Երեկ, դատելով ԱԺ-ում «ՀԺ»–ի թղթակիցների աշխատանքի արդյունքից եւ օրվա ընթացքում ընդհանուր լրահոսի վերլուծությունից, եզրակացությունը մեկն էր. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները «մկան ծակին հազար թուման» էին տալիս, լրագրողներից խուսափելու եւ որեւէ հարցի չպատասխանելու համար։ Այնինչ, նախորդ օրը երկրում կարեւորագույն իրադարձություն էր կատարվել. Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը հիմնված նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վրա, որն էլ ուղեկցվել էր դրան ընդդիմացող քաղաքացիների մեծ հանրահավաքով, երթով դեպի նախագահական նստավայր, ոստիկանական ուժի կիրառմամբ քաղաքացիների հանդեպ։ Սրանք իրադարձություններ էին, որոնց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չէին կարող անարձագանք թողնել։ Սակայն, թե ՀԱԿ եւ թե ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների մեծ մասը խուսափում էին հարցերին պատասխանելուց։
Ակնհայտ է, որ խուսափելու համար նրանք լուրջ հիմքեր ունեին, օրինակ՝ ինչ պետք է պատասխանեին Սերժ Սարգսյանի դեմ պայքարող այս ուժերի ներկայացուցիչները այն հարցին, թե ինչու իրենք այդ օրը կանգնած չէին Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ելած, նրա երդմնակալությունը չընդունելու մասին իրենց ձայնը բարձրացրած ժողովրդի կողքին։
Այս հարցին հնարավոր չէ գտնել հիմնավոր, գոհացուցիչ պատասխան։ Ինչ է, պետք է ասեին՝ իրենք այդտեղ չէին, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ չեն վերաբերվո՞ւմ։ Իսկ ժողովուրդը, այդտեղ հավաքված քաղաքացիները՞, նրանց լո՞ւրջ էին վերաբերվում, թե ոչ։ Նրանց բարձրացրած ձայնը իրենց համար ընկալելի՞ էր, թե՞ ոչ։ Հնչած պահանջը, ըմբոստությունը համապատասխանո՞ւմ էր ապօրինի իշխանությունների դեմ պայքարելու վերաբերյալ այդ ուժերի հռչակած քաղաքական նպատակին, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ այդ մասին պետք է հստակ հայտարարվի, եթե այո, ուրեմն իրենք պատգամավորական իրենց դիրքերից պետք է զորավիգ կանգնեին այդ ժողովրդին։
Երեկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Առավոտի» լրագրողի հետ զրույցում մի կես բերան պատասխանել էր վերոնշյալ հարցին՝ ասելով, որ ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկություններ էր արել, սակայն Հովհաննիսյանը չէր ընդունել դրանք, եւ դրանից հետո «ՀՅԴ-ն էլ որտեղ պետք է լիներ»։ Լրագրողը, սակայն հարցը հստակ էր ձեւակերպել. «ՀՅԴ-ն Ազատության հրապարակ չգնաց, մինչ այդ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ էին անում այն մասին, որ ժողովրդի կողքին են»։ Ստացվում է, որ ՀՅԴ-ն ժողովրդի կողքին է այնքանով, որքանով հարթակի համար ընդունելի են իր առաջարկները։ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները երեկվա դրությամբ նույնիսկ այդ կես բերան բացատրությունը չունեին:
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»