«Եվ ժողովուրդը հուսախաբվեց, և մենք հուսախաբվեցինք, և ժողովուրդն էր ցանկանում, և մենք էինք ցանկանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկվա իրադարձություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ի՞նչ էր ցանկանում իշխանությունը, Գալուստ Սահակյանը նշեց, որ ցանկանում էին տեսնել կազմակերպված ընդդիմություն, ինչն առաջին փորձը կլիներ Հայաստանի Հանրապետությունում: Մյուս հարցին, թե երեկ ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չարեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ինքը պիտի քաղաքական դաշտի հետ հաշվի նստեր, գոնե ընդդիմադիր դաշտի հետ: Պիտի ձևավորված ընդդիմություն ունենար Հայաստանի Հանրապետությունը, որը իր մահակի դերակատարումը պիտի միշտ առաջ տաներ»:
Սահակյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր քայլեր պետք է աներ, հարցեր, ծրագրեր պետք է ներկայացներ, պետք է կարողանար իր պահանջները ներկայանալի դարձնել և հասարակությանը, և իշխանություններին. «Ես Րաֆֆիին արդեն առաջնորդ չեմ համարում և նրա գործողությունները արդեն որևէ կանխամտածվածություն չունեն: Ինչ պատահի, էդպես էլ անում է կամ իրագործում է: Ընդդիմությունն իր դերը պիտի կատարեր, ինքը պիտի ձևավորեր կազմակերպված ընդդիմություն, որն անհրաժեշտ է մեր պետությանը: Բայց արդյունքում մենք ցաք ու ցրիվ, ծվեններով ընդդիմություն կունենանք, որը, կարծում եմ, վնաս է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ