Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական շարժման և ընդդիմության լիդերի «մահը»

Ապրիլ 10,2013 16:01

«Որպես քաղաքական գործոն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ալեւս չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների` ժողովրդավարական և իրավական սահմաններում լինելու հարցը` այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ այսպիսով փակվեց նախագահական ընտրությունների էջը:

Քաղաքագետը Ր. Հովհաննիսյանի խոսքերի ու գործերի միջև հակասություն է տեսնում ու մանրամասնում. «Րաֆֆին լավ հասկացել էր, որ իր հայտարարություններն իրատեսական չեն և Ազատության հրապարակում նա իրեն նախագահ չհռչակեց: Ու նաև չներկայացրեց ստվերային կառավարության կազմը, այլ ընդամենը խոսեց հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Այս պահին ցանկացած գործողություն պիտի դիտարկել` որպես սպասվող քաղաքապետական ընտրություններին սոցիալական աջակցություն հավաքելու հարց»:

Դառնալով բախումներին` Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց. «Ակնհայտ էր, որ շարժման կազմակերպչական հատկություններն իսպառ բացակայում էին: Մինչև ապրիլի 9-ը հայտարարում էր, որ ինագուրացիայի օրը լինելու է հեղափոխական օր, սակայն տեսանք, որ այն ոչնչով այլ օրերից չտարբերվեց: Արդյունքում հասարակությունը փորձեց ինքնուրույն ինչ-որ բան փոխել, ինքնուրույն որոշում կայացրեց Բաղրամյան պողոտայով գնալ Ծիծեռնակաբերդ: Ու այդ ժամանակ Ր. Հովհաննիսյանը միայն ֆորմալ առումով էր առաջնորդ, նա այլևս առաջնորդ չէր, անգամ Անդրիաս Ղուկասյանը, ով ընդամենը 0.3 տոկոս ձայն էր հավաքել, փորձեց լիդեր դառնալ, և մարդիկ անգամ պատրաստ էին հետևել նրան: Սա հոգեբանորեն կարևոր փոփոխություն մտցրեց մարդկանց մտածողության մեջ, և շուտով կսկսվի նոր լիդերի որոնման գործընթացը: Միևնույն ժամանակ երեկ գրանցված կարևոր փաստերից մեկն էլ բնապահպանական շարժումների մահն էր: Երեկ բնապահպանական շարժումը մեռավ Երևանի փողոցներում: Քաղաքացիական ակտիվությունը, որ փորձում էր ձևավորվել, փաստացի դարձավ քաղաքական ամբիցիաների զոհ»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ վերջին տարիների հետընտրական զարգացումների համար օրինաչափ է համարում այն, ինչ կատարվեց ապրիլի 9-ին: Եվ այդ խնդիրը լուծելու համար առաջարկեց հետևյալ տարբերակը. «Այս խնդրի լուծման քաղաքական ձևակերպումը տրվեց 2004-ին` Ուկրաինայում, 2003-ին` Վրաստանում: Եթե հասարակությունը մտածում է, որ բուն ընտրություններով հնարավոր է իշխանությունը փոխել, ապա դա խաբկանք է: Ընտրությունները պիտի առիթ դառնան, որ ընդդիմադիր ուժերը լայն կոնսոլիդացիայի միջոցով կարողանան ադեկվատ պատասխան տալ իշխանական թևին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությանը կարելի է հաղթել միայն մեծ համախմբվածության առկայության պայմաններում: Բոլոր ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացիայի արդյունքում այնպիսի հզոր մեքենա պիտի ստեղծեն, որ դա համազոր լինի իշխանական մեքենային: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ընտրությունների միջոցով իրավիճակ փոխել: Հակառակ պարագայում առաջանում է այն, ինչ տեսնում ենք: Նոր լիդեր է առաջ գալիս, որի ղեկավարած շարժումը վերջին պահին իշխանությունը ջարդում է: Կյանքը ցույց տվեց, որ Ր. Հովհաննիսյանի թիմը չի կարող հակադրվել պետական մեքենային»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գագիկ Սուխուդյան says:

    իհարկե, շատ օլիգարխ-իշխանականներ կուրախանաին, եթե բնապահպանական երիտասարդական հզոր և արդյունավետ շարժումը` իրոք մահանար, բայց ժամանակից շուտ էք հուղարկավորում, պարոնայք, միարժամանակ բացահայտելով ակնհայտ, թե այս ապատեղեկացնող նյութի ականջները որտեղից են աճում:

  2. Սիլվա Աղաբալյան says:

    Իհարկե շատ -շատերը հիմա ուզում են խելոք երևան իրենց մեկնաբանություններով,քաղաքական վերլուծություններով:Այդքան խելոք եք ցույց տվեք ճահճից դուրս գալու ելքը,եթե ոչ,ուրեմն, լռեք :Ձեր վերլուծությունները մեզ պետք չեն:Մի պահ մտածեք,թե ում առուն եք ջուր լցնում:Ձեր վերլուծությունները մի հրապարակեք թերթերում և այլուր,գնացեք կանգնեք Ռաֆֆիի կողքը,ձեր խելոք մտքերը այնտեղ են պետք:Մի սպանեք ժողովրդի պայքարը:Մի հիասթափեցրեք մարդկանց :Եթե դուք ժողովրդի կողքին չեք և չեք օգնում ձեր խելոք մտքերով,ոչինչ,մի քիչ սխալվելով էլ կարելի է ճիշտ ճանապրհը գտնել,կարևորը,որ ժողովուրդը հիմա հավատում է իր արդարությանը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930