Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Ընդդիմադիր ուժերի էական եւ ոգեւորիչ համախմբում տեղի չունեցավ»

Ապրիլ 11,2013 10:31

Հատված Կարապետ Ռուբինյանի հարցազրույցից:

Ձեզ համար սպասելի՞ էր, որ ոստիկանները կծեծեն մարդկանց։

– Որ ոստիկանները կոպտորեն կոտնահարեն մարդկանց իրավունքները, կասկած չունեի, բայց ինչքան հասկանում եմ, եւ փորձն էլ դա է հուշում, որեւէ կոնտակտի պետք չէ գնալ ոստիկանության հետ, եւ որեւէ դրական սպասելիք էլ չէր կարող լինել այդ բախումներից։ Այսինքն, ինչը որ կատարվեց, կարծում եմ՝ պլանավորված չէր, այլ պատահականություն էր, բայց հրապարակում հավաքված զանգվածին չտիրապետելու արդյունք էր դա։

Կա՞ր ոստիկաններին ուժային գործողությունների հրահրելու պահը։

– Դուք տեսել եք, երեւի, YouTube-ում տեղադրված կադրերը։ Ակնհայտորեն երեւում է, որ, իհարկե, կային սադրիչներ, եւ ոստիկանությունը, սադրիչներին բռնելու փոխարեն, բոլորիս աչքի առաջ բռնում է մարդու, որը փորձում էր զսպել սադրիչներին։

Բայց այդ ընդհարմանը պետք չէր հասնել։ Դա հետեւանք էր նրա, որ հստակ գործողությունների ծրագիր ներկայացված չէր ժողովրդին առաջնորդի կողմից, եւ հավաքվածների մոտ տպավորություն ստեղծվեց, որ ժողովրդի ընդվզումը հերթական անգամ ապարդյուն է անցնելու։ Այստեղից էլ այդ սուլոցներն ու այդ պահանջներն են՝ գնալ եւ ինչ-որ բան այնուամենայնիվ ձեռնարկել։ Համոզված եմ, որ եթե գործողությունների ծրագիր ներկայացվեր, եւ մարդիկ համոզված լինեին, որ պայքարի ընդամենը մեկ փուլ է ավարտվում եւ նոր, մտածված փուլ է սկսվում, եւ անելիք կունենա յուրաքանչյուրը, այդպիսի ռադիկալ քայլերի պահանջներ չէին լինի։ Եթե լինեին էլ, դա օժանդակություն չէր ստանա հավաքվածներից մեծ մասի կողմից։

Եթե համեմատեք այս շարժումը 2008-ի հետ, ի՞նչ տարբերություն կնշեք։

– 2008-ի շարժումը շատ ավելի հզոր էր ներգրավված զանգվածների, քաղաքական գործիչների առումով։ Րաֆֆի Հովհաննիսյանի թատերաբեմ բարձրանալը, որպես իրականում ընտրված նախագահի, հույս ներշնչեց մի պահ, որ նրան ավելի հեշտ կհաջողվի համախմբել տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական շարժումների, եւ այդպիսի քննարկումներ սկսվեցին, որոնք, ցավոք սրտի եւ զարմանալիորեն, ոչ մի արդյունք չտվեցին։ Եթե չհաշվենք ժողովրդին քիչ հայտնի մի քանի կուսակցությունների համախմբումը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակում ներգրավվելը, ապա ընդդիմադիր ուժերի էական եւ ոգեւորիչ համախմբում տեղի չունեցավ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930