Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտիրոսյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն հարվածած ոստիկաններին

Ապրիլ 10,2013 16:31

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, Մարտիրոսյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել իրեն մարմնական վնասվածք հասցնելու պատճառներն ու հանգամանքները:

Ժամը 19-ի մոտակայքում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների բողոքի երթի ժամանակ Բաղրամյան փողոցով դեպի նախագահի նստավայր ցուցարարների ընթացքը կասեցնող իրավապահների հետ բախումներում Արմեն Մարտիրոսյանը սալջարդեր է ստացել քթի եւ մարմնի այլ հատվածներում:

Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am կայքիԱրմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվում, լուսանկարը` News.am կայքի

Միջադեպը պատկերող տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես է մահակներով, վահաններով եւ սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների խումբը Մարտիրոսյանին շրջապատում, հրում, քաշքշում, բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցնում, այնուհետեւ երկու ոստիկաններ նրան արյունլվա դեմքով տանում, նստեցնում ոստիկանական մեքենան ու բերման ենթարկում ոստիկանության բաժին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում մի քանի ժամ մնալու ընթացքում արձանագրություն է կազմվել եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու հատկանիշներով, ինչի համար նրան կտուգանեն: Սակայն ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը, կատարվածը որակելով սադրանք, ոստիկանության գործողություններում է հանցակազմ տեսնում:

«Մեր «քաջարի» ոստիկանները հերոսաբար մարտնչում էին խաղաղ բողոք անողների դեմ, կրծքով ու վահաններով պաշտպանում էին Բաղրամյան 26-ը», – երեկ գիշերը ոստիկանական բաժնից դուրս գալուց եւ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը. – «Իրենք հրում էին, մենք պաշտպանվում էինք, իրենք հրում էին, մենք պաշտպանվում էինք, փորձում էինք խուսափել հրումից, ու հանկարծ ինչ-որ մի պահի զգացի, որ հետեւից ինչ-որ մեկը` «մորեգույն» բերետավոր հարվածեց դեմքիս, ես պատասխանեցի ստիպված: Հետո մի քանի հոգով թեքեցին իրանս, ինչից հետո ծնկով հարվածը զգացի քթիս»:

«Փաստորեն, պաշտոնական հիմնավորումն այն է, որ Դուք ոստիկանների օրինական պահանջին չեք ենթարկվել» դիտարկմանը, Մարտիրոսյանը հակադարձեց. – «Ես չգիտեմ, թե իրենք ինչ են ասում, ես գիտեմ, թե երկրում ինչ է կատարվում: Ես գիտեմ, թե իրենց գործողություններն ինչպիսին էին: Դրանք ապօրինի գործողություններ էին, հակասահմանադրական, հակաիրավական, որովհետեւ նմանատիպ վարքագծի համար ես որեւէ հիմք չէի տվել, որեւէ մեկին չէի հարվածել, չէի վիրավորել, ես ընդամենը փորձում էի իմ խաղաղ բողոքն իրականացնել, ինչն իրենց կողմից բիրտ ուժի արժանացավ»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը ասաց, որ Մարտիրոսյանին ծեծելու փաստը հիմնավորված է:

«Քիթը կոտրել են ոստիկանները, եւ ոստիկանության խնդիրն է հանցագործության բացահայտումը: Այն, ինչ կատարվել է, հեռու է օրինականությունից, սա սազական չէ մեր երկրին, ուղղակի սազական չէ: Բռնություններով իշխանության գալը որեւէ լավ բանի մասին չի խոսում», – ասաց փաստաբանը:

Ընդհանուր առմամբ երեկվա ակցիաների ընթացքում «Ժառանգություն» կուսակցության հաշվարկներով ոստիկանության բաժիններ են տարվել երկու տասնյակից ավելի ցուցարարներ, այժմ բոլորը ազատ են արձակված:

Իրինա Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930