«1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական կանոնավոր զորամիավորումները ներխուժեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը, ենթարկեցին այն հրետանակոծության, թալանի, կողոպուտի: Գործողությունները պլանավորված էին: Սպանվեց 57 մարդ, 53 խաղաղ բնակիչ էլ գերեվարվեց: Բռնարարքները նաեւ մայիսի 10-ին շարունակվեցին, երբ 13 խաղաղ բնակիչ գերեվարվեց»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում, ներկայացնելով Մարաղայի կոտորածը, ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ բռնարարքները որպես ցեղասպանություն են դիտվում. «Գոյություն ունեն տեսագրություններ եւ փաստագրական նյութեր, որոնք արվել են հենց տեղում: Նյութերի հավաքագրմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի փոխխոսնակը, ով ցուցադրել է այդ կադրերը բրիտանական հեռուստաընկերությամբ: Նյութերը փաստում են, որ բռնարարքները մարդկանց հանդեպ կատարվել են ոչ միայն կենդանի, այլեւ մահացած վիճակում, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, ինչպես արձանագրում է Ժնեւյան կոնվենցիան»:
Մինասյանը հավելեց, որ Մարաղայի կոտորածի ժամանակ ադրբեջանցիները կիրառել են միջնադարին հատուկ բարբարոս միջոցներ, օրինակ, կտրել են մարդկանց ձեռքերը եւ ոտքերը:
Պատմաբանը տեղեկացրեց, որ 2002թ.-ին ԼՂՀ գերագույն խորհուրդը խիստ քննադատության ենթարկեց Մարաղայում կատարվածը եւ դիմեց միջազգային կազմակերպություններին` պահանջելով պատասխանատվության կանչել ադրբեջանցի բարբարոսներին, քանի որ կոտորածը Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականության շարունակությունն էր:
Էդիկ Մինասյանի դիտարկմամբ` այսօր էր միջազգային ատյաններում անհրաժեշտություն կա հիշեցնել Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք չի տարվել:
Կարդացեք նաև
Իսկ միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանի խոսքով` ԼՂՀ գերագույն խորհրդի ընդունած բանաձեւն ընդամենը կոչ է. «Միջազգային հանրությունը չի շտապում Մարաղայում կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչել: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ խնդրի շուրջ այս պահի դրությամբ շատ գործ է կատարվել»:
Իրավաբանը հայտնեց, որ 1992թ.-ին Ադրբեջանը դեռեւս չէր վավերացրել միջազգային մի շարք կոնվենցիաներ, մասնավորապես՝ Ժնեւի կոնվենցիան, հետեւաբար` Հայաստանը չի կարող պատասխանատվության կանչել նրան. «Սակայն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կարող է բանաձեւ ընդունել` պահանջելով ընդունել կատարվածը որպես ցեղասպանություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ