«Ես ու նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մտերիմ հարաբերությունների մեջ ենք, ու միշտ խոսել ենք, թե ինչպե՞ս անենք, որ Երևանը հարմար լինի երևանցիների համար»,- այսօր Կենտրոն համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում ներկայացված ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Արսենյանի համար տարօրինակ է, որ քարոզարշավի ժամանակ քաղաքական մի ուժ, որը տաս տարի ղեկավարում է Հայաստանը, սկսեց հայտարարել, որ իրենք առաջին տեղն են զբաղեցնելու, եւ որ պայքարը գնալու է երկրորդ, երրորդ տեղի համար: Սակայն Արսենյանը վերապահումներ ունի. «Կարծում եմ, սակայն, որ այստեղ սյուրպրիզ է լինելու, և որոշումը կայացնելու են իրականում Երևանի բնակիչները»: Արսենյանը նաեւ տեսնում է փոփոխությունները, որոնց թվում կան դրականները, բայց բացասական երևույթները այնուհանդերձ, ավելին են:
ԲՀԿ-ի անունից հայտարարելով, որ իրենք «լուրջ մարդիկ» են, նա հավաստիացրեց, որ այն նշաձողերը, որոնք իր առջեւ դրել է ԲՀԿ-ն, միանգամայն իրատեսական են: Սակայն կարևոր է, որ երևանցին որոշում կայացնի` ուզո՞ւմ է այս կամ այն ուժին տեսնել, թե ոչ: Պատկերացնելու համար, թե ի՞նչ է ուզում երևանցին, բանախոսը որոշ հարցերի շուրջ քվեարկություն կազմակերպեց. օրինակ, ո՞վ է ուզում, որ վերանա ներտնային գազի սպասարկման վճարը: Դահլիճում բոլորը «կողմ» քվեարկեցին: «Եթե մենք լինենք քաղաքի իշխանությունները, ապա ներտնային գազի սպասարկման վճարները կվերացնենք… համաձա՞յն եք»,-դիմեց նա ներկաներին: Միայն մի տարեց տղամարդ դեմ խոսեց`ասելով, որ ինքն ակնկալում էր ավելի լուրջ հարցերի քննարկում, քանի որ սա շատ մանր հարց է:
Արսենյանն ասաց, որ ավելի լուրջ հարցերին էլ կանդրադառնա ու շարունակեց ներկայացնել ԲՀԿ-ի համար առաջնահերթություն ներկայացնող խնդիրներին: Հարցերը վերաբերվում են «ճանապարհային կոլափսին», ջրմուղին, աղբահանության, բնապահպանական խնդիրին: Նա նաև տեղեկացրեց, որ մի հետազոտություն է պատվիրել, թե քանի մանկապարտեզ է եղել տաս տարի առաջ և այժմ քանիսն է մնացել: Բայց այդ հետազոտության տվյալները Արսենյանը կներկայացնի եթերով: «Եթե խնդիրների այս շարքը շարունակ եմ… ես իմ քաղաքը շատ եմ սիրում, բայց նման կլինի մարմնի, որի բոլոր օրգանները վատ են աշխատում»,- ասաց նա:
Եզրափակելով ելույթը ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում ներկայացված Գուրգեն Արսենյանը շեշտեց. «Ես ձեզ խոսք եմ տալիս իմ և իմ թիմի անունից, որ եթե մենք ստանձնում ենք քաղաքի իշխանությունը, ապա կիրականացնենք երևանցու պատգամը, առավել ևս, որ և’ դրա ձևը գիտենք, և’ գործիքներն ունենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ