաշտոնից։
The Washington Post -ը հիշեցնում է միջազգային դիտորդների՝ նախագահական ընտրություններից հետո ներկայացված զեկույցում տեղ գտած որոշ կետերի մասին, մասնավորապես այն, որ չնայած ընտրություններում ընդհանուր առմամբ հարգվել են ժողովրդավարական ազատությունները, սակայն իսկական մրցակցությունը
բացակայել է այնպիսի չարաշահումների պատճառով, ինչպիսիք են քարոզչական միջոցառումներին մասնակցելու համար հանրային աշխատողների վրա ճնշում գործադրելը։
Կարդացեք նաև
Reuters–ը անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին՝ գրում է, որ չնայած որոշ ցուցարարներ ձերբակալվել էին, բայց 2008 թ. դեպքերը, ինչի արդյունքում 8 քաղաքացի եւ 2 ոստիկան էին սպանվել, չկրկնվեցին։ «Մենք ոչ ենք ասում կեղծ երդումներին, մենք ոչ ենք ասում կեղծ նախագահին»,- մեջբերում է պարբերականը Ր. Հովհաննիսյանի խոսքերը՝ ուղղված իր համակիրներին։ Պարբերականը նկարագրում է, թե ինչպես են ցուցարարները հանրահավաքից հետո քայլերթ իրականացրել ամբողջ քաղաքով մեկ, բայց ոստիկանների կողմից կանգնեցվել են, երբ փորձել են գնալ նախագահական նստավայրի մոտ, որից հետո վերադարձել են Ազատության հրապարակ։
Euronews-ը հայտնում է, որ հազարավոր մարդիկ հավաքվել են Երեւանի Ազատության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրված Ս. Սարգսյանի երդմնակալման դեմ։ «Ես չեմ ուզում, որ Սարգսյանի նման մեկը լինի նախագահ։ Ցանկանում եմ մեկին, ով սիրում է Հայաստանը եւ մտածում նրա ապագայի մասին»,- հեռուստաալիքին ասել է ցուցարարներից Կնյազ Մինասյանը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ընտրությունների կեղծիքների վերաբերյալ 70 դիմում-բողոք էր ստացվել ընտրական հանձնաժողով, սակայն վերջինիս եզրակացության համաձայն՝ դրանք հիմնված չեն եղել փաստերի եւ իրավական ապացույցների վրա։
Թեեւ նշվում է, որ Հայաստանում տարիների լճացումից հետո վերականգնվել է տնտեսական աճը, սակայն նախկին խորհրդային հանրապետությունում աղքատությունը շարունակում է մնալ լայնորեն տարածված։ Համաշխարհային բանկի վերջին վիճակագրական տվյալներով (2010 թ.) ՀՀ բնակչության ավելի քան 1/3-ը ապրում է աղքատության մեջ։
Միջազգային մի քանի այլ պարբերականներ («The Telegraph», «Eurasianet», «ABC», «Charlotte Observer», «Monterey Herald») եւս անդրադարձել են ապրիլի 9-ի իրադարձություններին եւ նշել, որ Սարգսյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվել ընդդիմադիրների կողմից։ Պարբերականները հիշեցնում են, որ փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանը ստացել է ձայների 59 տոկոսը, իսկ ծագումով ամերիկահայ Ր. Հովհաննիսյանը՝ 37 տոկոսը։ Վերջինս հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են, հացադուլ է արել եւ բողոքի ակցիաներ անցկացրել՝ կոչ անելով Ս. Սարգսյանին հրաժարական տալ։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»