Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն ազգի մշակույթի որակից էլ կախված է վերաբերմունքը դեպի այդ ազգին»

Ապրիլ 10,2013 21:42

«Ապրիլ ամիսը ռեկորդային ստացվեց մեզ մոտ»,- այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում այսպես ասաց կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը: Քանի որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլ ամսվա ընթացքում հանդես է գալու հինգ համերգով, որից երեքում հնչելու են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգարշավը կսկսվի ապրիլի  12-ին, կներկայացվեն հայ երեք ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` Լևոն Չաուշյանի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը գրվել է 1964թ-ին և առաջին անգամ կհնչեն Վահրամ Բաբայանի 8-րդ սիմֆոնիան, Դավիթ Սաքոյանի «Նահանջ տարի» ստեղծագործությունը:

Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը նշեց, որ հնարավոր է համերգը նվիրվի կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի հիշատակին, չնայած որ նրա ստեղծագործություններն այս անգամ չեն հնչելու: Բայց հետագայում նրան կնվիրվի մեկ այլ առանձին համերգ:

Իսկ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին կոմպոզիտորն ասաց. «Ամեն երկիր, ամեն ազգ ունի մշակույթ և ամեն ազգի մշակույթի որակից էլ կախված է վերաբերմունքը դեպի այդ ազգին: Մեր հայկական մշակույթը ես գնահատում եմ շատ բարձր` և անցյալում, և ներկայում: Իհարկե հայ կոմպոզիտորների կատարումների թիվը դեռ բավականին քիչ է»:

Կոմպոզիտորի խոսքերով՝ հայ կոմպոզիտորական դպրոցը շատ ավելի քիչ է գնահատված` քան ինքն արժանի էր: Եվ քիչ է գնահատված նրա համար, որ քիչ է հնչում: Վերջին տարիներին կոմպոզիտորների աշխատանքները չեն հնչում արտասահմանյան փառատոններին կամ էլ, եթե հնչում են, ապա շատ քիչ: Քանի որ չկա պրոպագանդա, չկա կազմակերպություն, որը դրանով պետք է զբաղվի:

Արվեստագիտության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանն էլ իր հերթին հավելեց. «Ցավոք սրտի հիմա կապերը շատ քիչ են և դժվար է ինչ-որ բան անել: Մենք համագործակցում ենք և Վրաստանի, և Ռուսաստանի հետ: Այնտեղ գիտեն մեր կոմպոզիտորներին` միասին էին մեծացել: Բայց այսպես առանձնացան և հիմա միասին պետք է գործել, քանի որ` ո՛չ երաժշտությունը, ո՛չ նկարչությունը, ո՛չ գրականությունը չի կարող ապրել առանձին-առանձին»:

Կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը նշեց. «Անկախ նրանից՝ արդյոք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվում են, թե ոչ, նրանք շարունակում են գրել օպերաներ, սիմֆոնիաներ»:

ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ ասաց, որ առաջ, երբ ցանկանում էին իրենց մեղադրել, ասում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները չեն կատարվում:  Նրանք առաջ էլ էին շատ կատարում հայ կոմպոզիտորների գործերը, ուղղակի, երբ կատարվում էին մի քանի կոմպոզիտորների ստեղծագործություններ և չէր հնչում ինչ-որ մեկի գործը` նա էլ ասում էր, որ չեն կատարվում հայ կոմպոզիտորների աշխատանքները: Գլխավոր դիրիժորը հավելեց. «Այսօր ես շատ ուրախ եմ, որ կոմպոզիտորների կողքին եմ: Նրանք էլ ինձ են շատ օգնում ինչպես անենք, ինչպես չանենք, սա շատ կարևոր է: Եվ այս ամեն ինչը կանոնակարգված է: Այն ժամանակ ես տպավորություն ունեի, որ նրանք ովքեր խոսում են, նրանք չեն գալիս լսում` ուղղակի խոսում են, որ խոսեն»:

Նրա կարծիքով շատ լավ կլիներ, որ երբ հնչում է հայ կոմպոզիտորներից որևիցե մեկի աշխատանքը, ապա մնացած կոմպոզիտորներն էլ ներկա գտնվեին և լսեին իրենց կոլեգաին. «Միգուցե այսօր չկա լեփ-լեցուն դահլիճ, բայց դա պետք չէ, փոխարենը կլինի շատ պրոֆեսիոնալ լսարան` բոլոր կոմպոզիտորները և երաժշտագետները: Իսկ դա արդեն կլինի հիանալի»:

 

Արմինե Համբարձումյան 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջունում եմ այս համերգը: Երևույթը` գնահատում բացառիկ դրական և շնորհավորում եմ հեղինակներին, կատարողներին, կազմակերպիչներին: Խորին հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930