Երիտասարդ գրող Անուշ Քոչարյանը՝ գրականության եւ իր մասին
Վերջերս կայացավ երիտասարդ գրող Անուշ Քոչարյանի 2012-ին գրված «ՖԱՈՒՍՏուտոպիա» պիեսի հանրային ընթերցումը: Պիեսը թարգմանվել էր անգլերեն, ներկայացվել BBC-ի ռադիոպիեսների համաշխարհային մրցույթին: Պիեսի երաժշտական ձեւավորման համար Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ալեքսանդր Իրադյանը գրել է հատուկ երաժշտություն:
«ՖԱՈՒՍՏուտոպիայի» գլխավոր հերոսը Ֆաուստն է, ապա՝ տիկին Մ.-ն եւ նրա սիրեկանները: Իրականությունն այստեղ միաձուլված է երեւակայությանը: Անուշ Քոչարյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ պիեսը ծնվել է այնպիսի մի շրջանում, երբ ԱՄՆ-ից վերադառնալով զգացել է միջավայրի վակուումը, ու այդպես զգացածը դուրս է հորդել:
Հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն ունի պիեսի հանրային ընթերցումից եւ ինչ եզրակացություններ է արել: Անուշն ասում է, որ պիեսը, մինչ այդ, մշակույթի ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների համար բազմիցս ընթերցվել էր ու այն ինքն անգիր գիտի. «Շատ անգամ է կարդացվել շատ մարդու մոտ, տանը… Ես մի ավանդական ճաշատեսակ ունեի, «Այլազան» էր կոչվում, ով գալիս էր՝ գրող, ռեժիսոր, նկարիչ ընկերներիցս՝ Սամվել Սաղաթելյանը, Սեւը, մյուսները, նույնիսկ նրանք, ովքեր հարազատ են, բայց նույն գաղափարները չեն կիսում ինձ հետ, ե՛ւ ճաշատեսակս էին համտեսում, ե՛ւ պիեսս քննարկում: Ինչ վերաբերում է հանրային ընթերցմանը, այն հետաքրքիր էր նրանով, որ իրար հակառակ ռեժիսորական դպրոցների, բնավորության, տարիքային խմբերի մարդիկ էին մասնակցում՝ Արմեն Մազմանյան, Սուրեն Շահվերդյան, Զավեն Բոյաջյան, Արման Երիցյան, Հարություն Զուլումյան… Ամենատպավորիչն ու կիրառականն ինձ համար հատկապես Զավեն Բոյաջյանի խորհուրդներն էին: Ի դեպ, Հարություն Զուլումյանը որոշեց ռուսերեն թարգմանել պիեսը, իսկ երիտասարդ ռեժիսոր Արտուրո Սայանը բեմադրելու առաջարկ արեց, Արմեն Մազմանյանը տեխնիկապես է աջակցելու, պիեսը կքննարկենք նաեւ Սուրեն Շահվերդյանի հետ: Մի խոսքով, հետաքրքիր թիմ է ձեւավորվում, բայց արի ու տես, որ պիեսի հանրայնացումից հետո ինձ մոտ կրկին վակուում ստեղծվեց, չէ՞ որ մեկ տարի այդ պիեսով էի ապրում, նույնիսկ ընկերներիցս մեկը ամեն զանգելիս կատակով ինձ տիկին Մ. էր դիմում»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նշեց, որ իր մոտ ներկայումս արտաքուստ խաղաղ շրջան է, ու անցել է չափածոյի. «Սկսեցի մեծ թափով չափածո գրել, զգացի, որ անտեր եմ թողել այդ կողմը ու դրանից ազատվել է պետք: Պոեզիան սիրում եմ, մեկ-մեկ կատակով ասում եմ, թե պոեզիան իմ ներսի լոգասենյակն է, որ երբ տրամադրությունդ բարձր է լինում, քեզանով ես զբաղվում: Չեմ ընդունում այն գիծը, որ ակադեմիական, մտածելային բանն է դառնում պոեզիա, չնայած հրաշալի գործեր կան եւ ժամանակակիցների, եւ դասականների մոտ: Իմ կարծիքով, ինչ զգում ես, պիտի ուղղակի պոռթկա՝ առանց կոնցեպտուալ մշակումների: Օրինակ, ես չեմ կարող գնալ դրսում նստել ու մտածել, եթե այս քամին մի քիչ էլ ուժեղ լիներ, ի՞նչ կաներ….»:
Ինչ վերաբերում է արձակին, երիտասարդ գրողը նշում է, որ արձակի հանդեպ ավելի մեծ պատասխանատվություն է զգում. «Չեմ կարող հենց այնպես արձակը տալ եւ ասել՝ տեսեք ինչ է»:
Ի՞նչ կարծիքի է կանացի եւ «տղամարդկային» պոեզիայի տարբերակման մասին: «Երբ Թիֆլիսում էի ապրում, մի անգամ գրեցի մի պոեմ, որի առաջին տողն էսպես էր՝ պոեզիան ծնվում է ոտքերի արանքից: Տղամարդ ընկերներիցս մեկը հումորով ասաց՝ ինչո՞ւ սեռային տարբերություն չես դրել: Մտածեցի, լա՛վ, եթե կարծում եք, որ ձեր ոտքերի արանքից ոչինչ չի կարող ծնվել, ես նախադասությանս սկզբում «կնոջ» բառը կավելացնեմ: Ու մինչեւ հիմա այս արտահայտությունը վեճերի առիթ է տալիս՝ թե ինչո՞ւ պետք է պոեզիան ծնվի կնոջ ոտքերի արանքից, երբ պետք է դրան ավելի ընդհանրական նայել»,- ժպտում է Անուշը: Երիտասարդ գրողի համոզմամբ, կինը արտահայտման շատ դրսեւորումներ ունի՝ երեխա, հոգատարություն…, բայց եթե այդ ամեն ինչին զուգահեռ էլ ստեղծագործում է, ուրեմն՝ կեցցե կինը. «Իսկ ընդհանրապես, պոեզիան, գիրը, տեքստն անսեռ երեւույթ են»:
Անուշ Քաչարյանն ամենաշատը վախենում եւ նյարդայնանում է ձանձրույթից. «Չեմ ձանձրանում առօրյայից, ձանձրանում եմ նրանից, ինչի հետ մենակ եմ մնում ու էդ դեպքում հաստատ պատեպատ եմ խփվում: Երբեմն շատերի պես մտածում եմ, որ կարող էի ինքնասպանության դրդվել, որովհետեւ ոչ պոտենցիալ ունեմ, ոչ ուրիշ բան, մյուս կողմից էլ՝ մեկ էլ զգում ես, որ ինքնասպան եղած-պրծած ես, որը ֆիզիկականի հետ կապ չունի: Ու այսպես մանր ինքնասպանությունների ու դրանց վավերագրումների արդյունքում քեզ ավելի ուժեղ ես զգում՝ մտածում ինչերի՜ միջով անցա»: Երիտասարդ գրողը, սակայն, ամեն «չարի» մեջ էլ «ծաղիկ» է տեսնում. «Մի անգամ ծանր վիճակում էի, պատուհանից դուրս նայեցի՝ նարինջները բեռնած մի մարդ էր անցնում, երեւի տեղափոխում էր շուկա: Մեկ էլ՝ ամեն ինչ շուռ եկավ: Բոդլերի վատ ապակեգործի օրն էի ընկել, մի կողմից վատ տրամադրության մեջ էի՝ նարինջները շրջվել էին փոշոտ փողոցում, ու խեղճ մարդը պետք է հավաքեր: Մյուս կողմից էլ՝ այնքան զվարճացա, որ դուրս եկա այդ վիճակից, քանի որ բոդլերյան չարության եւ այլնի մեջ «ծաղիկը» տեսա»:
Անուշ Քոչարյանն ասում է, որ ամեն ինչի մեջ ծես է տեսնում եւ հաճախ ոգեւորություն է ապրում՝ անգամ իր իսկ հորինած ծեսը քայքայելու գործընթացից. «Օրինակ, այսօր հնարավոր է որեւէ ծես քայքայեմ, ի վերջո դա հաճելի է: Թե չէ, երբ մենակ եմ մնում, ամեն ինչ ծեսի եմ վերածում՝ սկսած ջուրը կումերով խմելուց, վերջացրած մնացածով»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ