Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոն-X»-ն այս տարի ներգրավելու է սոցիալական խնդիրներ ունեցող հանդիսատեսին (Տեսանյութ)

Ապրիլ 10,2013 15:53

Մեկնարկում է «ԹատրոնX» 6-րդ հանրապետական փառատոնը

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը ապրիլի 10-ից մայիսի  2-ը անցկացնում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը, որին մասնակցում են հայաստանյան 17 թատրոններ եւ թատերախմբեր: Ինչպես այսօր Մշակույթի նախարարությունում լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, փառատոնի բյուջեն վերանայվել է, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել նաեւ մարզային փուլը: «Այս անգամ անցկացվում է երիտասարդ բեմադրիչների աջակցության ծրագիր, որն արդյունավետ մեխանիզմ է: Բացի այդ, որոշել ենք ընդգծել փառատոնի սոցիալական նշանակությունը` ներգրավելով այն մարդկանց, ովքեր սոցիալական տարբեր խնդիրների պատճառով չեն կարողանում ներկա գտնվել ներկայացումներին»,-ասաց Արա Խզմալյանը:

Նա նաեւ փաստեց, որ ուրախալի հանգամանք է տեղական ինքնակառավարման մարմինների ցուցաբերած հետաքրքրությունը  փառատոնի հանդեպ:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ ավանդական դարձած փառատոնը թատերական ոլորտի կարեւոր միջոցառումներից է, որի գաղափարախոսության  հիմքում ընկած է թատերական ոլորտի խնդիրների վերհանումը. «Այն իրենից ներկայացնում է բանավեճի փառատոն, որը միտված է տարվա ընթացքում պետական եւ մասնավոր  թատրոնների գործունեությունը ուսումնասիրել, այլեւ քննարկել դրանց հետ կապված գեղարվեստական խնդիրները, առաջարկություններ ներկայացնել, որպեսզի տվյալ թատրոնը կամ կոլեկտիվը ավելի լավ ներկայացումներ բեմադրի»:

Փոխնախարարը հայտնեց, որ քիչ է կարեւորվում ներկայացումների մասնագիտական որակը. «Իհարկե դա ցանկալի է` արձանագրելու համար, թե տարվա ընթացքում թատերական դաշտում ինչ դրական զարգացումներ ենք ունեցել,  բայց առավել կարևոր է  հասկանալ,  թե ոլորտն ինչ ուղղությամբ է գնում, եւ ինչ խնդիրներ են ի հայտ գալիս»:

Պարոն Պողոսյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր ներկայացումից  հետո մասնագիտական լուրջ քննարկումներ կկազմակերպվեն` խնդիրները ներկայացնելու համար:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամներից Լևոն Մութաֆյանը արձանագրեց, որ հատկապես մարզերում նկատվում է հանդիսատեսի հոսքը դեպի թատրոն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930