Կապանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներն ինչքան ժամանակ է սպասում էին գարու սերմնացուի ներկրմանը՝ գարնանացան իրականացնելու համար: Վերջապես սերմնանյութը մարզ է ներկրվել:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ 40 տոննա գարի է ներկրվել Սյունիքի մարզ: Ըստ գյուղվարչության պետի՝ առաջինը Կապանի տարածաշրջանում է բաշխվում սերմնացուի պաշարը, քանի որ այստեղ եղանակն ավելի շուտ է տաքացել՝ գարնանացան իրականացնելու համար եղանակային պայմանները հարմար են: Սակայն, ֆերմերներն ու գյուղացիները պնդում են, որ սերմնանյութը բավականին ուշացրել են, եւ այն պետք է ավելի շուտ տրամադրեին գյուղացիներին: «Ապրիլ ամսվա կեսն ա, պիտի արդեն գարնանացանն արած-վերջացրած լինեինք, լավ ա հիմա էլ բերել են էսքան ուշացրած…», – դժգոհում են գյուղացիները:
Գյուղվարչության պետն ընդունում է, որ ինչ-որ տեղ ուշացրել են գարու սերմնացուի ներկրումը, Կապանի ու Մեղրու տարածաշրջաններին բաշխելուց հետո Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններին արդեն կսկսեն սերմնանյութը տրամադրել:
«40 տոննա գարի է ներկրվել մարզ, բերել ենք Կապանի տարածաշրջան, Մեղրիում պահանջարկը քիչ է՝ ընդամենը 3 տոննա, այն եւս կուղարկենք Մեղրի, որտեղ վերջացնելուց հետո Սիսիան ու Գորիս ենք արդեն սկսելու բաշխել: Հաշվի առնելով, որ գարունը Կապանում ավելի շուտ է գալիս եւ տարածաշրջանի համար արդեն ուշ է՝ առաջինը սկսել ենք Կապանից: Գարու սերմնացուի պահանջարկը Կապանում 70 տոննա է, 170 տոննա՝ Գորիսում, 160 տոննա՝ Սիսիանում: Քանի որ սերմնացուի գինը շուկայականից էժան է, պահանջարկը կարող է շատ լինել, բայց 400 տոննան համապատասխանաբար բաշված է: 1 կգ գարին արժե 200 դրամ, որից 100 դրամը պարոն մարզպետի եւ պարոն Հակոբյանի կողմից օժանդակվում է գյուղացուն, իսկ մյուս 100 դրամը վճարելու է հենց գյուղացին»,- ասաց Ս. Թանգյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ