«Ես երեկ եղել եմ բոլոր այն իրադարձությունների վայրում, որոնք տեղի
են ունեցել`Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում եւ կարող եմ ասել, որ որեւէ անկառավարելի ամբոխ ես չեմ տեսել, տեսել եմ ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Ցավոք, ՀՀ -ում ամբոխի են վերածվել գործող իշխանությունները եւ նրանք անկառավարելի են, որովհետեւ չեն կառավարվում ՀՀ օրենքներով եւ Սահմանադրութամբ»,- խորհրդարանում լրագրողներից մեկի դիտարկմանը, որ կարծիք կա, թե երեկ Ազատության հրապարակում անկառավարելի ամբոխ էր հավաքվել, ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած հետընտրական շարժման ակտիվիստներից է: Նա գտնում է, որ ժողովուրդը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ «անկառավարելի զանգվածին» կառավարելի դարձնի, այդ թվում նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում:
Հարցին`ժողովուրդը կարո՞ղ է ադեկվատ որոշումներ կայացնել, երբ կանգնած է ոստիկանների հետ ու լիդերներ էլ չկան, Փաշինյանն, ըստ էության չպատասխանեց`կրկնելով, որ ինքն իրադարձությունների կենտրոնում է միշտ եղել եւ որեւէ անկառավարելի բան չի տեսել:
Փաշինյանը հստակ պատասխան չտվեց նաեւ Aravot.am-ի հարցին`մասնակցելո՞ւ է հաջորդ հանրահավաքին, թե`ոչ: «Եթե հանրահավաքը նվիրված է Հայաստանում ապօրինի իշխանությունը տապալելուն ու օրինական իշխանություն ձեւավորելուն, սովորաբար մասնակցում եմ»:
Փաշինյանն ասաց, որ ապրիլի հինգի իր ելույթում հստակ արձանագրել է ապրիլի իննին Ազատության հրապարակում իր ներկայության իմաստը, որը եղել է հետեւյալը. «Ինձ համար ՀՀ նախագահ`Սերժ Սարգսյան անունով, չի եղել, չկա եւ չի լինելու: Եվ ես ուրախ եմ, որ ապրիլի իննին մենք ունեցել ենք լեփ լեցուն Ազատության հրապարակ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում գոյություն չունի լեգիտիմ իշխանություն եվ ՀՀ քաղաքացիներն ունեն բավարար կամք`իրենց սահմանադրական իրավունքները վերականգնելու համար»: Այդ մինիմում խնդիրն իր համար Փաշինյանը լուծված է համարում, արձանագրելով, որ ցավոք, մաքսիմում խնդիրներ լուծել հնարավոր չի եղել:
Փաշինյանը գտնում է, որ ապրիլի իննից հետո ՀՀ-ում որեւէ բան չի փոխվել եւ ապօրինի իշխանությունը, ինչպես նախկինում էր, այնպես էլ այսօր շարունակում է պաշտոնավարել: Բայց մի դրական բան նա տենում է. «ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենք լուսավոր ազատության քաղաքացիներ են եւ քաղաքական գործընթացների լիդերը ոչ թե առանձին վերցրած քաղաքական գործիչներն են, քաղաքացիներն են: Երեկ, Ազատության հրապարակում մենք բացառիկ իրադարձություն տեսանք: Նախկինում այդպիսի իրադարձություն չի եղել, որ Ազատության հրապարակում հավաքված մարդիկ, ինչ-որ առումով իրենց կամքը պարտադրեցին հարթակին: Ինչքանո՞վ էր հարթակը պատրաստված նման իրադարձությունների, ուրիշ թեմա է»:
Կարդացեք նաև
Երեկվա կարեւոր իրադարձություններից մեկն էլ Փաշինյանը համարում է այն, որ «ապօրինի իշխանության» երդմնակալության արարողությունը զուգորդվել է լեփ-լեցուն Ազատության հրապարակով:
Aravot.am-ի դիտարկմանը`Ազատության հրապարակում հավաքվածների մի մասը պահանջում է գնալ Բաղրամյան եւ գլուխներ կոտրել. Հարթակը պե՞տք է ընդառաջ գնա այդ ցանկություններին, Փաշինյանը հակադարձեց. «Ես որեւէ տեղ չեմ լսել «գլուխներ կոտրելու» մասին կոչեր: «Գլուխներ կոտրելու» մասնագետներն այսօր ՀՀ-ում իշխանության են եւ այդ իշխանությունն այլեւս Հայաստանում չպիտի լինի իշխանություն, որպեսզի ՀՀ-ում «գլուխ կոտրելու» թեման այլեւս չլինի արդիական»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ապրիլի 9-ին իշխանավորները ՊԱՐԶ կերպով ցույց տվեցին, թե (քաղաքապես) ինչ ԱՆԽԵԼՔ են ու կարճատես: Այսպիսի ԱՆԽԵԼՔ ու ժողովրդից կտրված/վախեցող իշխանություն երկար կյանք չի կարող ունենալ: Րաֆֆու և Ա.Մարտիրոսյանի վրա ֆիզիկապես հարձակվելով այս 2-ին դարձրին ՍԻՆՎՈԼ,որը շարժումը ավելի է ուժեղացնելու: Բավականին հնարավոր է նաև, որ մի որոշ մասը անցնի ընդհատակյա զինյալ պայքարի.այսինքն` քաղաքացիական պատերազմ (գերիլյա պատերազմ-guerilla war)- օլիգարխային կլանի և իրենց ախրանիկ «ոստիկանության» դեմ: Րաֆֆին ապրիլի 9-ին ոչ մի էական սխալ չարեց.ալտերնատիվը անմեղ զոհեր կլինեին: 14 շարք սպեցնազի դեմ անզեն մարդկանց հանելը սխալ քայլ է: Ապրիլի 9-ին հաղթեց ժողովուրդը,որովհետև ՈՏՔԻ ՎՐԱ էր. մնացածը ծախու «վերլուծաբանների» օրվա հացի գինն է: