Նա դժգոհում է այն խնդիրներից, որոնց առնչվում է երգչուհին
Այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մի քանի հարց ուղղեց իր մասնագիտական ոլորտներից: Նախ նա հետաքրքրվեց, թե ինչքանով է արդարացի, որ կերպարվեստի արհեստանոցները հարկվում են կազինոների չափով: Նա դժգոհեց, որ ստեղծագործական տարածքներ չկան, յուղաներկերը շատ թանկացել են, արհեստանոցները ստիպված վաճառում են:
Շուշան Պետրոսյանը նաեւ երգչուհու իր ցավոտ հարցերը բարձրացրեց ՄԻՊ-ի առաջ՝ ասելով, որ չնայած «Կենդանի հնչողության մասին օրենքը» բարեփոխում էր, բայց այն պաշտպանեց միայն հանդիսատեսի իրավունքը, իսկ արտիստների համար տեխնիկական շատ խնդիրներ ստեղծեց. «Եղել են համերգներ, որտեղ ես Տրոցկու թվերի միկրոֆոնով եմ երգել: Այս հարցը բարձրացնում եմ առանց վախի, քանի որ կենդանի երգողներից եմ»:
Կարեն Անդրեասյանը լսեց երգչուհուն եւ ասաց. «Ձեր հարցերն ինձ անհարմար վիճակի մեջ դրեցին: Մենք չենք պատկերացրել այդ բացթողումները: Ես հիմա ձեզնից եմ ծանոթանում, ընդունում ենք ի գիտություն»:
Կարդացեք նաև
Շուշան Պետրոսյանը Կարեն Անդրեասյանին հրավիրեց իր հետ 1 օր շրջագայության ու ասաց. «Եթե գաք շրջագայության, կիմանաք այն բոլոր խնդիրները, որոնց առնչվում են երգիչները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ