Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալները երբեք չեն մոռացվում, բայց և օգնում են նորից չկրկնել դրանք». Խղճի խայթ առաջացնելու ու դրա հոգեբանական բացատրության մասին

Ապրիլ 10,2013 18:22

Իրենց ուզածին հասնելու կամ ուշադրության պակասը լրացնելու համար մարդիկ պատրաստ են ամենատարբեր քայլերի՝ սպառնալիքից մինչև խաբկանք: Հաճախ այդ բացը փորձում են լրացնել դիմացինի մոտ խղճի խայթ առաջացնելով. ոմանց հաջողվում է, ոմանք էլ կրկնակի անգամ հիասթափեցնում են դիմացինին:

21-ամյա Լուսինեն ևս ուշադրություն գրավելու այդ տարբերակն էր ընտրել. «Նա իմ իդեալն էր, ես երազում էի նրան իմ կողքին տեսնել», – ասում է նա: Սիրահարվել էր մի տղայի, ում դեռ մի քանի օր էր ինչ ճանաչում էր, բայց հասցրել էր սիրահարվել, նույնիսկ սիրել ու պատրաստ լինել ցանկացած քայլի՝ իր կողքին տեսնելու համար: «Նա ընկերոհի ուներ, բայց դա չէր խանգարում ինձ – ասում է Լուսինեն, – կարծես կուրացել էի ու որոշեցի նրան ասել, թե ես անբուժելի հիվանդ եմ»: Սկզբում տղան հավատացել էր, սկսել էր ավելի ջերմ լինել Լուսինեի հանդեպ. «Չնայած ես զգում էի, որ նա խղճում է ինձ ոչ թե սիրում, բայց միևնույն է, հույսս չէի կտրում, որ մի օր էլ այդ խղճահարությունը կվերափոխվի սիրո», – ասում է աղջիկը: Այդպես երկար չէր տևել, ասում են՝ սուտը երկար ճամփա չունի: Մի «գեղեցիկ» օր տղան բացահայտել էր ամեն ինչ ու առանց որևէ խոսք ասելու իրենից հեռու պահել Լուսինեին. «Սկսել էր զանգերիս չպատասխանել, անգամ իր աշխատավայր գնացի, բայց շրջվեց ու ետ դարձավ, չէր ցանկանում անգամ բարևել ինձ, – ասում է Լուսինեն, – ինձ շատ վատ զգացի, ամաչում էի, էլ չէի կարողանում նրա աչքերի մեջ նայել, խուսափում էի նրանից»: Այդպես անցավ գրեթե մեկ ամիս ու այդ ժամանակ միայն Լուսինեն քաջություն գտավ իր մեջ զանգելու ու ներողություն խնդրելու. տղան պատասխանեց զանգին, լուռ լսեց նրա խոսքերն ու ասաց. «Ես չգիտեի, որ դու նման բանի ես ընդունակ, կներես, բայց էլ երբեք չեմ կարող քեզ վստահել»:

Այս դեպքից մեկ տարի է անցել, թվում է պետք է ամեն ինչ մոռացվեր, բայց ինչպես Լուսինեն է ասում՝ սխալները երբեք չեն մոռացվում, բայց և օգնում են նորից չկրկնել դրանք:

«Հոգեբանության մեջ նման վարքը կոչվում է մանիպուլյացիոն, նման արարքները մանիպուլյացիա, – ասաց հոգեբան Անուշ Ալեքսանյանը, – մանիպուլյացիան իր մեջ միշտ բացասական իմաստ է պարունակում: Սա մարդուն իր համար անցանկալի գործողությունների մղելու ձև է: Ծնողներն են դիմում հաճախ նման մեթոդների, կամ սիրահարված մարդիկ իրենց կողքին սիրեցյալին պահելու համար, կամ ամուսնալուծությունից հետո ամուսնուն կողքին պահելու համար կանայք երեխաներին են օգտագործում որպես միջոց»: Հոգեբանի խոսքով՝ մանիպուլացիայի միջոցները շատ են, և դրանք բոլորն էլ հիմնականում առաջացնում են մեղքի զգացում:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930