Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՕԵԿ ավագանու անդամները հանդիպեցին այդ համայնքի ՕԵԿ-ականներին:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ավագանու ցուցակի թեկնածուներ՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին եւ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանին կուսակիցներին ներկայացնելիս ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է Արմեն Երիցյանին քաղաքապետ ներկայացնելը. «Կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը մեզ համար շատ ընդունելի է եղել, որովհետեւ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն իր անցած ճանապարհով ու կենսագրությամբ մեծ պատիվ է բերում, եւ կուսակցության անդամները հպարտությամբ են մասնակցում քարոզարշավին եւ պատրաստակամ են ամեն ինչ անել, որ քարոզարշավն ու հետագա ընտրությունների արդյունքների ընթացքն անցնեն բարձր մակարդակով»:
Տիկին Բիշարյանը նաեւ վստահեցրեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն վճռական է իր քայլերի մեջ եւ իր կատարած աշխատանքով արդեն ապացուցել է ժողովրդին, որ ինքը կարող ուժ է եւ իր առջեւ դրված խնդիրները կարող է լուծել եւ գնալ առաջ:
Անդրադառնալով Հովհաննես Շահինյանին՝ վստահեցրեց. «Նա լիարժեքորեն տիրապետում է ՏԻՄ կառավարմանը եւ Երեւանի զարգացման համար մեծ գործ ունի անելու»: Հովհաննես Շահինյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենց ծրագրերը բազմաթիվ են. «Բազամթիվ խնդիրներ կարելի է լուծել, չկա ոլորտ, որ չենք պատկերացնում ինչից է պետք սկսել, գլխավորը քաղաքական թիմ ու կամք ունենալն է, ինչը ՕԵԿ-ն ունի»:
Կարդացեք նաև
Քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն էլ կուսակիցներին վստահեցրեց, որ հաղթելու են. «Մեր գործով ենք ապացուցել, որ կարող ենք աշխատել եւ անել այն, ինչ մեր ծրագրում կա»:
Նա նաեւ պատմեց, որ 911 ծառայությանը շատ ահազանգեր են ստանում հենց Մալաթիա-Սեբաստիա համայնքից, բազմաբնակարան շենքերի վերելակների խնդրով. «Այստեղ բազմաբնակարան շենքերը շատ են, խնդիրները՝ նույնպես: Մենք ինչ ենք ուզում, մեր ծրագրում ասում ենք, որ բազմաբնակարան շենքերը պետք է լինեն սեյսմակայուն: Այս ուղղությամբ ունենք ծրագիր, աղբահանություն, վերելակեր….սրանք բոլորը մեր ծրագրում կան: Այսօր ասում ենք, որ պետք է ապակենտրոնացնենք կենտրոնի շինությունները: Պաշտպանության նախարարարությունը Մասիվում է, վա՞տ է, այնտեղ գնում, աշխատում են: Ինչո՞ւ չպետք է մի նախարարություն էլ լինի Բանգլադեշում: Ասում ենք, այնպես պետք է անենք, որ մարդիկ աշխատեն, պետք է տանք, որ պահանջենք: Կամ բակերում գնում ես, ասում են՝ խաղալու տեղ չկա, գարաժներ, տարբեր բաներ են բերել սարքել, երեխեքը խաղալու տեղ չունեն: Իհարկե, պետք է անդրադառնանք այս խնդիրներին»:
Նա նաեւ ասաց, որ այնպես են անելու, որ եռամսյակը մեկ անգամ քաղաքապետը իր զեկույցով ներկայացնի իր կատարած աշխատանքը. «Պարտավոր է ասել՝ ինչքան գումար ենք հավաքել եւ այդ գումարներն ուր են գնացել»:
ՕԵԿ-ը նաեւ երեւանցիների ակումբ է նախատեսում ստեղծել, որ երեւանցիները հավաքվեն ու շփվեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ