Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կհարցաքննվի սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության թալանում խոշոր դերակատարում ունեցած Ղևոնդ Ղալումյանը, ում անունը խառն է նաև Մաշտողի 33ա հասցեում բնակարան գնած, սակայն հետագայում խաբված Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի պատմության մեջ:
Թե ինչ դերակատարում է ունեցել ոստիկանության պաշտոնաթող գնդապետ և 6-րդ վարչության նախկին աշխատակից Ղևոնդ Ղալումյանը սփյուռքահայ գործարարի ներդրումների թալանում, ամերիկահայ գործարարը բազմիցս է հայտարարել: Սակայն եթե այդ հայտարարություններում մատնանշված անձանցից շինարար Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ իրավապահ մարմինները վերջերս սկսեցին որոշ քայլեր ձեռնարկել, ապա Ղևոնդ Ղալումանի առումով նույնն առայժմ հնարավոր չէ ասել: Իսկ սա չնայած այն հանգամանքին, որ Ղևոնդ Ղալումյանը Վլադիսլավ Մանգասարյանից ոչ պակաս թալանել է ընկերության հաշիվները և սրա մասին փաստող մի շարք տվյալներ կան:
Ղևոնդ Ղալումյանին սփյուռքահայ գործարար էդմոնդ Խուդյանը ծանոթացել է Վլադիսլավ Մանգասարյանի միջոցով, այլ կերպ ասած` հենց Վլադ Մանգասարյանն է ներգրավել Ղալումյանին այս գործում և միայն հետագայում է պարզվել, որ Վլադ Մանգասարյանը խոշոր պարտքուպահանջի հարցեր է ունեցել Ղալումյանի հետ, իսկ դրանք չգիտես ինչու որոշել է մարել սփյուռքահայ գործարարի միջոցներից:
2005 թ. նոյեմբերին է Հայաստանում հիմնադրվել «Արին կապիտալ» ՍՊԸ-ն, որը 2007 թ. դեկտեմբերից նախաձեռնել Երևանի Մաշտոցի պողոտայի 33ա և 33/1 հասցեներում Էդմոնդ Խուդյանի ձեռք բերած 1.923,6 քմ մակերեսով հողամասի վրա կառուցված 10,5 հարկանի բազմահարկ շենքի կառուցապատմանհետագա աշխատանքները: Էդմոնդ Խուդյանի հիմնական գործընկերն է դարձել մի քանի շինարարական կազմակերպությունների փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը: Ընկերության տնօրեն է նշանակվել Էդուարդ Եսայանը:
Կարդացեք նաև
«Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, «Արին կապիտալ» ՍՊԸ-ում ունեցած իմ 100% բաժնեմասերի 21.3%-ը Վ. Մանգասարյանի ցուցումով փոխանցել եմ Հայկազ Սարգսյանին, իսկ 17.6%-ը` Ղևոնդ Ղալումյանին, որոնցից Վ. Մանգասարյանը, որպես շինարարական կազմակերպությունների ղեկավար,հանձն էր առել շինարարությունն ավարտին հասցնելը, իսկ Ղևոնդ Ղալումյանը` հարկային և պետական այլ մարմինների հանդեպ պարտավորությունների պատշաճ կատարումը և Ընկերության բնականոն գործունեության ապահովումը»,- ասում է ամերիկահայ գործարար էդմոնդ Խուդյանը:
Ղևոնդ Ղալումյանը Երևանի կաբելի գործարանի հիմնական բաժնետերն է, բաժնետոմսերի 80%-ը պատկանում է նրան, ունի նաև շինարարական կազմակերպություններ:
Ըստ որոշ տեղեկությունների` պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանը ժամանակին խնդիրներ է ունեցել այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ, ինչի արդյունքում լքել է Հայաստանը: Երբ Վանո Սիրադեղյանը լքել է Հայաստանը, երեք տարի անց Հայաստան վերադարձել է Ղևոնդ Ղալումյանըև Վլադ Մանգասարյանից պահանջել իր մասնաբաժինը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, կազմել է 1 մլն դոլար, իսկ Մանգասարյանը փող չուներ (Մանգասարյանն ու Ղալումյանը Տերյանի վրա դեռ 2004 թվականին շենքի կառուցում են նախաձեռնել, որտեղից էլ գոյացել է Մանգասարյանի պարտքը Ղալումյանի նկատմամբ):
«Իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Վլադիսլավ Մանգասարյանը միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր ուներ, և պարտատերերից մեկը Ղևոնդ Ղալումյանն էր, և նրանք ծրագրել են ինձ կողոպտել, իսկ Է. Եսայանը, չարաշահելով իմ վստահությունը, համագործակցել է նրանց »,- պատմում է ամերիկահայ գործարարը:
2009 թ. աշնանը Վլադիսլավ Մանգասարյանը և Ղևոնդ Ղալումյանը սկսել են ակնարկել Խուդյանին, թե իբր «տնտեսական ճգնաժամով պայմանավորված», Ընկերության բնականոն գործունեությունը վտանգված է, և Ընկերությունը, հնարավոր է, սնանկության գնա, այն դեպքում, երբ որևէ հիմնավոր հաշվարկ չունեինձեռքի տակ, իսկ շենքի հազարավոր քմ տարածքներ դեռևս չէին օտարվել: «2010 թ. սկզբին ժամանել եմ Հայաստան, սակայն որևէ հիմնավորում ինձ չի ներկայացվել առ այն, որ Ընկերությունը կարող է վնասով գործել: Այնուամենայնիվ, ընթացիկ խնդիրների հետ կապված՝ հանձն եմ առել լրացուցիչ միջոցներ և նորգնորդների ներգրավել: Նոր պայմանավորվածություններից հետո մեկնել եմ ԱՄՆ»,- պատմում է գործարարը: Վերջինս իր խոստումները կատարում է, սակայն Ընկերությունը «վնասով» գործելու վերաբերյալ խոսակցությունները շարունակվում են: 2010 թ. ամռանը կրկին ժամանում է Հայաստան և պարզում, որ իրերկու <<գործընկերները>>` Ղևոնդ Ղալումյանը և Վլադ Մանգասարյանը, տնօրենի հետ միասին, Ընկերությունում թալանով են զբաղված, իսկ Ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը նրանց ազդեցության տակ է և կամակատարությամբ է զբաղվում: <<Ընկերությունում ձևավորված վերը նշված «եռյակը» գաղտնիշարունակում էր Ընկերությունը կողոպտել` գաղտնի տարածքներ յուրացնել` իրենց հարազատ անձանց անվամբ գործարքներ իրականացնելով, որոնցից ակնկալվող գումարները չեն մուտքագրվել Ընկերություն, անգամ այդ գործարքներից ծագած հարկային պարտավորությունները չեն կատարվել, և Ընկերությանվարկի գումարը չի մարվել: Փոխարենը «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր հանդիսացող Վ. Մանգասարյանը Ընկերությանը փոխառություններով և այլ պարտավորություններով է ծանրաբեռնել, որի արդյունքում Ընկերությունն, անշուշտ, «կանխամտածված սնանկության» պետք է գնար, իսկ ես և Ընկերությանը գումարներ տրամադրած մի շարք ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներ (սփյուռքահայ) Հայաստանում խաբվածի և նյութապես տուժածի դերում կլինենք»,- պատմում է սփյուռքահայ գործարարը:
Այս պատմության մանրամասները հայտնի են ինչպես ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությանը, այնպես էլ ՀՀ Գլխավոր դատախազությանը, իսկ այժմ արդեն դրանց ուսումնասիրությունը պետք է շարունակի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Եթե ՊԵԿ քննչականը կարողացավ ի վերջո իրավական պատասխանատվության դաշտ բերել Վլադիսլավ Մանգասարյանին, ապա Ղալումյանը ըստ երևույթին առայժմ զերծ է մնացել պատասխանատվությունից: Տեսնենք, թե Հատուկ քննչական ծառայությունը ինչ քայլեր կձեռնարկի Ղալումյանի առումով և հետաքրքիր է, թե ինչպես է Ղալումյանը թաքցնելուընկերությունից փող աշխատելու իր հայտնի տարբերակը` կեղծ փոխառությունների դիմաց ընկերությունից գումարներ վերցնելը: Մասնավորապես այն հանգամանքը, որ ընկերությանը չտված/կեղծ/ փոխառության իրական գումարների վերադարձի ձևով 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելունպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը` 1 մլն դոլարին համարժեք 333 մլն 275 հազար 870 ՀՀ դրամը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:
Նշենք, որ ըստ 2010 թ. հոկտեմբերին ընկերությունում իրականացված աուդիտին Ղևոնդ Ղալումյանի ներկայացրած թվերի` Ղևոնդ Ղալումյանը ընկերությունից ստացել 1 մլն 445 հազար 585 դոլար:
Ինչ վերաբերում է կոնկրետ տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործին` Ղևոնդ Ղալումյանը որոշ բարեկամական կապեր է ունեցել այս տուժողների հետ, ինչը, ըստ տուժողների, իրենց վստահություն է ներշնչել Ղալումյանի հանդեպ, իսկ հետո պարզվել է, որ ապարդյուն: Ղալումյանը վաղվա դատական նիստում պետք է հարցաքննվի հենց Լուսինե Գյուլխասյանի փաստաբան Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ: Ի դեպ` այս տուժած քաղաքացու քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ